Հայ գրականությունն X —XII դդ․ իբրև ինքնուրույն շրջափուլ և նոր որակ, արտահայտությունն էր այն փոփոխությունների, որ տեղի ունեցան Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական կյանքում։ Կենսական նշանակություն ունեցող խնդիրների արծարծման տեսակետից, շարունակելով անցյալի ավանդույթները, գրականությունն ավելի մոտ կանգնեց կյանքին: Հումանիզմի, հայրենասիրության, մարդկային այլ բարձր գաղափարների դիտակետերից այն անդրադարձավ բնության, մարդու գեղեցկության, արտաքին ու ներքին արժեքների՝ ուժի և առաքինության փառաբանմանը, վավերացրեց իրական հարաբերությունների ու ճշմարիտ հոգեբանության պատկերման անհրաժեշտությունը։ Կյանքի արտացոլման գեղարվեստական սկզբունքն ստացավ տեսակարար կշիռ, հաստատվող որակ և նկատելի բազմազանություն։
Կրոնական գրականություն
Ժամանակաշրջանը տվեց գրականության ընթացքը գլխավորող արտակարգ մեծություններ՝ Գրիգոր Նարեկացի (951 —1003), Հովհաննես Սարկավագ (1045— 1050-ի միջև- 1129), Ներսես Շնորհալի (1100—1173) Մխիթար Գոշ (1120-ական թթ․—1213)։ Պատմական արձակը, որ V—IX դդ․ գրական շարժման մեջ հանդես էր գալիս իբրև գլխավոր ժանր, սկսեց առաջնությունը զիջել չափածո խոսքի տեսակներին։ Ձևի ու բովանդակության առումով զգալիորեն վերակառուցվեցին հին ժանրերը, և դրանց համակարգը համալրվեց նորերով։ Գրականության մեջ մարդը երևաց հասարակական ու անհատական ձգտումներով, ազգային ու համամարդկային խոհերով։ Այս ամենը նշանավորեց ժամանակաշրջանի գրականության գաղափարական ու գեղարվեստական վերելքը, շարժման մեջ դրեց աշխարհականացման այն սաղմերը, որոնք գրականության զարգացման հաջորդ փուլում դարձան իշխող ոգի ու ձև։
Այս շրջանում են ձևավորվել եկեղեցական – ծիսական կիրառության համար նախատեսված Տոնապատճառ, Տոնամակ, Ճաշոց, Հայսմավուրք, Վարք սրբոց հարանց, Շարակնոց, Դանձարան ժողները, որոնցում ընդգրկված նյութերը ներկայացնում են գրական ակնհայտ արժեք և նպատակ են հետապնդել ապահովելու ժողովրդի հոգևոր ու բարոյական, ազգ․ և հայրենասիրական դաստիարակությունը։
Պատմագրություն
X դ․ 1-ին կեսի գրականության մեծարժեք կոթողներից է Թովմա Արծրունու (IX դ․ երկրորդ կես —X դ․ սկիզբ) «Պատմութիւն տանն Արծրունեաց» (887—910) մատյանը։ X դ․ 20-ական թթ․ իր «Պատմութիւն հայոց»-ն է գրել Հովհաննես Դրասխանակերտցին (845—850-ի միջև — մոտ 925)։ Նրա կրտսեր ժամանակակիցն է Անանուն Արծրունին։
X դ․ 2-րդ կեսից պատմագրության մեջ նկատվում է գեղարվեստական ֆունկցիայից ձերբազատվելու և զուտ գիտական փաստագրական բնույթ ընդունելու միտում։ Սա հայ մատենագրության մեջ գիտական ու գեղարվեստական արձակների սահմանազատման նախանշաններից էր։ Պատմագրության գեղարվեստական կողմի անկման բնորոշ արտահայտությունը եղավ Ուխտանեսի (X դ․ 2-րդ կես) «Պատմութիւն»-ը (գրված 980— 987), որը վաղ շրջանի պատմիչներից քաղված հայտնի տվյալների և VII դ․ սկզբին հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների առիթով ստեղծված վավերագրերի ամփոփումն է՝ զուրկ գեղարվեստական արժեքից։ Այս միտումը մասամբ առկա է նաև Ստեփանոս Տարոնեցու (X դ․ երկրորդ կես —XI դ․ առաջին կես) «Պատմութիւն տիեզերական» (ավարտել է 1004թ.-ին) երկում։ Վերջինս հիմնականում շարադրված է Ժամանակագրությանը հատուկ սեղմ ոճով, փաստերի և անունների զուսպ թվարկումով։ Պատմագրության գիտա-գեղարվեստական միասնությունը վերստին երևան է գալիս Արիստակես Լաստիվերտցու (XI դ․) «Պատմութիւն» (գրված 1072—1079-ին) երկում:
XI—XII դդ․ առատ են ժամանակագրություններով, որոնցից հայտնի են Հակոբ Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Երեցի, Սամվել Անեցու և ուրիշների երկերը։ Բնույթով դասական պատմագրությունից արմատապես տարբերվում է Անանուն Զրուցագրի (X դ․) «Պատմութիւն»-ը
Չափածո գրականություն
Աննախադեպ վերելք է ապրում չափածո գրականությունը։ Երբեմն չափածո են հորինվում նաև խրատը, ներբողը, վկայաբանությունը, քարոզը, թուղթը, հիշատակարանը և այլն։ Ձևավորվում են տարատեսակներով հարուստ ծավալուն քերթվածը, որ պոեմի նախօրինակն է հայ միջնադարում, իմաստասիրական բանքը, հայրենը, կաֆան, հանելուկը։
Բանաստեղծության վերելքն ամենից առաջ կապվում է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Նրա ներբողները նախապատրաստեցին չափածո ներբողի երևան գալը։ Ռիթմական արձակի նմուշներ են նաև եկեղեցական զանազան տոներին երգելու համար հորինված նրա քարոզները, որոնք սկզբնաբառի կայուն գործածության շնորհիվ վերանվանվեցին գանձեր։ Գրիգոր Նարեկացու գրական մեծության առհավատչյան տաղերն են և «Մատեան ողբերգութեան» (1002թ.) պոեմը։ Հակառակ շարականի պոետիկայի, բանաստեղծն իր տաղերով քնարերգության մեջ արմատավորում է իրական կյանքի, ապրած ընկալումների վերարտադրման գեղագիտական սկզբունքը։ Նրա տաղերով հայ քնարերգության մեջ դրվում է սիրո և բնության թեմաների հայտնադործման սկիզբը։ Նրան է պատկանում բաղաձայնույթի և առձայնույթի տաղաչափական գյուտը։ «Մատեան ողբերգութեան»-ը 95 գլխից կազմված քնարական պոեմ է և նվիրված է մարդու կատարելության խնդրին։
Հանգի գործածությունը, իբրև ռիթմական անհրաժեշտ գործոնի, կապվում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (մոտ 990— 1058) անվան հետ։գեղարվեստական փայլուն ոճի արտահայտումն է Վարդան Անեցու (XI դ․) «Վասն կառաց աստուածութեանն» պոեմը: Կենսագրական պոեմի տարատեսակը սկզբնավորում է Վարդան Հայկազնի (XI դ․ վերջ— XII դ․ սկիզբ) «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասիրի» ծավալուն քերթվածքը:
Նոր հոսանքի զարգացման գործում ակնառու է Հովհաննես Սարկավագի և Ներսես Շնորհալու դերը: Վերջինս ստեղծագործել է հայկական չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մեծ մասի առաջին կիրառողն ինքն էր։ Բանաստեղծական մշակույթի բարձր մակարդակն են հաստատում Գրիգոր Մարադեցուց (XII դ․) պահպանված երկերը։ Ներսես Լամբրոնացու (1153—1198թթ.) չափածո վաստակի մեջ առանձին տեղ են գրավում երկու տասնյակից անցնող շարականները
Ժամանակաշրջանի դասական բանաստեղծությունը հաջորդ շրջանի հետ կամրջելու առումով նշանակալից է Գրիգոր Դ Տղայի (1133—1193) դերը։ Նրա մոտ գեղարվեստական արձակը` տարանջատվելով պատմագրությունից, գլխավորապես զարգանում է վարքի, վկայաբանու թյան, զրույցի և առակի ժանրերով
Արձակ
Արձակի լավագույն նմուշներից են Խոսրով Գանձակեցու և Հովսեփ Դվնեցու վկայաբանությունները, որ հեղինակել են Մխիթար Գոշն ու Դավիթ Ալավկա որդին (ծն․ թ․ անհտ․— 1129թ.)։ Մխիթար Գոշի առակներով գեղարվեստական արձակը ձեռք է բերում ինքնակա բնույթ։ Նրանք գրված են սեղմ, հստակ ու արտահայտիչ ոճով, պատկերավոր մտածողությամբ, տեղ-տեղ էլ՝ երգիծական գունավորումներով, հավաստում են ժամանակաշրջանի գեղարվեստական արձակի բարձր որակը: