Հայ ժողովրդի համար պատմաքաղաքական մղձավանջային XIII— XVI դդ․ ժամանակներում, հայ մշակույթի բնականոն զարգացումը դանդաղում է, բայց կանգ չի առնում: Պատմական ծանր հանգամանքներում, երբ մտավոր ողջ շարժումը ուղղված էր ժողովրդի ազատագրական մաքառումների, ազգապահպանման գործի ծառայությանը, գրականությունն առավել քան երբևէ մոտենում է իրականությանը, ձեռք բերում նոր որակ։ Մեծանում են չափածո խոսքի տեսակարար կշիռն ու հասարակական — գաղափարախոսական դերը: Գրականությունը որոշակի առաջընթաց է ապրում արձակի բնագավառում։ Ժամանակաշրջանի հայ մշակութային կյանքի մեծագույն իրադարձություններից է տպագրության սկզբնավորումը (1512)։
Հայաստանում և գաղթավայրերում գործում են ուսումնական ու մշակութային կենտրոններ, որոնք մեծ ճիգերի գնով կարողանում են պահպանել նախորդ դարերի մտավոր գործունեության ավանդույթները։ Ստեղծվում են դավանաբանական, փիլիսոփայական քերականական, բնագիտական և այլ բնույթի աշխատություններ։ Խմբագրվում և նոր նյութերով համալրվում են Հայսմավուրք, Գանձարան, Շարակնոց, Մաշտոց ժողովածուները, կազմվում են նորանոր քարոզգրքեր, ոսկեփորիկներ, ճառընտիրներ, տաղարաններ։ Ազգային մատենագրությունը հարստանում է նաև արաբերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, լատիներենից կատարված թարգմանական այլաբնույթ երկերով։
Մեռնող գրաբարի փոխարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայերենը։ Արտացոլելով կյանքը, գրականությունը ոչ միայն պահպանում է նախորդ շրջանի գեղարվեստ, ավանդույթները, այլև առավել լայնահուն ընթացքով բռնում աշխարհականացման ուղին։
Չափածո գրականություն
XIII – XVI դարերում մեծանում են չափածո խոսքի տեսակարար կշիռն ու հասարակական – գաղափարախոսական դերը: Ժամանակաշրջանի անաստեղծության հաճախ գործածվող տեսակներն են գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վարդի և սոխակի այլաբանական տաղը՝ հայրենը, կաֆան, որոնք արծարծում են սիրո, բնության, սոցիալական, պանդխտության ու բարոյադաստիարակչական թեմաներ, արտահայտում ժողովրդի և անհատի ողբերգությունը, հայրենասիրական տրամադրությունները, անդրադառնում հասարակական դրվածքի, կյանքի, մահվան, հոգու և մարմնի խոհափիլիսոփայական հարցերին:
Աշխարհիկ գաղափարների զարգացմանը հակընթաց աստիճանաբար բանաստեղծության մեջ երկրորդական տեղ են մդվում դավանաբանական միտումները։ XIV դ-ից հետո հորինվում են անգամ այնպիսի տաղեր, որոնցում, ի հակադրություն քրիստոնեական վարդապետության սկզբունքների, նախապատվությունը տրվում է մարդու երկրային ձգտումներին։ Աստվածածնին, առաքյալներին, համաքրիստոնեական, ազգային սրբերին ու սրբավայրերին ձոնված տաղերն արտացոլում են ավելի շատ այսրաշխարհային, քան կրոնական երևույթներ։ Միտումը մասամբ նկատելի է նույնիսկ եկեղեցական արարողության համար նախատեսված այնպիսի