Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող Լոռիի մարզը քաղաքային բնակչությամբ առաջատարն է: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7%-ը, իր մեջ ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները: Մարզկենտրոնը Վանաձորն է
Տարածքը 3798 քառ. կմ է
Բնակչությունը` 221.1 հազար (2017-ի հունվարի 1-ի դրությամբ)
Լոռու մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին:
Այն պատմական Գուգարք նահանգի Տաշիր գավառն է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Թիֆլիսի և Երևանի նահանգների մաս: 1919-ի հունվարի. 9-ից մինչև 1921-ի փետրվարի 21-ը եղել է Լոռու «Չեզոք գոտու» կազմում:
ՀՍԽՀ տարիներին այստեղ էին Գուգարքի (1930-ից, մինչև 1935 թվականը՝ Ղարաքիլիսայի, 1935-1964 թվականներին՝ Կիրովականի), Թումանյանի (1930-ից, մինչև 1969 թվականը՝ Ալավերդու), Սպիտակի (1937-ից, մինչև 1949 թվականը՝ Համամլուի). Ստեփանավանի (1930-ից), Կալինինոյի (1937-ից, 1962-1964 թվականներին միացած էր Ստեփանավանի շրջանին) շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի կազմում, առաջնորդանիստը Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցին է:
Սահմանակից է ՀՀ Տավուշի (արևելքում), Կոտայքի և Արագածոտնի (հարավում) և Շիրակի (արևմուտքում) մարզերին, 110 կմ երկարությամբ պետական սահմանով’ Վրաստանին (հյուսիսում):
Աշխարհագրություն
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ ունի ոչ հարթ ռելիեֆ, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները։ Նրա տարածքով են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները:
Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները և Լոռվա ձորը: Մարզում ծովի մակերևույթից բարձր կետը Աչքասար լեռան գագաթն է (3 196 մ), ամենացածրը` Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 375 մ): Սպիտակի լեռնանցքով (բարձրությունը’ 2378 մ) կապվում է Արագածոտնի մարզին, Պուշկինի լեռնանցքով (բարձրությունը ‘ 2038 մ) Լոռու դաշտը’ Փամբակի գոգավորությանը:
Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը (154 կմ)` իր Ձորագետ, Մարցագետ և Փամբակ վտակներով: Հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով: Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից 1800 մ բարձրության վրա։
Մարզը հարուստ է անտառային և լեռնատափաստանային տարածքներով, ինչպես նաև մերձալպյան մարգագետիններով։ Անտառային ֆոնդը կազմում է մարզի տարածքի մոտ 27%-ը, հանրապետության անտառային ծածկույթի 30%-ը։
Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին, բոխին և սոճին, իսկ ոչ հիմնական տեսակները՝ լորենին, կեչին, թեղին, հացենին: Անտառածածկ տարածքները ընդգրկում են Թումանյանի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջաները: Մարզում առկա են 3 արգելավայրեր («Գյուլագարակի», «Մարգահովիտի», «Կովկասյան մրտավարդի»), 1 բուսաբանական այգի և 2 դենդրոպարկ։ Անձնագրավորված են 9 բնության հուշարձան՝ 165 հա ընդհանուր մակերեսով:
Մարզը հարուստ է տարբեր տեսակի օգտակար հանածոներով և իր նշանակությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օգտակար հանածոները ներկայացված են հիմնականում ինտրուզիվ ծագման երեսապատման քարերով, ավազակոպճային խառնուրդով, բազալտներով, իսկ մետաղական հանածոներից են պղինձը, մոլիբդենը, ոսկին: Շահագործվում է Շամլուղի պղնձի, Թեղուտի պղինձ-մոլիբդենային և Մղարթի ու Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը
Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է ձմռանը -4.80C-ից մինչև +18oC ամռանը: Տեղումների քանակը բավականին մեծ է, տարեկան դիտարկվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով:
Մարզի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ վտանգավորության գոտում, առկա են նաև մեծ թվով սողանքավտանգ տարածքներ: Մասնավորապես սողանքավտանգ են Վանաձոր քաղաքին հարող Փամբակի լեռնաշղթայի լանջերը:
Բնակչություն
Մարզում բնակվում է շուրջ 221.1 հազար մարդ /01.01.2017թ./, կամ ՀՀ բնակչության 7.4 %-ը: Բնակչության խտությունը կազմում է 60 մարդ/1 քառ.կմ:Մարզի քաղաքային բնակչությունը՝ 8 քաղաքներով, կազմում է 130.8 հազար մարդ կամ 59.2%: Գյուղական բնակչությունը կազմում է 90.3 հազար մարդ կամ 40.8%:
Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են ընդհանուր բնակչության նկատմամբ` 47.4%, իսկ կանայք` 52.5%-ը: բնակչության տարիքային կազմի տեսանկյունից մարզի բնակչությունը ծերացել է. 0- ից 34-ամյա տարիքային խումբը կազմում է բնակչության ընդամենը 50.5%-ը, այն դեպքում որ 65-80+ տարիքային խումբը՝ 12.1%:Բնակչության տեղաբաշխվածությունը հիմնականում գերակշռում է միջպետական ճանապարհների երկայնքով։ Մարզի լեռնային տարածքները նոսր են բնակեցված։ Մարզի ամենախիտ բնակեցված համայնքը մարզկենտրոն Վանաձորն է (խտությունը 3208 մարդ 1 քառ. կմ-ի վրա)։
Լոռու մարզի մշտական բնակչության 98.1% կազմել են հայեր, մարզի համայնքներում բնակվում են ռուս՝ (1.3%), հույն՝ (0.2%), եզդի, քուրդ, ասորի, և այլ ազգերի (0.4%) ներկայացուցիչներ: Մարզը դեռևս խորհրդային տարիներից ազգային փոքրամասնություններով ամենաբնակեցվածներից էր։ Որոշակի տարիների հանրապետության մասշտաբով ազգային փոքրամասնությունների շուրջ 50%-ը բնակվում էր Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջաններում։Մարզի բոլոր այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ սովորում են ռուս աշակերտներ կազմակերպվում է ռուսաց լեզվի ուսուցում, մնացած այլազգի աշակերտների համար իրենց ազգային լեզուն չի դասավանդվում:
Մարզի հայությունը մեծամասնուսթյամբ Հայաստանյան առաքելական եկեղեցու հետնորն է (90%), կան նաև կաթոլիկություն դավանող հայեր: Ռուս մոլոկաները հնադավան ուղափառներ են, մյուս ռուսները, հույները, ասորիները՝ ուղափառ են:
Քաղաքային համայնքների թիվը` 8 համայնք /Վանաձոր, Ախթալա, Ալավերդի, Թումանյան, Շամլուղ, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր/
Գյուղական համայնքների թիվը` 99 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 122 բնակավայր
Լոռիի տեսարժան վայրեր
ՀՀ Լոռու մարզն առանձնահատուկ է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և համարվում է հայաստանյան զբոսաշրջության ամենագրավիչ անկյուններից մեկը։
Այստեղ են հաշվառված է 3045 հուշարձաններ ու կոթողներ, այդ թվում հայաստանյան խոշորագույն և նշանավոր Սանահին և Հաղպատ վանական համալիրները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հաղպատի վանքին կից գործել է միջնադարի ամենահարուստ ձեռագրա տունը’ Հաղպատի մատենադարանը (XI դ.), որտեղ պահվել են գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ:
Մարզում են գտնվում պալեոլիթ-մեզոլիթյան կացարնները (մ.թ.ա. 2 մլն տարի առաջ-մ,.թ.ա 10 հազար տարի.) Մեծավանում, Դաշտադեմում, Պաղաղբյուրում, Նորամուտում, Լոռու բերդի դամբարանադաշտը ( մ.թ.ա. III -I հազարամյակներ), վարչական միավորի ամբողջ տարածքովեն սփռված XII-XIII դդ-ի խաչքարեր, XVII-XIX դդ-ի եկեղեցիներ, մատուռներ, բերդեր:
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Օձունի Սբ Աստվածածին եկեղեցի (VI դ.)
Շիրակամուտի վանք (VII դ.),
Հնեվանք (VII-XIII ղդ.)
Հաղպատի վանք (X-XIII ղդ.)
Սանահինի վանք (X-XIII ղդ)
Քոբայրի վանք (XII-XIII ղդ.)
Ախթալայի վանք (XIII դ.)
Լոռե քաղաք-ամրոց
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
Մարզի տնտեսության առաջատար ճյուղերը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են:
Գյուղատնտեսության ոլորտում առանձնանում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունները:
Արդյունաբերության հիմնական ուղղությունները հանքագործական (միակ մարզը ՀՀ հյուսիսային մարզերից), մշակող (մասնավորապես՝ մետաղագործական և սննդի) և թեթև արդյունաբերություններն են (Վանաձորում՝ թեթև արդյունաբերությունը և մեքենաշինությունը, Ստեփանավանում, Տաշիրում և Սպիտակում՝ սննդի արդյունաբերությունը):
Մարզի արդյունաբերության ընդհանուր ծավալում հանքարդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 45.7%, մշակող արդյունաբերությանը՝ 43.8%, էլ.էներգիայի արտադրությանը՝ 9.6%, ջրամատակարարմանը և այլ ճյուղերինը՝ 0.9%:
Զարգացած է նաև զբոսաշրջությունը: Ոլորտի զարգացման համար բազմաթիվ միջազգային ծրագրերով վերջին 5 տարիներին ստեղծվել են զբոսաշրջային 5 կենտրոններ Ալավերդի, Դսեղ, Ստեփանավան, Սպիտակ, Փամբակ համայնքներում։
Մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 49.6%-ը: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 36.2% է: Գործազրկության խնդիրը ավելի խիստ է քաղաքային համայնքներում:
Մարզում գործում են 31 բուժհաստատություններ՝ 5-ը համայնքային ենթակայության և 26-ը մարզպետարանի ենթակայության, որից՝ 1 հիվանդանոց, 5 բժշկական կենտրոններ, 1 դիսպանսեր, 1 առողջության կենտրոն, 4 պոլիկլինիկաներ, 1 արյան փոխներարկման կայան, 18 առողջության առաջնային պահպանման կենտրոններ, 95 բուժակ-մանկաբարձական կետեր:
Լոռու մարզում գործում են 66 նախադպրոցական, 166 պետական հանրակրթական ուսումնական հաստատություն, 3-ը՝ հատուկ (դրանցից 2 հատուկ (օժանդակ) դպրող, 1-ը՝հատուկ խորացված ուսուցմամբ և 2 վարժարան:, 9 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 (որից 2-ը մասնաճյուղ) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն:
Լոռու մարզում գործում է 3 թատրոն, 38 մշակույթի տուն, որից՝ 25-ը գյուղական համայնքներում, 8 թանգարան, 9 երաժշտական, 8 արվեստի, 3 գեղարվեստի և 1 պարարվեստի դպրոցներ:
Տրանսպորտ և կապ
Լոռու մարզի մրցակցային առավելությունն է դեպի Վրաստան տանող երկու միջպետական՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման և Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհները: Վարչական միավորի տարածքով է անցնում Հայաստանը Վրաստանին կապող երկաթգիծը: Երկաթուղու գլխավոր գծի երկարությունը կազմում է 107 կմ (հանրապետականի 14.7%-ը): Լոռու մարզում գործող օդանավակայաններ չկան։
Լոռու մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Մարզի բոլոր քաղաքներն ապահովված են 3G կապով, 3G բջջային կայանները՝ օպտիկամանրաթելային կաբելային գծերով: Մատուցվում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ՀՀ փոստային կապի “Հայփոստ-թրաստ” ԲԲԸ Լոռու մարզի 137 փոստային մասնաճյուղերը ապահովելում են մարզի համայնքների 100 տոկոս ծածկույթը:
Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Հեռարձակվում է հանրապետական և օտարերկրյա թվային 8 հեռուստաընկերությունների հաղորդումներ, մարզային և տեղական 7 հեռուստաընկերություններ: Մարզկենտրոնում գործում են հեռուստահաղորդումների մասնավոր 3 մալուխային ծառայություններ։
Հեռարձակվում է նաև «Հանրային ռադիոն», որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում: Տեղական ռադիոցանց ունեն Վանաձոր և Սպիտակ համայնքները:
Հեռախոսային կոդեր՝
Վանաձոր 322
Սպիտակ. 255
Ստեփանավան 252, 256
Տաշիր 254
Մեծավան 254
Ալավերդի 253
Թումանյան 253
Աղթալա 253
Փոստային ինդեքսներ — 1701–2117.
Լոռիի մարզպետարան
Հասցե՝ ք.Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ
էլ հասցե՝ http://lori.mta.gov.am
էլ փոստ՝ lori@mta.gov.am
Հեռ.` (+ 374 322) 4-32-99, (+ 374 322) 2-31-99
Ֆաքս՝ (+ 374 322) 2-28-77