Նոր հայերենը կամ աշխարհաբարը սկսել է ձևավորվել XVII դարում, լեզվական և սոցիալ – քաղաքական բարդ իրավիճակում։ Թեև լեզուն շարունակել է զարգանալ երկրի մասնատվածության և բարբառային խիստ տարբերակվածության պայմաններում, սակայն, հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքի կենտրոնացման, միջնադարյան մեկուսացման հաղթահարման, առևտրային կապիտալի ծաղկման, հայկական գաղթավայրերում տարբեր տեղերից եկած բնակչության կենտրոնացման շնորհիվ ի հայտ են եկել նաև միասնականացնող միտումներ, և բանավոր հաղորդակցման ոլորտում բարբառների կողքին սկսել է զարգանալ միջբարբառային ընդհանուր խոսակցական ստանդարտը, այսպես կոչված՝ քաղաքացիական հայերենը, որը շուտով ձեռք է բերել նաև գրավոր-գրական լեզվի գործառույթ։
Աշխարհաբարի կառուցվածքը
Կառուցվածքային տեսակետից աշխարհաբար հայերենը մի կողմից միջինհայերենյան համակարգի (հատկապես՝ արևմտահայերենի, որի բարբառային հիմքը բավական մոտ է միջին հայերենին) հետագա զարգացումն է, մյուս կողմից, ի հակադրություն ժամանակակից բարբառների, գրաբարյան ձևերի վերակենդանացումն ու նպատակադրված կիրառությունն է։
Այդ նկատելի է հատկապես հնչյունաբանության (երկբարբառակերպների լիաձայնություն, անշեշտ դիրքում բարբառների սղված ձայնավորների վերականգնում, քմայնացած ձայնավորների բացակայություն, վերջնավանկային շեշտ), բառապաշարի (միջնադարյան և նոր պարսկական ու թյուրքական փոխառությունների արտամղում, գիտական տերմինաբանության վերականգնում և նրա օրինակով նոր տերմինների ստեղծում, գրաբարյան բանաստեղծական բառաշերտի, մասամբ դարձվածաբանության օգտագործում) և բառակազմության մեջ (հին հայերենի բառակազմական կաղապարների, հատկապես նախածանցման մեջ հունաբան դպրոցի ստեղծած ավանդույթների օգտագործում)։
Ձևաբանության մեջ, ընդհակառակը, զարգացումն ընթանում է անվանական և դերանվանական հոլովման, բայերի խոնարհման մեջ գրաբարյան ձևերի արտամղման, կցական և վերլուծական կառույցների հետագա տարածման ուղղությամբ։
Միջին հայերենի համեմատությամբ աշխարհաբար հայերենը ձգտում է քերականական ձևերի միօրինականացման, բազմաձևության վերացման, անկանոն և զարտուղի ձևերի նվազեցման։
Աշխարհաբարի զարգացման ընթացքը
Աշխարհաբար կամ նոր հայերենի զարգացման պատմությունը բաժանվում է երեք ենթաշրջանի․ վաղ աշխարհաբարի (XVII դ․— XIX դ․ կեսերը), երկճյուղ աշխարհաբարի (XIX դ․ կեսերից մինչև 1918 թ․) և ժամանակակից հայերենի (1918-ից մինչև մեր օրերը)։
Վաղ աշխարհաբարի ենթաշրջանում նոր ձևավորվող աշխարհաբարը գրական լեզվի աստիճանի է բարձրացել իր գործառությունը շարունակող գրաբարի կողքին։ Այդ պատճառով գրական աշխարհաբարը, հենված լինելով բարբառային խոսակցական հիմքի վրա, զերծ չէր նաև գրաբարյան տարրերից։ Պահպանվել են վաղ աշխարհաբարով գրված ձեռագիր և տպագիր հուշարձաններ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, օրագրություններ, կրոնական, գեղարվեստական երկեր (հատկապես քնարերգություն)։
Նոր գրական հայերենն ընդգրկել է բանավոր և գրավոր հաղորդակցման այն բոլոր ոլորտները, որտեղ անհրաժեշտ էր ընդհանուր հասկանալի լեզու (նամակագրություն, հրապարակախոսություն, դպրոց, դատական գործ, առևտուր)։ Սկզբնապես գրական աշխարհաբարը հանդես է եկել տեղային տարբերակների ձևով, կրելով այս կամ այն բարբառի կնիքը (Թբիլիսիի, Երևանի, Նոր Ջուղայի), այնուհետև, խիստ բարբառային ձևերի արտամղմամբ, զարգացել է համեմատաբար միասնական հունով մինչև XVIII դ․, որից հետո սկսել են անջրպետվել գրական աշխարհաբարի արևմտահայ և արևելահայ տարբերակները։ Այդ տարբերակումը պայմանավորվել է տվյալ ժամանակաշրջանում հայ ժողովրդի հասարական – քաղաքական կացությամբ (պետականության բացակայություն, երկրի մասնատվածություն նախ՝ Թուրքիայի ու Պարսկաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև, արևմտյան և արևելյան գաղթավայրերի ոչ բավարար կապ, լեզվի բարբառային խիստ տարբերակվածություն)։
Նոր գրական հայերենի արևմտյան տարբերակի հիմքը Կ․ Պոլսի, իսկ արևելյան՝ Երևանի կամ Արարատյան բարբառներն են։ Երկճյուղ աշխարհաբարի ենթաշրջանում գրական լեզուն իր երկու տարբերակներով ձեռք է բերել գործառության ավելի լայն ոլորտներ, ընդգրկվելով հասարակական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառները։
Աշխարհաբար հայերենի դասակարգումը
Բանավոր հաղորդակցման ոլորտում կարևոր դեր են խաղացել բարբառները։ Սկսվել է գրական լեզվի գիտակցված մշակման ու նորմավորման գործընթացը, ի հայտ են եկել լեզվաշինության և լեզվական քաղաքականության որոշակի միտումներ, այսպես կոչված՝ «գրապայքար»-ը, որով հաստատվել է աշխարհաբարի գրավոր գրական լեզվի կարգավիճակը։ Գրաբարն աստիճանաբար դուրս է մղվել գործածությունից, գրական լեզվի մշակումն ընթացել է քերականական կառուցվածքի միասնականացման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրելու ուղղությամբ։ Առաջացել է գրավոր գրական և բանավոր խոսակցական տարբերակները առավելագույն չափով մերձեցնելու պահանջ։
Ժամանակակից գրական արևելահայերենը (արևմտահայերենի ձայնավոր հնչույթների համակարգը նույնն է արևելահայերենի հետ) ժառանգել է հին հայերենի հնչույթային համակարգը՝ որոշ փոփոխություններով։ Այդ փոփոխությունների հիմնական մասը վերաբերում է ձայնավորական համակարգին․ վերացել են գրաբարյան երկբարբառներն ու եռաբարբառները, պահպում `անվել են պարզ ձայնավորները (ա, ե, ը, ի, ո, ու), որոնք ըստ արտաբերման տեղի և լեզվի բարձրացման աստիճանի կարելի է դասակարգել՝ ձայնեղների, խուլերի և շնչեղ խուլերի։ Եթե գրաբարի համար բառասկգբի դիրքում կանխադրվի շնչեղ ձայնեղների առկայություն, ապա ժամանակակից գրական հայերենի երկու տարբերակների համար էլ այդ առանձնահատկությունը պետք է համարել վերացած։ Այստեղ բոլոր դիրքերում առկա են պարզ ձայնեղներ։ Միջին հայերենի շրջանից ժառանգվել է ղ հնչույթը՝ ստեղծելով նոր հնչույթաբանական հակադրություն ղ-խ՝ նախկին ղ-լ-ի փոխարեն։ Արևմտահայերենի բաղաձայնական համակարգը արևելահայերենից տարբերվում է․ այնտեղ առաջացել է հպական և հպաշփական բաղաձայնների երկշարք հակադրություն՝ նախկին ձայնեղները վերածվել են շնչեղ խուլերի, իսկ խուլերը ձայնեղացել են։
Արևմտահայերենում պակասում են պայթական (պ, տ, կ) և հպաշփական (ծ, ճ) պարզ խուլերի շարքերը։
Ժամանակակից հայերենի շեշտը գրական երկու տարբերակներում էլ քանակական – ուժային է, որը պայմանավորված է շեշտվող վանկի ավելի ուժեղ և երկար արտասանությամբ։
Աշխարհաբար հայերենի ենթաշրջանում արևելահայ տարբերակը դարձել է Հայաստանի Հանրապետության, ապա՝ նաև Արցախի Հանրապետության պետական լեզուն, դրանից բխող՝ գործառության շրջանակների աննախընթաց ընդլայնումով և զարգացման ու մշակման մեծ հնարավորություններով։ Արևմտահայ գրական տարբերակը մնացել է որպես սփյուռքահայության ընդհանուր հաղորդակցման լեզու։ Հայրենիք-սփյուռք կապերի աշխուժացման շնորհիվ, ինչպես նաև՝ դեպի հայկական գաղթօջախներ Հայաստանից նոր արտագաղթը զգալի են դարձել արևելահայերենի և արևմտահայերենի որոշ մերձեցումն ու փոխներթափանցումը։ Այնուամենայնիվ՝ այսօր արևմտահայերենը որակվել է որպես մեռնող լեզու: