Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հունիսի 21-ին հանդես եկան գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին:
ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը ելույթ ունեցան փոքր կազմերով։
Այս քայլով կենտրոնն իր շնորհակալություն էր հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմերին, տեխնիկներին, դեղատների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մեր բնակչության առավել խոցելի խմբերի համար:
Համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան պատշգամբում, որտեղ տեղադրվել էր հատուկ լուսավորություն, պահպանվել էին անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։
Համերգին երաժշտախմբերը կատարեցին հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երեկոն ուղեկցվեց երախտիքի խոսքերով, ինչպես նաև կյանքեր փրկող բժիշկներին վերաբերող տեսանյութերով։
Հաշվի առնելով համերգի հետ կապված ջերմ արձագանքներն ու հաջողությունը՝ ԿԵԱԿ-ը խոստանում է գեղեցիկ ավանդույթ դարձնել բացօթյա համերգների կազմակերպումը։