Գրաբարի հետ զուգահեռ XII դարից սկսած գրական լեզվի աստիճանին է բարձրացել միջին հայերենը, որը գրաբարից տարբեր, խոսակցական հիմքի վրա առաջացած, վերբարբառային որակ էր։ Այն դեռևս գտնվում էր կազմավորման գործընթացի մեջ և չուներ լեզվական ձևերի միասնություն ու կառուցվածքային միատարրություն։ Միջին գրական հայերենի համար բնորոշ է քերականական իմաստների բազմազանություն, տարբեր բարբառային ծագում ունեցող ձևերի զուգահեռ գործածություն, օտար փոխառությունների առատություն և այլն։ Հաճախ միևնույն գրական երկում նկատվել է երկու լեզվական համակարգերի՝ գրաբարի և միջին հայերենի տարրերի փոխներթափանցում։
Միջին հայերենը վկայված է հարուստ և բազմաժանր աղբյուրներով՝ գեղարվեստական արձակ և չափածո ստեղծագործություններ, գիտական և պատմագիտական երկեր, հիշատակարաններ, պաշտոնական գրագրություն, ուսումնական ձեռնարկներ, վիմական արձանագրություններ և այլն։ Միաժամանակ որպես գրական լեզու շարունակել է կիրառվել և գրաբարը, որով ստեղծվել են կրոնական, գիտական, պատմագիտական երկեր, եկեղեցական գրականություն:
Միջին հայերենի կառուցվածքը
Գրաբարի համեմատությամբ՝ միջին հայերենի կառուցվածքն ունի հետևյալ առանձնահատկությունները։ Հնչույթային համակարգում երկբարբառների մեծ մասը վերածվել է պարզ ձայնավորների, առաջացել են նոր հնչույթներ՝ ղ և ֆ, տեղի է ունեցել բաղաձայնների բաշխման տեղաշարժ։ Ձևաբանության մեջ աստիճանաբար սկսել են գերակշռել կցականության և անջատականության տարրերը։ Առաջացել են հոլովման նոր տիպեր (ոջ, վան, ան, եան), մեծ չափով ընդլայնվել են ի հոլովման կիրառման շրջանակները, հոլովիչ ձայնավորներն արդեն նախկին դերը չեն կատարել, և յուրաքանչյուր հոլով ստացել է իրեն հատուկ նոր ձայնավորում, սկսել է տարածվել ում վերջավորությամբ ներգոյականը։ Հոգնակի թիվը կազմվել է նոր հոգնակիակերտներով (եր, ներ, նի, վի, ստան, աի, եան), որոնք գրաբարում սահմանափակ կիրառություն ունեցող հավաքական մասնիկներ էին։
Խոնարհման համակարգում տեղի է ունեցել ներկա և ապառնի ժամանակաձևերի վերակազմավորում, ժխտականը կազմվել է անորոշ դերբայի և օժանդակ բայի ժխտականի ձևերով՝ չեմ ի գրել։ Վերացել է բայի ստորադասական եղանակը, ավելի հստակ արտահայտություն է ստացել բայական սեռի կարգը՝ կրավորական վ ածանցի միջոցով, որոշ անկանոն բայեր ձեռք են բերել կանոնավոր խոնարհում:
Շարահյուսական կառուցվածքում նկատելի է որոշիչ – որոշյալի համաձայնության վերացումը, նախադաս որոշիչների գերակշռությունը, բայի տեղափոխությունը հիմնականում նախադասության վերջը, նայ, ու շաղկապների տարածումը և նոր շաղկապների առաջացումը, առ, ընդ, ըստ, ց նախդիրների փոխարեն ի նախդրի գործածությունը, զ նախդրի կիրառության սահմանափակումը միայն հայցական հոլովով։
Բառապաշարի մեջ զգալի տեղ են գրավել պարսկերենից, արաբերենից, թուրքերենից և եվրոպական լեզուներից կատարած նոր փոխառությունները։ Խոսակցական լեզվից գրական լեզու են թափանցել նոր բառեր, ոճեր և արտահայտություններ։
Միջին հայերենի զարգացման ուղին
Միջին հայերենը զարգացել է երկու ենթաշրջանով՝ կիլիկյան նորմավորման (XII—XIV դդ․) և աշխարհաբարացման (XV—XVI դդ․)։ Կիլիկյան նորմավորման ենթաշրջանում միջին գրական հայերենը ձեռք է բերել Կիլիկյան թագավորության պետական լեզվի կարգավիճակ։ Լեզվի լայն կիրառությունը մշակութային և պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում (բացառությամբ` դպրոցի, եկեղեցու և գրական որոշ ժանրերի) նրա զարգացման, մշակման ու նորմավորման որոշակի նախադրյալներ է ստեղծել։
Միջին հայերենը առաջին ենթաշրջանում ձգտել է որոշ նորմավորման և լեզվական կառուցվածքի միասնականության, ազդել է նաև այլ բարբառների ներկայացուցիչ հեղինակների լեզվի վրա։ Սակայն երկրորդ ենթաշրջանում միջին հայերենը կորցրել է պետական լեզվի իր կարգավիճակը և անբարենպաստ հանգամանքների հետևանքով զրկվել միասնական զարգացման ու մշակման հնարավորություններից։
Գրական մշակութային ավանդույթի ընդհատման, արտագաղթերի ուժեղացման, քաղաքային կյանքի անկման պայմաններում շարունակվել է բարբառային տարբերակման գործընթացը, վերացել են համակենտրոնացնող գործոնները։ Այդ պատճառով էլ միջին հայերենը չի հասել նորմավորման ու մշակվածության այն աստիճանին, որ բնորոշ էր գրաբարի դասական շրջանին և նոր հայերենի ժամանակակից փուլին։
Աշխարհաբարացման ենթաշրջանում միջին հայերենի քերականական կառուցվածքի ներքին փոփոխությունները հիմնականում որակական բնույթ չեն կրել, բայց էական նշանակություն են ունեցել լեզվի զարգացման հիմնական միտումների խորացման տեսակետից և նպաստել են աշխարհաբարին անցնելու նախադրյալների ստեղծմանը։ Սակայն այդ փոփոխությունների միասնական ուղղվածության բացակայության, նորմավորվածության պակասի և բարբառային տարրերի հետագա աշխուժացման պատճառով լեզվական համակարգի միօրինականացման ընթացքը խաթարվել է, և լեզուն աստիճանաբար ավելի է մոտեցել ժողովրդական-խոսակցական հիմքին։