Հայկական սիմվոլիզմ և նեոռեալիզմ՝ XX դ․ սկզբի գրական շարժումը ավելի քան նախորդ շրջանում սերտորեն կապված է ժամանակի հասարակական-քաղաքական տեղաշարժերի հետ։ Գրականությունն աչքի է ընկնում գեղարվեսական մեթոդների ու հոսանքների, ոճերի, ժանրերի ու ձևերի բացառիկ բազմազանությամբ ու բարդությամբ, նրանց ներքին գեղագիտական հարստությամբ։ Նախկինում արդեն ձևավորված գրական հոսանքները ստացան նոր որակ և դրսևորման նոր եղանակներ։ Առաջացան հայ գրականությանը մինչ այդ անծանոթ հոսանքներ, ոճեր և ժանրային ձևեր։ Սակայն գրական զարգացման առաջավոր միտումները զգալի չափով կապված մնացին ռեալիզմի հետ:
Դարասզբին շարունակում էին գործել դասական ռեալիզմի մի շարք նշանավոր դեմքեր, որոնք հրապարակեցին իրենց վերջին կատակերգությունները (Դ․ Սունդուկյան), վիպակներն ու պատմվածքները (Պ․ Պռոշյան), հրապարակախոսական հոդվածները (Ղ․ Աղայան)։ Շիրվանզադեն շարունակեց իր «Քաոս» վեպով հաստատած ստեղծագործական սկզբունքները։ Նա գրեց բազմաթիվ նոր՝ արձակ և դրամատիկական երկեր: Հայ ռեալիստական արձակի մյուս նշանավոր ներկայացուցիչը՝ Նար-Դոսը, խորացրեց հայ քննադատական ռեալիզմի «հոգեբանական ճյուղը։ Այս շրջանում ռեալիստական մեթոդով էր ստեծագործում նաև Վ․Փափազյանը։
Բարդ ուղիներով էր ընթանում ռեալիզմի զարգացումը արևմտահայ գրականության մեջ: Դարասկզբին Ա․ Արփիարյանը (1831 — 1908) տպագրեց «Մինչև ե՞րբ» (1907) և «Ոսկի ապարանջան» (1906) վիպակների վերամշակված տարբերակները, որոնցով հաղթահարեց փաստագրական «նաիվ ռեալիզմի» տարրերը։ Ռեալիստական արվեստի հետևորդներ էին նաև Առանձարը (1877—1913)՝ իր երգիծական պատմվածքներով («Վշտի ծիծաղ», 1905), Ռ․ Զարդարյանը (1874—1915)՝ գավառի կյանքից քաղած պատմվածքներով ու քնարական արձակով («Ցայգալույս», 1910), Տ․ Չյոկյուրյանը (1884— 1915)՝ «Վանքը» (1914) հոգեբանական, վեպով, Երուխանը (1870—1915)՝ իր բազմաթիվ նորավեպերով, որոնց մեջ արտահայտվել են,նաև առանձին նատուրալիստական միտումներ)։ Ստեղծագործական բացառիկ բեղմնավորություն հանդես բերեց Ե․Օտյանը (1869—1926)՝ հրապարակելով բազմաթիվ մեծ ու փոքր երկեր։
XX դ․ սկզբին ամբողջ խորությամբ բացահայտվեց Հ․ Թումանյանի հանճարը, հաստատվեց նրա տեղը հայ գրականության մեջ՝ որպես ազգային մեծ բանաստեղծի, որպես հարազատ ժողովրդի բնավորության, իդեալների ու գեղարվեստ, ավանդույթների լավագույն կրողի ու մարմնավորողի։

Նար-Դոս, Հ․Թումանյան, Ավ․ Իսահակյան
Դարասկզբին ասպարեզ մտան նաև ուրիշ ռեալիստական գրողներ` Դ․ Դեմիրճյան (1877—1956) Ս․ Զորյան (1889—1967), ինչպես նաև նատուրալիստներ Չիֆթե-Սարաֆը (1874—1932) Հ․ Ալփիարը (1864—1919), Մ․ Մանվելյանը (1877—1944): Նատուրալիզմի, ինչպես նաև ռոմանտիկական և սենտիմենտալ ոճի ու սիմվոլիզմի տարրերից էր բաղկացած Ա․ Ահարոնյանի (1866—1948) ստեղծագործությունը։
Դարաշրջանի ռոմանտիկական հոսանքը ավանդական հատկանիշներով իաձուլվում էր մի շարք նորագույն գրական հոսանքների, մանավանդ՝ սիմվոլիզմի գծերի հետ։ «Նեոռոմանտիզմի» հետ տարբեր կողմերով ու չափերով առնչվում են մի շարք հայ գրողների ստեղծագործություններ։ Այսպես, Ա. Իսահակյանի (1875—1957) 1890—1900-ական թթ․ քնարերգության հիմքում դրված է տիպիկ ռոմանտիկական հայեցակետ, որն արտահայտվում է ինչպես պոեզիայի և իրականության, այնպես էլ անհատի և հասարակության փոխհարաբերության բանաստեղծական իմաստավորումների մեջ։
Ռոմանտիկ տրամադրություններն ու պոետիկայի սկզբունքները տարբեր երանգներով հանդես եկան նաև դարասկզբի հայ գրականության արևմտահայ ճյուղում՝ Ռ․ Որբերյանի (1874—1931), Վ․ Թեքեյանի (1878—1945), Ռ․ Սևակի (1885—1915) և հատկապես Դ․ Վարուժանի (1884— 1915) ստեղծագործության մեջ։ Ծայրահեղ թշվառության պատկերներից և ազատության հզոր մղումներից («Սարսուռներ», 1906) Դ․ Վարուժանը գնաց դեպի ազգային արհավիրքների ու ազատագրական պայքարի դրվագների պատկերում, դեպի տիտանական ուժով և կամքով օժտված կերպարների ստեղծում («Ցեղին սիրտը», 1909)։
Հայկական սիմվոլիզմ
1910-ական թթ․ սկզբին արևմտահայ գրականության մեջ ծագում է այսպես կոչված, «հեթանոսական շարժումը», որը ոչ թե անցյալը վերադարձնելու կամ ներկայից խույս տալու, այլ ժամանակի կենսական հարցերին պատասխանելու միջոց էր։ Ռոմանտիզմի հետ սերտորեն կապված էր նաև սիմվոլիզմի ազդեցությունը, որը բավական որոշակի արտահայտություններ ունեցավ դարասկզբի հայ գրականության մեջ։ Դրանք չվերածվեցին մի ամբողջական սիմվոլիստական հոսանքի։ Սիմվոլիզմը հայ գրողների երկերում հանդես եկավ այն ժամանակ, երբ արևմտաեվրոպական և ռուսական արվեստում այդ ուղղությունն արդեն ճգնաժամ էր ապրում։

Դ․Վարուժան, Մ․ Մեծարենց, Լ․ Շանթ
Այնուամենայնիվ, հայ գրականության մի շարք երևույթների ձևավորման գործում կարևոր դեր խաղաց սիմվոլիզմը։ Բնորոշ օրինակ է Լ․ Շանթի (1869—1951) պատմական դրամատուրգիան: Ինտրան (Տ․ Չրաքյան, 1875—1921) արտահայտեց այդ հոսանքին բնորոշ անհատապաշտական և միստիկական մոտիվներ, տհաճ իրականությունից փախչելու, անուրջների և պատրանքների աշխարհում պատսպարվելու ձգտում։ Այնինչ Սիամանթոյի (Ատոմ Ցարճանյան, 1878—1915) ստեղծագործությունն իր բնույթով ամբողջովին հակաանհատապաշտական է։ Բանաստեղծն իր քնարը նվիրում է ազգային ճակատագրի՝ կոտորածների, մարմնական ու հոգևոր տառապանքների, պայքարի ու հերոսացման արտացոլմանը։ Ավելի բարդ է Մ․ Մեծարենցի (1886—1908) վերաբերմունքը սիմվոլիզմի գաղափարական ու գեղարվեստական սկզբունքների նկատմամբ։ Նրան էապես խորթ էին սիմվոլիզմի տեսության եսակենտրոն, մարդատյաց կողմերը, ինչպես նաև ուրբանիստական հակումները, որոնց նա հակադրում էր համընդհանուր մարդասիրության իղձեր, անձնազոհության և այլասիրության քարոզ, կուսական բնության անսահման պաշտամունք։ Դրա հետ մեկտեղ Մ․ Մեծարենցի պոեզիայում կարելի է տեսնել սիմվոլիստական աշխարհզգացողության որոշ գծեր (կյանքից մեկուսանալու և միստիկ պատկերներին ապավինելու հակում) անդրադարձում, բանաստեղծական տեխնիկայի առանձին կողմերի օգտագործում։
Պոեզիա
Դարասկզբի հայ գրականության ամենաբարձր և կատարյալ երևույթներից մեկը Վ․ Տերյանի (1885—1920) պոեզիան է։ Նա հանդես եկավ իբրև բանաստեղծական ձևի ու բովանդակության իսկական նորարար, բացահայտելով խոհերի, զգացմունքների ու երազների մի հարուստ ներաշխարհ։ Այդ ճանապարհին նրան շատ բան տվեց սիմվոլիստական բանաստեղծության կուլտուրան, որից նա սովորեց բանաստեղծական պատկերի ներքին հարստության, լեզվի նրբության և հղկվածության, բարձր երաժշտականության, տաղաչափական անթերի կատարելության հասնելու ուղիները։ Սակայն Վ․ Տերյանին միշտ խորթ մնացին կրոնամիստիկական մոտիվները, եսամոլությունը, պոեզիան իբրև մոգական արարողություն դիտելը, նրա իմաստը գիտակցաբար մթագնելու հակումը։
1910-ական թվականներից սկսած հայ բանաստեղծության զարգացումը մեծապես ընթանում էր Վ․ Տերյանի ազդեցությամբ։ Երևան եկավ Վ․ Տերյանին հետևող երիտասարդ բանաստեղծների մի ամբողջ սերունդ [Ա․ Վշտունի (1894—1958), Լեյլի (1892— 1951), Արմենուհի Տիգրանյան (1888— 1962), Դ․ Քալաշյան (1885—1921), Ա․ Տեր- Մարտիրոսյան (1892—1937) և ուրիշներ]։ Այդ սերնդի խոշորագույն դեմքը դարձավ Ե․ Չարենցը (1897—1937), ով Աեաջին աշխարհամարտի տարիներին հրատարակված բանաստեղծական ժողովածուներում և պոեմներում արտահայտեց իրադրությունից ծնված ողբերգական մտորումներ, երջանկաբեր հեռուների բուռն ձգտում։ Այդ բոլորը, սակայն, ստանում էր գերազանցապես սիմվոլիստական գունավորում, իրական աշխարհից հաճախ տեղափոխվում էր անուրջների և ստվերների ոլորտը։ Վ․ Տերյանի համեմատությամբ երիտասարդ Ե․ Չարենցն զգալիորեն խորացրեց պոեզիայի սիմվոլիստ, բովանդակությունն ու ձևերը, և իր տրամաբանական վախճանին հասցրեց Վ․ Տերյանի սկզբնավորած դպրոցը, ավարտեց սիմվոլիզմի պատմությունը հայ գրականության մեջ։
XX դ սկզբին լուրջ տեղաշարժեր կատարվեցին հայ գրականության ժանրային կազմում։ Ամենից առաջ՝ զգալի չափով մեծացավ պոեզիայի տեսակարար կշիռը, նրա դերն ու նշանակությունը գրական շարժման ընդհանուր համակարգում։ Ընդամենը 15—20 տարում տաղանդի բարձրագույն արտահայտության հասավ առաջնակարգ բանաստեղծների մի մեծ խումբ, որպիսին չի եղել հայ գրականության պատմության նախընթաց ոչ մի փուլում` Հ․ Թումանյան, Ա․ Իսահակյան, Սիամանթո, Դ․ Վարուժան, Վ․ Տերյան, Մեծարենց, Ե․ Չարենց։ Դարասկզբին պոեզիան էր, որ, առաջին հերթին, իր վրա վերցրեց ժողովրդի հոգևոր մաքառման, նրա կյանքի բանաստեղծական և հերոսական կողմերի բացահայտման, ընթերցողին գեղագիտական բարձր իդեալով ոգեշնչելու դժվարին խնդիրը։

Ռ․ Սևակ, Սիամանթո, Դ․Դեմիճյան
Պոեզիայի ներսում, չնայած էպիկական ձևերի մի քանի հոյակապ նմուշների առկայությանը (Հ․ Թումանյանի պոեմներն ու բալլադները, Դ․Վարուժանի «Հարճը»), բացահայտորեն գերակշռում էր քնարական ստեղծագործությունը։ Քնարերգության դասական օրինակներ, մարդկային սրտի և հոգու անմիջական խոստովանություններ էին Ա․ Իսահակյանի երգերը։ Բացառապես քնարական արտահայտություն ունեցավ Վ․ Տերյանի և Մ․Մեծարենցի, Վ․Թեքեյանի և Շ․Կուրղինյանի տաղանդը։ Կենսական օբյեկտիվ նյութի գեղարվեստական մշակման քնարական եղանակն էր գերակշռում նաև Հ․ Հակոբյանի, Սիամանթոյի, Ռ․ Սևակի, Ե․ Չարենցի բանաստեղծություններում ու պոեմներում։ Քնարական տարերքի ուժեղացումը կապված էր անհատի կոչման և իրավունքների բանաստեղծական արծարծման, հոգու ամենանուրբ ծալքերը թափանցելու պահանջի հետ, որը սուր կերպով առաջադրվեց դարասկզբին։ Պոեզիայի ժանրային զարգացման կարևոր նորույթներից մեկը դարձավ բանաստեղծական շարքերի լայն տարածումը։Ավարտվեց հայկական բալլադի ժանրի ձևավորումը։ Այն իր դասական կատարելությանը հասավ Հ․ Թումանյանի ստեղծագործություններում:
Գեղարվեստական արձակ
Որոշակի փոփոխություններ մտան նաև գեղարվեստական արձակի ժանրային կազմի մեջ։ Նախորդ դարի 70—90֊ ական թթ․ համեմատությամբ` նկատվեց վեպի որոշակի ճգնաժամ և, ընդհակառակը, փոքր ձևերի ակնհայտ աշխուժացում։ Դա կապված էր հասարակական կյանքի տեղաշարժերի և նրանց հոգեբանական ընկալման առանձնահատկությունների հետ։ Հատկապես մեծ էին արձակի փոքր ձևերի նվաճումները արևմտահայ գրականության մեջ։ Դրա վկայությունն են Գ․ Զոհրապի նորավեպերի երեք ժողովածուները, Երուխանի, Ռ․ Զարդարյանի, Թլկատինցու (1860—1915) պատմվածքները, նովելներն ու ակնարկները, Ե․ Օտյանի և Առանձարի երգիծական պատմվածքաշարերը։ Նույն շրջանի արևելահայ արձակագիրներից առավել մեծ ժանրային բազմազանություն է նկատվում Վ․ Փափազյանի ստեղծագործության մեջ։ Արձակի փոքր ձևերին էին դիմում նաև Հ․ Թումանյանը (պատմվածք և հեքիաթ), Ա․ Իսահակյանը (պատմվածք, հեքիաթ, արձակ բանաստեղծություն և պոեմ), ինչպես նաև՝ 1910-ական թթ․ ասպարեզ իջած արևելահայ արձակագիրների նոր սերունդը [Դ․ Դեմիրճյան, Ս․ Զորյան, Մ․ Մանվելյան, Կ․ Միքայելյան (1883— 1942)]։ Զգալիորեն մեծացավ քնարական արձակի տեսակարար կշիռը։

Վ․Տերյան, Եր․ Օտյան, Ալ․ Շիրվանզադե
Որոշակի սյուժեի և կերպարների վրա հիմնված երկերի փոխարեն արձակագիրները հաճախ գերադասում էին ազատ խորհրդածության և քնարական զեղումների ձևը, երբեմն օգտվելով նաև ռիթմական արձակի հնարավորություններից: Տագնապելով կոտորածների և տարագրության հետևանքով արևմտահայ գյուղի իսպառ վերացման հեռանկարից, արևմտահայ գրողները ձգտում էին քնարական ներշնչանքի ուժով բանաստեղծացնել այդ աշխարհը, սիրո և նվիրվածության զգացմունքներ հարուցել նրա նկատմամբ։
Դարասկզբի հայ դրամատուրգիայի մեջ յուրօրինակ կերպով համադրվում էին անցյալի ռեալիստական ավանդույթներն ու գեղարվեստական նոր միտումները։ Թեև նոր դարի սկզբին դեռ շարունակվում էր Դ․ Սունդուկյանի գրական գործունեությունը, բայց թատերգության մեջ առավել ազդեցիկ դիրքերը պատկանում էին Շիրվանզադեին և Լ․ Շանթին։ Ռեալիստական դրամատուրգիայի սկզբունքները գեղարվեստական տարբեր մակարդակներով ու ձևերով մարմնավորվեցին նաև Վ․ Փափազյանի, Լ․ Մանվելյանի (1864—1919), Դ․ Դեմիրճյանի և ուրիշների ստեղծագործություններում։ Դարասկզբին նոր կատակերգություններ գրեթե երևան չեկան, և դա նույնպես ուներ իր հասարակական հիմքը, հայկական կյանքի ընդհանուր ողբերգական իրադրությունը չէր կարող աղբյուր դառնալ ծիծաղաշարժ երկերի համար։
Հայ նոր գրականության պատմության եզրափակիչ փուլում մեծապես ընդլայնվեցին նրա միջազգային կապերը, բազմապատկվեցին տարբեր ազգային գրականությունների երկերի հայերեն թարգմանությունները, դրանց մեկնաբանման և գնահատման փորձերը հայ քննադատական մտքի կողմից։ Հատկապես լայն ծավալ ստացան հայ-ռուսական գրական առնչությունները։ Զգալիորեն մեծացավ նաև հայ գրականության միջազգային ճանաչումն ու հեղինակությունը՝ շնորհիվ օտար լեզուներով կատարված թարգմանությունների։