Հայկական կլասիցիզմի զարգացման ամենաբուռն շրջանում (XIX դ. 1-ին կես) աստիճանաբար սկսում են նշմարվել երկու գրական նոր ուղղություններ՝ հայկական սենտիմենտալիզմի ու ռոմանտիզմի հատկանիշները։ Սենտիմենտալիզմն անկախ գոյություն չունեցավ գրեթե, նրա դրսևորումները նկատվում են կլասիցիզմից ռոմանտիզմին անցնող որոշ հեղինակների և վաղ ռոմանտիկների ստեղծագործական առօրյայում։ Հետզհետե նոր իրականությունը և հասարակարգը պարտադում են հայ գրողներին ավելի շատ ուշադրություն դարձնել դառը իրողությանը, առկա երևույթներին մոտենալ ռեալիստորեն: Դարավերջում հայ գրականության մեջ հանդես է գալիս ռեալիստական ուղղությունը:
Ժամանակահատվածի ամենահամապարփակ ու կենսունակ ուղղությունը ռոմանտիզմն է, որի հատկանշական կողմը զգայական պատրանքներով չափից ավելի գայթակղվելն էր (Հ․ Ալամդարյան, 1795—1834, «Ամենևին ես գեղեցիկ», «Թշվառություն սոխակի», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց» բանաստեղծություններ, Խ․ Աբովյան, դորպատյան շրջանի եղերերգություններ ու ողբեր)։
Գրական սեռերից ամենապահպանողականը, թերևս, քնարերգությունն էր, որի տեսակներից շատերը գալիս էին դեռ միջնադարից՝ բնության և սիրո երգեր, ողբեր, դիմառնություններ, բայց մեծապես փոխվում է վերջիններիս ձևն ու բովանդակությունը հայկական ռոմանտիզմի տիրապետության շրջանում։ Միջնադարից եկող բնության ու սիրո երգերը մեծ մասամբ այլաբանություններ էին քրիստոնեական կրոնի ու բարոյական ըմբռնումների․ Քրիստոսի ու Աստվածամոր կերպարների բնութագրմանն էր ծառայեցվում հայ բանաստեղծության մակդիրների ու համեմատությունների ամբողջ զինանոցը։ Բայց նոր շրջանում այլաբանություններին փոխարինելու են գալիս իրական ապրումներն ու ընկալումները։

Պատկերներ “Վերք Հայաստանի” վեպից
Բազմապատկվում են նաև ռոմանտիկ քերթողների սիրային մոտիվները՝ սեր առ հայրենիք, սեր առ կին ու սիրած էակ, մայր, ընդհանրապես մարդն ու տառապող մարդկությունը, անցած փառքերի ու ժամանակների կարոտ ու վերհուշ։ Հայրենասիրությունը վերստին այս գրականության գլխացոր թեման էր։ Քնարերգությունը վերացական խոսքից ու բռնահանգերից անցնում է տաղաչափական բազմազան ձևերի ու հանգավորման, դառնում յուրատեսակ քնարական օրագրություն կամ մենախոսություն, սկզբ նավորվում է անձնական քնարերգությունը, որի առաջին խոշոր դեմքերը Հ․ Ալամդարյանն ու Խ․ Աբովյանն են։
Բանաստեղծությունների մեջ դրսևորվում են քնարական հերոսի ապրումները, ձգտումներն ու տառապանքները, իսկ արձակի մեջ, որ հայ ռոմանտիզմի կարևորագույն ձեռքբերումներից է, տիպերն ու կերպարները։ Գրականությունը դառնում է կյանքի հայելի։
Մինչև հայ ռոմանտիզմի գրականության հաղթանակը, հայ արձակը, որպես ինքնակա սեռ, շատ թույլ էր զարգացած։ Ճառերը, քարոզները, ուղերձները, նամակները նրա տեսակներից ամենակենսունակներն էին, այն էլ ճարտասանական փայլով ու պաճուճանքներով։ Վիպասանությունը տակավին չէր անջատված պատմագրությունից, իսկ վիպական սեռի շատ տեսակներ (նովել, պատմվածք, վիպակ, օրագրություն, ուղեգրություն) առհասարակ գոյություն չունեին։
Արևելահայ նոր, ռոմանտիկ, քերթությունը նախ և առաջ էպիկական սեռի ու տեսակների գրականություն է, և ապա նոր՝բանաստեղծություն․ երկուսի ամենամեծ վարպետը Խ․ Աբովյանն է։ Իսկ արևմտահայ ռոմանտիկ գրականությունը՝ քնարերգության ու թատերգության գրականություն է։
Արձակ ռոմանտիզմ
Արևելահայ արձակը դարձավ ազգային ինքնագիտակցության ու համախմբման, ազգային ազատագրական պայքարի ու վերածնության իսկական հնոց, իսկ նրա ստեղծած գրական կերպարները եղան սերունդների համար կյանքի ու պայքարի ուղեցույց և առաջնորդ։
Դարի ու ժամանակի առաջադրած մեծ հարցերը՝ ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում, ի՞նչպես պիտի ապրենք աշխարհում և ի՞նչ պիտի անենք, իրենց քննությունն ու արդար լուծումը գտան այդ գրականության մեջ ի դեմս Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի։ Այս հեղինակի ժամանակակիցներից բացի, նկարագրության նույն ոճն ընդօրինակում են նաև նրա գրական աշակերտները՝ Պռոշյանը, Աղայանը, Րաֆֆին։ Զտարյուն պատմողական երկերն էլ աստիճանաբար «ծանրաբեռնվում» են հուշագրական ու կենցաղային, հռետորական և քնարական տարրերով ու շեղումներով։

Խ․ Աբովյան
Ստեղծվում են նաև վիպական կտավի ուշագրավ գործեր, որոնք, ինչը առավել կարևոր է, հրատարակվում, մասնավորապես հնդկահայ գաղթաշխարհում: Դրանց հեղինակները նույնպես աչքի են ընկնում արդիականության հրատապ հարցերին պատասխանելու ձգտումով և ընդգծված հայրենասիրական շնչով։ Ուշագրավն այն է, որ եթե գեղարվեստ, արձակն առաջ ենթակա էր պատմագրության խնամակալությանը, այժմ ինքն է սկսում խորապես ազդել պատմական երկասիրությունների, հնախոսական ու ճանապարհորդական նկարագրությունների վրա (Մ․ Թաղիադյան, Ղ․ Ալիշան)։ Արձակ գրվածքներն այլևս չոր ու ցամաք փաստերի արձանագրումներ չեն։ Դեպքերի ու դեմքերի նկարագրությունը, որ կատարվում է առաջին դեմքով, հագեցված է ժողովրդական պատումների տարրերով և հուզական շեշտերով, սակավ են ժամանակաբանական ցուցումներն ու սառնությունը։ Պատկերավոր խոսքով առաջ տանելով իրենց պատումը՝ նրանք բնավ էլ աչքաթող չեն անում ժողովրդական խավերին, գյուղացիական զանգվածների ապրածը, որոնք տառապանքների մեջ անգամ վառ էին պահում հավատը գալիք լավ օրերի ու փրկության նկատմամբ:
Եթե սոցիալական հարաբերությունների արտացոլումն անցյալ դարերի գրական տեսակներից միայն առակների մենաշնորհն էր, այսուհետև դասակարգային հակասությունների ցուցադրմամբ ու մերկացմամբ են տարվում և՝ բանաստեղծները, և՝ արձակագիրները, միայն թե չարիքն ու չարագործությունը դիտվում է ոչ իբրև սոցիալական տարբերությունների, ճնշման ու շահագործման հետևանք, այլ բնախոսական հատկանիշ և բարոյագիտական ըմբռնում։
Հայ կլասիցիզմի ստեղծած գրականությունը դեռևս ժողովրդական չէր, դրամատուրգիան դուրս չէր գալիս դպրոցական պատերից, իսկ բանաստեղծությունը բավարարում էր շատ նեղ միջավայրի, ավելի ճիշտ՝ հեղինակների ու նրանց մերձավորների պահանջները։ Գրական հանգավոր «վեճերը», որոնք բավականաչափ տարածված էին, անձնական ունակությունների ու համոզումների ցուցադրումից այն կողմ չէին անցնում, հասարակական հետաքրքրություն չէին ներկայացնում։