տեսակներում, ինչպիսիք են գանձերն ու շարականները։ Սրանց լավագույն նմուշները կապվում են XIII—XIV դդ․ հեղինակներ Խաչատուր Տարոնացու (ծն․ և մահ․ թթ․ անհտ․, մոտ XIII դ․), Վարդան Արևելցու (1200— 1271), Հակոբ Կլայեցու (1200—1286), Մխիթար Այրիվանեցու (XIII դ․), Հովհաննես Պլուզ Երզնկացու (1230—1293), Գևորգ Սկևռացու (մոտ 1246—1301), Կիրակոս Երզնկացու (1270-ական թթ․—1356), Գրիգոր Խլաթեցու (1349—1425) անունների հետ։ XV դ-ից սկսած, բացի ծիսական կարգի Շարակնոց և Գանձարան ժողովածուներից, գրական այդ ասպարեզներում լուրջ արժեքներ չի ստեղծել:
Ժամանակաշրջանի չափածո գրականության զգալի բաժինն են ներկայացնում նաև վիպական, վիպաքնարական և ուսուցողական պոեմները, որոնք նվիրված են հայոց պատմության հերոսական դրվագների ու դեմքերի պատկերմանը, Սուրբ գրքի որոշ թեմաների բանաստեղծական մշակմանը և գիտության առանձին հարցերի գեղարվեստական վերարտադրմանը։
Հովհաննես Պլուզ Երզնկացին, որ հայտնի է քերականական, կանոնական, խրատական, մեկնողական և այլ բնույթի արձակ երկերով, գրել է կրոնական և աշխարհիկ բանաստեղծություններ։ Աստվածածնի և դրախտից արտաքսված Ադամի անունից հորինված նրա ողբերը, Գրիգոր Լուսավորչին, Ներսես Մեծին և մյուս սրբերին նվիրված շարականները, որ աչքի են ընկնում հուզականությամբ, ապահով ու անվտանգ կյանքի ծարավով, իրականում մարմնավորում են մեծ կորուստներ ապրած մարդու հոգու դրաման, փայփայում աշխարհի խաղաղության, ազգային վերածնության երազը։ Աշխարհիկ բովանդակությամբ տաղերը՝ հայրեններն ու խրատները, կյանքի ու մահվան, իմաստության, մարդկային ճակատագրի և այլ խնդիրների մասին փիլիսոփայական խորհրդածություններ են, բարության, առաքինության, հոգու գեղեցկության ձգտելու մարդասիրական հորդորներ։ Հովհաննես Պլուզ Երզնկացու մի քանի հայրենում առաջին անգամ արծարծվում է պանդխտության թեման։
Աշխարհիկ բանաստեղծության մեծարժեք մասն է կազմում Ֆրիկի (մոտ 1230 — 1310-ական թթ․) ստեղծագործությունը։ Նրանից մնացել են մոտ 5 տասնյակ տաղեր, որոնք մոնղոլ, շրջանի հայկական կյանքի քնարերգական դրսևորումներն են:Ստեփանոս Օրբելյանի (ծննդյան տարեթիվն անհայտ․— մահ․ 1305) «Ողբ ի դիմաց Կաթուղիկէին» քնարական պոեմը, որը ստեղծվել է 1300-ին, արտահայտում է հայրենասիրական գաղափարներ և ավարտվում է Հայաստանի քաղաքական ապագայի պայծառ լավատեսությամբ:
Միջնադարյան անհատի հոգեկան տվայտանքները լավագույնս մարմնավորել է Խաչատուր Կեչառեցին (մոտ 1260 — մոտ 1331)։ Խմբագրելով «Պատմութիւն Աղեքսանդրի» արձակ երկի հին թարգմանությունը, նա առաջինը դրա առանձին դրվագների համար գրեց հարյուրից ավելի կաֆաներ, որոնք հայրենի չափով և աշխարհիկ բովանդակությամբ քնարական ութնյակներ են։Բանաստեղծական արվեստի բարձր որակն են հավաստում Կոստանդին Երզնկացու (մոտ 1250 — 1314-28-ի միջև) և Հովհաննես Թլկուրանցու (XIV դ․ երկրորդ կես — XV դ․ առաջին կես) ստեղծագործությունները:
