Մեղրիում օրեր առաջ վերաբացվել է է Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցին (17-րդ դար)։ Երեք տարի տևած վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվել է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով, և եկեղեցին ընտրվել էր իր՝ որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարների համար։ Աշխատանքների համար ամերիկյան կողմը 510 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել։
Ծրագրի շնորհիվ հաջողվել է կործանումից փրկել ու վերականգնել եզակի որմնանկարները, եկեղեցին ապահովվել է ջրահեռացման, օդափոխության համակարգերով, փոխվել է տանիքն ու բարեկարգվել դեպի հոգևոր տուն տանող ճանապարհը։
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ. Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Հիմնադրամը 100․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի մշակութային ժառանգության մեկ այլ գոհարի՝ Սանահինի վանական համալիրի պահպանության ու վերականգնման համար, մասնավորապես՝ Սբ․ Հակոբ եկեղեցու, Գրիգոր Տուտեորդու խաչքարի և Սբ․ Հարություն եկեղեցու պահպանության համար։