Աասանյան Իրանի տիրապետության ներքո գտնվող Մարզպանական Հայաստանն առանձնահատուկ, ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որի փաստացի տերերը հայ նախարարներն էին: Կառավարել է մարզպանը’ արքայից արքայի տեղապահը: Այլ էր վիճակը Արևմտյան՝ Բյուզանդական Հայաստանում, որը կորցրել էր իր պետականությունը և դարձել էր կայսրության հասարակ մի հատված: Թե Երանշահրի և թե Բյուզանդական հատվածներում շարունակվում էր պայքարը պետականության, ավանդական իրավունքների, կրոնական և տնտեսական ազատության պահպանման համար:
Հայաստանը Սասանյանների կայսրության կազմում
Մարզպանական Հայաստանը հիմնականում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք նահանգները, հաճախ’ նաև Արցախը: 428-ին Արշակունիների թարավորական իշխանության վերացումից հետո պահպանվել են գրեթե բոլոր գործակալությունները, նախկին կարգուկանոնը: Մանսավորապես՝ Հայոց սպարապետի տնօրինության ներքո մնացել է հայկական զորաբանակը, ճանաչվել են Հայաստանյաց եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները: Մինչև V դ-ի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև’ Դվինը:
Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից (428-443) հետո Հազկերտ ll-ը (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թթ-ին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն: Այդ ծրագիրն իրագործելու համար 442 – ին հայոց այրուձին սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու:
447-ին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ազգային ու կրոնական զգացումները: 449-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն:
Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարարական տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք Տիզբոն՝ պատասխանատվության: Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք առերես հավատափոխ են եղել և 449-ի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագր. պայքարը: Գլխավորելով այն’ հայ նախարարները որոշել են վերականգնել Հայոց թագավորությունը: Հայկական զորաբանակն ու աշխարհազորը Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ 451-ի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում (Վասպուրականի Արտազ գավառ) տեղի ունեցած հերոսամարտով ու հետագա համառ մարտերով Հազկերտ ll-ին հարկադրել են հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն:
Սակայն Պարսից Պերոզ արքան 470-480-ական թթ-ին դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, հրահրել կրոնական նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները: Սրված դժգոհությունների հետևանքով 481-484- ին Մարզպանական Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդու՝ Վահանի առաջնորդությամբ:
481-ին հայկական զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսից ուժերին, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան Սահակ Բագրատունուն, մեծ դատավոր’ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին: Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնելու Հայոց թագավորությունը:
Պարսից զորքերը ջախջախիչ պարտություն են կրել Մասյացոտն գավառի Ակոռի (481) և Ավարայրի դաշտի մերձակա Ներսեհապատ (482) գյուղերի մոտ:
482- ին Ճարմանայի դաշտում (Կուրի գետահովիտ) տեղի ունեցած ճակատամարտում թեև հայ – վրացական միացյալ զորքերը պարտվել են՝ տալով զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ.), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսից հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել կռիվները Սասանյանների զորքերի դեմ:
484-ի ամռանը հեփթաղների (միջինասիական քոչվոր ցեղեր) դեմ պատերազմում պարսկական զորքերի պարտությունից ու Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը (484-488) Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ: 484-ի աշնանը Նվարսակ գյուղում (Պարսկահայքի Հեր գավառ) կնքված պայմանագրով Սասանյան արքունիքը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը և նախարարների ավանդական իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, կամայականություններ չանել, հարգել հայերի դավանանքի ազատությունը: Այնուհետև Վահան Մամիկոնյանը Տիզբոնում վերահաստատել է Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ ու տանուտեր, նշանակվել նաև Հայաստանի մարզպան: 505-ին նրան փոխարինել է կրտսեր եղբայրը’ Վարդ Մամիկոնյանը: Այդ իրավիճակը Մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թթ.:
Հայաստանի մարզպան, կարգավիճակը վերստին վտանգվել է 560-570- ական թթ-ին’ պարսկա-բյուզ. հարաբերությունների լարման և քրիստոնյա ժո- ղովուրդների նկատմամբ Սասանյանների ծավալած բռնությունների ու զավթող. ծրագրի պատճառով: Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը (564-571), օգտվելով Դվինում տեղակայված պարսկ. 15-հզ-անոց զորաբանակի ներկայությունից, ծանրացրել է հարկերը, սաստկացրել կամայականություններն ու բռնությունները, բորբոքել կրոն, հալածանքներ, որոնք ի վերջո հանգեցրել են ազգային ազատագրական պատերազմի: Այն գլխավորել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան Կրտսերը (Վասակի որդին’ մարզպան Վարդ Մամիկոնյանի թոռը): 571-ի վաղ գարնանը հայկ. բանակը գրավել է Դվինը, ոչնչացրել պարսկական զորքերը և սպանել մարզպանին: Հայաստան ներխուժած պարսից զորավար Միհրանի 20-հազարանոց զորքը պարտվել է Խաղամախա դաշտում (Վասպուրականի նահանգ) տեղի ունեցած ճակատամարտում և դուրս շպրտվել երկրի սահմաններից: Այնուհետև Վարդան Մամիկոնյանը, իր շուրջ համախմբելով Այսրկովկասի քրիստոնյա այլ ժողովուրդների, թոթափել է Պարսից գերիշխանությունը և դիմել Բյուզանդիայի հովանավորությանը: Այդ պատճառով 572-ին երկու տերությունների միջև սկսվել է տևական պատերազմ, որն ավարտվել է 591-ին կնքված հաշտության պայմանագրով, ըստ որի՝ Հայաստանի (երկրորդ բաժանումով) մեծագույն մասն անցել է Բյուզանդիայի գերիշխանությանը: Պարսկա – բյուզանդական մրցապայքարը Հայաստանի և Այսրկովկասի համար շարունակվել է մինչև արաբական արշավանքները (630-ական թթ.):
Հայաստանը Բյուզանդական կայսրության կազմում
Բյուզանդական կայսրությանը ենթակա Արևմտյան Հայաստանն ընդգրկել է Փոքր Հայք, Ներքին Հայք և Նախարարական. (Սատրապական) Հայք վարչամիավորները: IV դ-ի վերջին Հռոմ. կայսրությունը Փոքր Հայքը տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտենե կենտրոնով) նահանգների: Նույն ժամանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում Բարձր Հայքը, նույնպես վերածվել է կայսեր, նահանգի’ կոմեսի գլխավորությամբ: Նախարար. Հայքն ընդգրկել է Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները: Մինչև Հուստինիանոս I կայսեր գահակալումը (527-565) Արևմտյան Հայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ նախարարները պահպանել են իրենց ժառանգական հողատիրույթները, սեփական ռազմական ուժերը, ավանդական իրավունքներն ու արտոնությունները, որոնք խոչընդոտել են կայսրության վարած ուծացման (ասիմիլյացիա) քաղաքականությունը:
Չհանդուրժելով նման իրավիճակը’ Հուստինիանոս 1-ը 529-ին վերացրել է հայ նախարարների’ սեփական զորամասեր ունենալու իրավունքը և նրանց զրկել իրենց ռազմ, հզորությունից: Բյուզանդացի ստրատեգոսի (նահանգա պետ) գլխավորությամբ կայսրությանը ենթակա բոլոր հողերը միավորվել են առանձին ռազմական շրջանի (ստրատեգիա) մեջ, որի կենտրոնը Կարին քաղաքն էր: 536-ին Արմևմտյան Հայաստանը բաժանվել է Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք նահանգների:
Հայ նախարարների տնտեսական հզորությունն ու ինքնուրույնությունը պայմանավորվել են նրանց հայրենատիրույթներով, որոնք հորից (պատրոն) անտրոհելիորեն փոխանցվել են ավագ որդուն: 536-ի հրովարտակով նախարարների կրտսեր որդիներին ու դուստրերին և մանր ու միջին ազնվականներին նույնպես իրավունք է վերապահվել հավասար հիմունքներով կալվածքներ ստանալ իրենց պատրոններից, փոշիացվել է հայ նախարարների տնտ. հզորությունը’ տեղիք տալով խիստ դժգոհության’ երբեմն ուղեկցվելով արյունալի բախումներով: Այդ պատճառով կայսրությանը չի հաջողվել հիմնովին իրագործել իր մտադրություններն Արևմտյան Հայաստանում: