Հայ գրականության Նորագույն շրջանի սկզբնավորումը համընկել է պատմա-քաղաքական 2 խոշոր իրադարձությունների` Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ավարտի և Հայաստանի պետականության վերականգնման (1918 թ.) հետ: 1918-ով է սահմանագծվում նաև արևմտահայ գրականության անցումը սփյուռքահայ գրականությանը: Պատմական զարգացման շուրջ 9 տասնամյակի ընթացքում նորագույն շրջանի հայ գրականությունը անցել է բարդ և հակասական ուղի, որը, պայմանավորված երկրի հանրային – քաղաքական կյանքի օրինաչափություններով, ունեցել է և՛ վերելքի, և՛ անկման տարիներ:
Սովետահայ գրականությունը, թեև մեծապես կրել է իր վրա քաղաքական գաղափարախոսությունների և գրաքննության ազդեցությունը, բայց կարողացել է պահպանել դարերից եկող ավանդույթները և ոգին:
1918-ին հայկական պետականության վերականգմամբ սկիզբ է դրվել պատմամշակութային նոր ժամանակաշրջանի: Հանրապետության հանրային կրթության ու արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ հիմնվել Հայ գրական ընկերությունը, կազմակերպվել են գրական և մշակութային միջոցառումներ, տպագրվել են գրքեր, սակայն Առաջին հանրապետության անկման պատճառով շատ ծրագրեր չեն իրականացվել:
Հայ գրականությունը 1920-40-ականներին
Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության առաջին իսկ տարիներին` 1920-30-ական թվականներին նշվել են գրականության գեղարվեստական զարգացման ուղիները: Ծայր առավ գրականության բովանդակության ու ձևերի հարստացման, իրականության արտացոլման գեղարվեստական նոր սկզբունքների մշակման բարդ ընթացք։ Ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաշրջումը թելադրում էր գեղարվեստական գրականության նոր դիմագծի ձևավորումը, սակայն ամենահրատապ է դառնում նոր ստեղծագործական անձնակազմի խնդիրը: Ավագ գրողներից ոմանք կամ հեռացել էին ասպարեզից, կամ արտասահմանում էին (Հ.Հովհաննիսյան, Նար – Դոս, Ա.Իսահակյան, Շիրվանզադե), Մեծ եղեռնի զոհ էին դարձել Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Սիամանթոն և արևմտահայ մյուս անվանի գրողները. Կյանքից անժամանակ հեռացել էին Հ.Թումանյանը, Վ.Տերյանը:
Գրական շարժման ամենանշանակալից երևույթը «Երեքի»՝ Ե․ Չարենցի, Դ․ Աբովի, Ա․ Վշտունու խմբակն էր․ այն 1922 թ․ հունիսի 14-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում հրապարակեց իր գեղագիտական հանգանակը՝ «Երեքի դեկլարացիա»-ն: Հետևելով համաշխարհային և ռուսական գրական զարգացման ընդհանուր օրինաչափություններին` պրոլետկուլտականների և ֆուտուրիստների նման նրանք մերժեցին անցյալի գեղարվեստական ժառանգությունը: Հռչակագիրը մեծ դեր կատարեց գրական նոր շարժում սկզբնավորելու և ցաքուցրիվ ուժերը համախմբելու ուղեցույց ծրագիր:
Այս շարժման ամենաբնութագրական հատկանիշները բովանդակությամբ ու ձևով նոր խոսք ասելու ցանկությունն էր, գեղարվեստական նոր լեզվամտածողություն արմատավորելու պահանջը, գրական զարգացման մեթոդական ուղիների որոնումը: Այդ նպատակով նրանք նախ արմատապես ժխտել են դասական ավանդույթները, «արդիականության նավից» դուրս նետել անցյալի մեծություններին և հետո միայն, գիտակցելով իրենց սխալը` վերդարձել գրականության ազգային ավանդույթներին ու դասական օրինաչափություններին:

Ե. Չարենց, Դ. Աբով, Ա. Վշտունի
«Երեքի» պառակտվելուց հետո գրական շարժումն արդեն հունավորվեց պրոլետկուլտական խմբակներում: Գրական խմբակների և նրանց պարբերականների գործունեության առանցքը մասսայական գրականության ստեղծումն էր։ Այդպիսի դեր էր ստանձնել նաև Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան (1922—26)։ Գործում էին նաև հայ գրական ընկերությունը, «Նոյեմբեր», Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների, Հայաստանի աշխատավոր գրողների միություններ:
20-ական թթ․ սկզբին առաջնահերթ նշանակություն ուներ նորագույն գրականության նյութական հնարավորությունների խնդիրը։ Թեև նոր իշխանությունը մեծ դժվարությունների առջև էր կանգնած, բայց միջոցներ չէր խնայում գրականության զարգացման համար։ Չնայած հրատարակչական լայն հնարավորությունների բացակայությանը, տարեցտարի Սովետական Հայաստանում ավելանում էր հրատարակվող գրքերի ցանկն ու տպաքանակը։ Մեկը մյուսի հետևից լույս էին տեսնում գրական – գեղարվեստական, քաղաքական-հասարակական հանդեսներ։
20—30-ական թթ․ խմբակային ինքնամեկուսացումը դարձել էր գրականության զարգացման լուրջ արգելակ։ Այս իրադրության մեջ հրապարակվեց գրական – գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման վերաբերյալ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշումը, որի համաձայն Հայաստանում ևս գրողները միավորվեցին մի միասնական կազմակերպության մեջ։ 1934-ի օգոստոսի 1— 8-ը կայացավ Հայաստանի գրողների առաջին համագումարը, որտեղ ձևավորվեց Գրողների միությունը։ Այն գործում է ցայսօր:

Գ. Մահարի, Ա. Բակունց, Ս. Զորյան
Ժամանակահատվածի հայ գրականության զարգացմանը ևս բնորոշ էր «ազգային մեկուսացվածության» հաղթահարման ընթացքը, որում, մասնավորապես, վճռական եղավ ռուս գրականության դերը։ 20-ական թթ․ վերջերից բացվեց հայ գրականության և մյուս ազգային գրականությունների մերձեցումների լայն հունը։ Հայ գրականությունն աստիճանաբար ընդլայնում է իր համամիութենական տարածման շառավիղները։ 30-ական թթ․ լայն թափ է ստանում թարգմանական գործը, որին մեծապես նպաստում են ռուս գրողների ստեղծագործական բրիգադների այցելությունները Հայաստան։
Այս տարիներին գրականության գլխավոր հարցադրումներն են եղել «հնի» ու «նորի» սահմանաբաժնի, հանրապետության տնտեսական վերելքի, Արևելքի և Արևմուտքի աշխատավորության և քաղաքական վարչակարգերի հանդեպ ունեցած վերաբերմունքի, գյուղի և քաղաքի, նոր կենցաղի, մարդկային հարաբերությունների, և երկրի սոցիալական վերափոխումների հարցերը, որոնք անմիջական արձագանք են գտել պոեզիայում, արձակում և թատերագրության մեջ: Բանաստեղծական նոր որոնումներն արտացոլվել են Ե. Չարենցի, Ա. Վշտունու, Գ. Աբովի, Գ. Մահարու, Վ. Ալազանի ստեղծագործություններում: Նույն ժամանակաշրջանում արձակի ձևավորմանը նպաստել են նաև Ա.Բակունցի, Ս.Զորյանի, Դ.Դեմիրճյանի, Մովսես Արազու պատմվածքներն ու վիպակները: Արձակագիրների գլխավոր խնդիրը նոր մարդու հոգեբանության պատկերումն էր, անձնական և քաղաքացիական պարտավորությունների ճշտումը: Երգիծանքի ասպարեզում մեծ հաջողությունների են հասել Լեռ Կամսարը, Մաթևոս Դարբինյանը: Ե.Չարենցը, Գ.Մահարին և Դ.Դեմիրճյանը թատերագրության առաջին փորձերն են կատարել:
1920-ական թվականների կեսերից կարևորվել է կյանքի խոր և բովանդակալի պատկերումը, պայքար է մղվել արդեն իսկ արմատավորված ու խորացող գաղափարական սխեմատիզմի դեմ: Այդ հարցերի շուրջ ծավալվել են բանավեճեր, և գրապայքարի բովում ստեղծվել են հայ գրականության նորագույն շրջանի դասական արժեքները: Ձևավորվել է նորագույն շրջանի գրողի նկարագիրը, և գեղարվեստական գրականությունը ձեռք է բերել զարգացման երկու հիմնական ուղղություններ` մի կողմում դնելով ազգային ավանդույթներին և արվեստի բարձր պահանջներին հավատարիմ գրողներ, մյուսում` բոլոր նրանց, ովքեր գրականությունը դարձրին քաղաքական կամ սոցիալ-տնտեսական կարգախոսների արձակ ու չափածո պարզունակ շարադրանք: Առաջինները տարբեր տարիների ու տարբեր պայմաններում բանադրվել են, բանտարկվել, աքսորվել կամ գնդակահարվել, երկրորդները` հովանավորվել են, պարգևատրվել:

Դ. Դեմիրճյան, Ա. Շիրվանզադե, Լեռ Կամսար
30-ական թթ․ սկզբին որոշ շրջադարձ է նկատվում գրական ժառանգության գնահատման հարցում։ Անցյալի գեղարվեստ, հուշարձանների գնահատման բարձրակետը եղավ համամիութենական շրջագծով «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը (1939թ.) ։ Հայ մշակույթի տարեգրության նշանակալից իրադարձություններ էին նաև հայ արվեստի (1939) և հայ գրականության (1941) տասնօրյակները Մոսկվայում։ Միաժամանակ տպագրությունից հանվում են միջնադարի և նոր շրջանի (Րաֆֆի, Ռ.Պատկանյան), արևմտահայ գրողների մի մասը, նրանք, ովքեր ազգային դիմագիչ են տվել հայ ժողովրդի հոգևոր կերպարին: Հակադրվել են մի կողմից կոսմոպոլիտիզմը, վերացական տեխնիցիզմը, գռեհիկ սոցիոլոգիզմը, մյուս կողմից` հայրենիքը, ազգային ավանդույթները, մարդու հոգեբանությունը: Արդյունքում` մի կողմում երկրի ու գրականության գաղափարական «նվիրյալներն» են, մյուսում` «ազգայնամոլները», «ժողովդրի թշնամիները»:
Այս կործանարար պայքարին զոհ գնացին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Մ.Դարբինյանը, Հարություն Սուրխաթյանը, Պողոս Մակինցյանը, Դ.Տեր-Սիմոնյանը, աքսորվել են Գ.Մահարին, Ջ.Եսայանը, Մ. Արմենը, Վ. Ալազանը, Վ. Նորենցը, Լեռ Կամսարը, Կարեն Միքայելյանն ու ուրիշները: Դրանով արհեստականորեն ընդհատվել է գրականության զարգացման բնականոն ընթացքը և գրողների շարքերը համալրվել են սոցիալիզմի շինարարությունը, կոլտնտեսական շարժումը, արտադրական հաջողությունները գովերգող երկրորդական կարգի գրողներով կամ անձի պաշտամունքը գովերգող աշուղներով: