Մկրտիչ Նաղաշը (մոտ 1394 — մոտ 1470) կատարելագործում է պանդխտության երգը, այն հարստացնելով բովանդակության նոր գծերով ու շեշտելով նյութի հուզական բնույթը։ Գրիգորիս Աղթամարցու (մոտ XV դ․ վերջ — մահվան տարեթիվն անհայտ) տաղերն աչքի են ընկնում փոխաբերությունների առատ կուտակումով, գերազանցապես հոգևոր և աշխարհիկ բնույթի գովեստնեո են։
Հովսաափ Սեբաստացու (1508 — 18-ի միջև – մահվան տարեթիվն անհայտ) տաղերով քնարերգությունը վերադառնում է սիրային զգացմունքի անսքող, ինքնաբուխ և ազատ վերարտադրման սկզբունքին։ Նա պատմական ու գովասանական բանաստեղծություններում, խոհախրատական կաֆայաշարքերում նկարագրել է ժամանակաշրջանի աղետաբեր անցուդարձերը:
XVI դ․ բանաստեղծներ են Սարկավագ Բերդակցին, Վրթանես Կաֆացին (Սռնկեցի), Հովհաննես Վարագեցին, Մարտիրոս Խարբերդցին, Մարտիրոս Խարասարցին և ուրիշներ։ Վերջինս սիրո, կենցաղային, ծիսական տաղերից բացի, գրել է նաև գինու և խնջույքի ուրախ երգեր, դառնալով այդ տեսակի սկզբնավորողներից մեկը հայ քնարերգության մեջ։
Արձակ գրականություն
XIII – XIV դարերում գրականությունը որոշակի առաջընթաց է ապրում արձակի բնագավառում։ Գեղարվեստական խոսքի փայլուն նվաճումներ են հատկապես առակներն ու զրույցները։ Միաժամանակ` XIV դարից խորը ճգնաժամ է ապրում արձակը, մասնավորապես` պատմագեղարվեստական:
Առակագրությունը, հիմնականում կապվում է Վարդան Այգեկցու (XII—XIII դդ․) անվան հետ։ Հատուկ հետաքրքրություն դրսևորելով ժանրի նկատմամբ, նա ժողովրդական առակները վերամշակում է, օգտագործում իր քարոզների մեջ, ապա կազմում առանձին ժողովածու, զետեղելով նաև իր սեփական ստեղծագործությունները։ Այդ ժողովածուն, որ կրել է «Առակք Վարդանայ վարդապետի» խորագիրը, ընդօրինակվելով հետագա դարերում, մշտապես հարստացվել է ժողովրդական թարգմանական և անհատական բնույթի նորանոր գործերով։ Ընդօրինակվելիս՝ հին առակները հաճախ ենթարկվել են փոփոխությունների, թարմացվել նոր գաղափարներով և այդպես գոյատևել։ Վարդանի հետևությամբ ուրիշները ևս, որոնց անունները չեն պահպանվել, կազմել են ինքնուրույն ժողովածուներ։ Մեծ է առակների ճանաչողական արժեքը: Ձեռագրերում առակների հետ խառը զետեղվել են նաև իրապատում մանրավեպեր, լուրջ և ծիծաղելի զանազան պատմվածքներ, անեկդոտներ, որոնք «զրույց» անվան տակ լայն տարածում են ունեցել միջնադարում։
Վարդան Արևելցին (մոտ 1200—1271), հեղինակելով մեկնություններ, ներբողներ, ճառեր, խրատներ, քերականական աշխատություններ, հայտնի «Ժղլանք»-ը, որը ժամանակի մտավորականությանը հետաքրքրող տարբեր բնույթի նյութերի հանրագիտարան է, ստեղծել է նաև բազմաթիվ զրույցներ։ Թե՝ առակներում, թե՝ զրույցներում հեղինակային պատումին զուգահեռ զգալի դեր է հատկացնում գործող անձանց տրամախոսությանը։
Պատմագրություն
XIII դ․ երկրորդ կեսին առանձնակի աշխուժություն է դրսևորում պատմագրական արձակը։ Պատմագրության վերելքն ամենից առաջ պայմանավորված էր դարաշրջանի ազգային մեծագույն աղետը՝ մոնղոլական նվաճումները, հանգամանորեն արտացոլելու և գալիք սերունդներին փոխանցելու պահանջով։ Գործի նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել է Վանական վարդապետը (1181— 1251), որի գրած պատմությունը դեռ չի հայտնաբերվել։ Մոնղոլական նվաճումները մանրամասնորեն նկարագրված են նրա աշակերտների՝ Կիրակոս Գանձակեցու (մոտ 1200-1202—1271) «Պատմութիւն Հայոց»-ի մեջ (1241-1271, մնացել է անավարտ), Վարդան Արևելցու «Հաւաքումն պատմութեան» (ավարտվել է 1267-ից հետո) , Գրիգոր Ակներցու (XIIIդ․) «Պատմու թիւն ազգին նետողաց» (ավարտվել է 1273-ից հետո) մեծարժեք երկերում։ Քաղաքական նույն անցքերի արձագանքն է Հեթումի «Պատմութիւն թաթարաց» գործը, Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսա կան» (1299) մատյանը: Հերոսական գործերի, հայրենի բնաշխարհի շատ նկարագրություններ ստեղծված են ճոխ լեզվով, արտահայտիչ ու գեղեցիկ փոխաբերություններով, չափավոր, բայց ազդու հուզականությամբ։
XIV դ․ սկսած մինչև XVI դ․ ներառյալ պատմագեղարվեստական արձակն ապրում է խոր ճգնաժամ։ Միակ բացառությունը, թերևս, Թովմա Մեծոփեցու (1378—1446) «Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց» գործն է:
XIII—XVI դդ․ անկայուն պայմաններում պատմագրությունը հիմնականում գոյատևում է տարեգրության և ժամանակագրության ձևով։ Ստեղծված բազմաքանակ աշխատանքներից ուշագրավ են Սմբատ Սպարապետի (1208—1276) «Տարեգիրք» (1275), Մխիթար Այրիվանեցու (XIII դ․) «Նոր պատմություն», Ստեփանոս Օրբելյանին վերագրվող «Ժամանակագրութիւն» (1290) երկերը, Հովհաննես Ավագերեց Լեհացու (XIII դ․), Հեթում Բ թագավորի (ծննդյան տարեթիվն անհայտ— մահ․ 1807), Հեթում պատմիչի (XIII դ․), Ներսես Պալիանենցի (XIII դ․ վերջ — 1363), Հովհաննես Արճիշեցու (ծննդյան տարեթիվն անհայտ — 1327), Հովհաննիսիկ Ծարեցու (1560—մահվան տարեթիվն անհայտ), նաև անանուն շատ հեղինակների կազմած ժամանակագրությունները։
Մատենագրական հին արժեքների նորացմանը և նոր գրքերի ստեղծմանը զուգահեռ՝ արձակ, երբեմն էլ չափածո հորինվածքով, լայն զարգացում է ապրում հիշատակարանի ժանրը։ Հիշատակարանները ձեռագիր մատյանում հեղինակի, գրչի կամ այլ անձանց (մանրանկարիչ, պատվիրատու, կազմ՚ող, նորոգող) կողմից արված կարճառոտ արձանագրություններ են, որոնք սովորաբար ամփոփում են գրքի ստեղծման հետ առնչվող հանգամանքներ, ժամանակի պատմաքաղաքական, սոցիալական վիճակն արտացոլող տեղեկություններ, անձնական բնույթի տվյալներ։
XIII—XVI դդ․ ընթացքում գրվել են նաև բազմաթիվ հրաշապատումներ, տեսիլներ, Աստվածաշնչի թեմաներով պատմվածքներ, որոնք երևակայական իրականությունը ներկայացնում են ռեալ կյանքի, կենցաղի, մարդկային բնավորությունների ու հարաբերությունների տպավորիչ պատկերմամբ։ Բուռն վերելք է ապրում վարքագրական և առանձնապես վկայաբանական արձակը։ Սրա մի մասը պահպանվել է առանց հեղինակային անունների։
Պատմաքաղաքական դժվարին հանգամանքներում, ձգտելով ծառայել ազգապահպանման գործին, վարքերն ու վկայաբանություններն արտահայտում են հայրենասիրական շեշտված գաղափարախոսություն։ Ի դեմս Մարտիրոս Երզնկացու «Այս է պատմութիւն ֆռանկաց երկրին» գրվածքի, որտեղ ամփոփված են հեղինակի 1489—1496 թթ․ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ կատարած ճամփորդական տպավորությունները, հայ արձակի մեջ սկզբնավորվում է ուղեգրության ժանրը։