Գանգատներն ու խրատները հաճախ կրում են կրոնական բարոյախոսության դրոշմ, իրական ապրումների արգասիք են և մարմնավորում են տիրող բարքերից դժգոհ, շրջապատի թշնամանքից դառն հալածանքներ ճաշակած անհատի ներքին խռովքը, հոգու լույսն ու գեղեցկի երազանքը։ Այդ տաղերով հայ գրականության մեջ սկզբնավորվում է սիրային քնարերգությունը, լայնորեն կիրառվում է այլաբանությունը:
Հայ միջնադարյան քնարերգության պսակը կազմող հայրենները, որոնց թիվը հասնում է մոտ 500-ի, և որոնք նոր ժամանակներում վերագրվել են Նահապետ Քուչակին, ճնշող մեծամասնությամբ պահպանվել են իբրև անանուն հեղինակների տաղաշարքեր։ Դրանք XIII—XVI դդ․ստեղծված, հիմնականում սիրային բովանղակությամբ քառյակներ են։ Այս գողտրիկ բանաստեղծությունները, արժանանալով լայն ընդունելության, նախապես անցնելով բանավոր ուղի, կորցրել են հորինողների անունները և մտել ձեռագիր ժողովածուների մեջ։ Տաղիկները պատկերում են մարդկային ապրումների բազմազան վիճակներ։ Հայրեններում իշխում է աշխարհիկ առողջ ոգին, մերժվում է ծախու սերը, փառաբանվում են վայելքի, անմնացորդ նվիրումի, սիրեցյալին երջանկություն պարգևելու ձգտումները:
Առաքել Սյունեցին (մոտ 1350 — 1431- ից հետո) հեղինակելով քերականական, փիլիսոփայական և դավանաբանական արձակ երկեր, թողել է նաև չափածո հարուստ ժառանգություն։ ։
XV — XVI դդ․ չափածոյի հարուստ և ուշագրավ մասն են կազմում պատմական ողբերը, որոնք ստեղծվել են քաղաքական մեծ դեպքերի առիթով և ճանաչողական ու գրական նշանակալի արժեք ունեն։ Նման երկերից են Գրիգոր Խլաթեցու (1349—1425) «Յիշատակարան աղէտից» (1422), Աբրահամ Անկյուրացու (XV դ․) «Ողբ ի վերա յ առման Կոստանդինուպօլսոյ» (1453), Առաքել Բաղիշեցու (մոտ 1380—1454) «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլու» (1453), Ներսեսի (XV դ․) «Ողբ մայրաքաղաքին Կաֆայու» (1475), Կարապետ Բաղիշեցու (XV դ․ վերջ —XVI դ․ սկիզբ) «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ – Իսմայելի» (գր․ 1513), Թադեոս Սեբաստացու (XV—XVI դդ․) «Ողբ ի վերայ մանկանց, որ գերի տարան ի քաղաքն Ստամպօլ» (1531), Մինաս Թոխաթցու (1510—1621 կամ 1622) «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» (1551 — 1552), անհայտ ողբագիրների «Տաղ վասն շարժման Կարմիր գլխան» (1552), «Տաղ վասն Յակոբ վարդապետին և ընկերաց նորին» (1552), Հովհաննես Մշեցու (XVI դ․) «Տաղ վասն Հայոց երկրի» (1553), Սիմեոն Ապարանեցու (1540-ական թթ․— 1614) «Ի վերայ առման Թաւրիզոյ․․․» (1585) ստեղծագործությունները: Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու» պոեմը (1434), որը համաշխարհային գրականությանը ծանոթ «Հովասավւ և Բարաղամ» վեպի բանաստեղծական ինքնատիպ մշակումն է։ Դամբանական հրաշակերտ ողբ է Քերովբեից (XV դ․) պահպանված միակ ստեղծագործությունը։