Թատերարվեստի հնագույն ժողովրդական տիպը պարերգական դրաման է, որի հետքերը պարզ նկատելի են առաջավորասիական, բալկանյան և ապենինյան ժողովուրդների բանահյուսության մեջ: Մշակութային առնչությունների այս միջավայրում է կազմավորվել նաև հայ ժողորդական և խորհրդապաշտական դրաման իր պարերգային եղանակով:
Թատերական այս հին համակարգը չի պահպանվել, բայց թողել է իր լեզվական հետքերը: Վերջինիս վառ ապացույցը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ է՝ ազգերի և տեղանունների առաջացման մասին Ոլիմպիադորաս փիլիսոփայի հաղորդած անգիր զրույցների և իր իսկ լսած երգային-վիպական ավանդությունների առիթով: Բանագետները բանահյուսական այս ֆենոմենը պատկերացրել են թատրոնի կամ դրամատիկական խաղի տեսքով:
Հայ հին դրաման մեզ չի հասել. նրա նախնական թեմաներից մեկը հիշատակված է Գրիգոր Խլաթեցու խմբագրած «Յայսմաւուրք» ժողովածուներից մեկում: Դա հայրիշխանության դեմ ըմբոստացած խենթ արքայազնի՝ Շիդարի առասպելն է, որի սյուժետային շրջանակում հետագայում տեղավորվել է Արտավազդի ավանդությունը: Սա ներկայացվել է ամեն տարի Նավասարդի տոնին Նպատ լեռան ստորոտում գտնվող Բագավանի տաճարի առջև՝ «առասպել դիմօք և թէատրոնօք»: Գ. Լուսավորիչը 301-ին արգելել է այս « առասպել տոնը» և դրա փոխարեն սահմանել է Ս. Կարապետի տոնը: Շիդարի առասպելը հին ավանդություններից մեկն է, որի առիթով օգտագործվել է հունարենից փոխառված թէատրոն բառը:
Ուշ հելլենիզի դարաշրջանում (մ.թ.ա. 1-ին դար), երբ հույն դասական թատրոնից հիշատակներ էին մնացել, իսկ հանրապետական Հռոմում մայրամուտ էր ապրում քաղաքական ողբերգությունը, փոքրասիացի հույն թափառական դերասանական խմբերի հետ Հայաստան է մուտք գործում անտիկ թատերական ավանդույթը: Ըստ Պլուտարքոսի, Տիգրան Բ-ն թատրոն է կառուցել (69) մայրաքաղաք Տիգրանակերտում և փոքրասիական քաղաքներից գերեվարել է բազմաթիվ հույն դերասաններ իր թատրոնի համար: Նույն թվականին Տիգրանակերտը գրաված հռոմեացի զորավար Լուկուլլոսը ներկայացումներ է կազմակերպել այդ շենքում: Սակայն Տիգրանակերտի թատրոնը չի պահպանվել: Ենթադրվում է, որ Տիգրանի թագավորության հետագա տարիներին այդ թատրոնը գործել է: Դրա հիմքը Պլուտարքոսի ակնարկն է Տիգրանի որդու՝ հույն դպրությամբ դաստիարակված և իրեն հելլենասեր համարող Արտավազդ Բ-ի «ողբերգական քերթվածքների, ճառերի ու պատմությունների» հեղինակ լինելու մասին: Արտավազդի գրվածքները ծանոթ են եղել Պլուտարքոսին , այն է՝ հիսուն տարուց ավելի ընթերցանության նյութ են եղել հելլենիզմի դարաշրջանի գրական միջավայրում: Տիգրան Բ-ի ստեղծած թատերական ավանդույթը Արտավազդը շարունակել է Արտաշատում:
Պլուտարքոսը պատմում է մի դրվագ 53-ին արքունիքում տեղի ունեցած Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացումից, որը կազմակերպվել էր հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի լեգեոների դեմ հայ-պարթևական զորքի տարած հաղթանակի առթիվ: Պարթև զինվորները Արտաշատ են բերում սպանված Կրասոսի գլուխը այն պահին, երբ պալատական խնջույքի սրահում հույն դերասանները ներկայացնում էին Ագավեի հատվածը, և առաջին դերասան Յասոն Տրալլիանոսը սրահի կենտրոնում, ձեռքին Պենթևսի գլուխը խորհրդանշող բաղեղը, արտասանում էր Ագավեի մենախոսությունը: Պլուտարքոսը գրում է, որ սա միակ ներկայացումը չի եղել Արտավազդի պալատում «խաղացվել են բազմաթիվ հունական պիեսներ»: Գրական այս փաստը վկայում է, որ ուշ հելլենիզմի դարաշրջանում հույն դասական թատրոնի վերջին բռնկումները տեղի էին ունենում Առաջավոր Ասիայում, և Հայաստանը այդ հնավանդ մշակույթի վերջին ապաստաններից էր: