Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը:
Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցի երգչախումբի, Բերդ քաղաքի «Հույսի կամուրջ» վերականգնողական կենտրոնի և այլ հաստատությունների սաների հետ համատեղ ելույթներ էին ունեցել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի, Գյումրու Գ. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև անվանի երաժիշտներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյաննները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը և այլն: Փառատոնի փակման արարողությանը մասնակցել են նաև տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչ երեխաներ:Փառատոնի կազմակերպիչները բոլոր մասնակիցներին հանձնեցին շնորհակալագրեր:
Ինչպես նշել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնի ներկայացուցիչ, «ՍՈՐՍ» հիմնադրամի երաժշտաթերապևտ Նաիրա Սարգսյանը, փառատոնը մեկնարկել է սեպտեմբերին:
«Փառատոնի շրջանակում բարեգործական սկզբունքով համագործակցել ենք տարբեր երաժշտական խմբերի, երգիչների հետ: Մեր երեխաները նրանց հետ փորձերի են մասնակցել, որպեսզի այսօր ելույթ ունենան սիրելի երաժիշտների հետ: Երեխաները շատ են ոգևորվել, մոտիվացվել, պարզապես ապրում էին այս համերգով»,-պատմեց նա:
Համերգին մասնակցեցին երեխաներ «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնից, «ՍՈՐՍ» հիմնադրամից, «Հույսի կամուրջ», «Մայրիկ», Խարբերդի մասնագիտացված մանկատնից և այլ հաստատություններից:
«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև` ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Այն կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը: