Հայ գրականության մեջ XVII—XVIII դարերում գերակշռող գրական սեռը մնում է քնարերգությունը, որը զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնա-հայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն և երբեմն ներկայանում են փոխազդեցություններով՝ որպես նույն պատմաշրջանի գեղարվեստական մտածողության արդյունք։
Նույն բանաստեղծի ստեղծագործության մեջ անգամ հնարավոր է դիտարկել ժամանակաշրջանի բանաստեղծության տարբեր միտումներ։ Այս առումով բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որի մեջ համատեղված են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը և աշուղական ոտանավորը։
Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ երեք ուղղությունները այդ շրջանի գրականության մեջ որոշակի են իրենց ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։ Այսպես, կրոնա-հայրենասիրական բանաստեղծությունն ընդօրինակում և յուրովի շարունակում է միջնադարի հոգևոր և պատմաքաղ․ բանաստեղծության ավանդույթները։ Լեզուն գրաբարն է (մասամբ միջին հայերեն), հիմնական թեման՝ աստվածաշնչյան և հայոց պատմության դրվագները, կրոն, և հայրենասիրական գաղափարները։ Այդ բանաստեղծությունը հիմնականում ունի ուսուցողական, բարոյակրթական նպատակ և ուղղված է առավելապես այն լսարանին, որի ունկնդիրները դառնալու էին ժողովրդի հոգևոր առաջնորդները, ուսուցիչներն ու քարոզիչները Ժողովրդին անհրաժեշտ էր կրթել հայրենասիրական և քրիստոնեական ոգով, հիշեցնել նրան հայրենի պատմության հերոսական անցքերն ու քրիստոնեական ավանդությունները։
Կրոնա-հայրենասիրական բանաստեղծության մեջ կարելի է տարբերակել զուտ կրոնական, ազգային – եկեղեցական և պատմաքաղաքական ստեղծագործություններ։ Զուտ կրոնական բանաստեղծությունները չունեն միջնադարյան նմանատիպ երկերի գեղարվեստական արժեքը և չէին կարող ունենալ, քանի որ փոխվել էին ժամանակները, և կրոնական իդեալը տեղի էր ավել աշխարհիկ ոգուն։ Նոր հեղինակների կողմից կրոնական թեմայի արծարծումը, ընդհանուր առմամբ, չէր ուղեկցվում խոր ապրումներով, հուզական հագեցվածությամբ ու ողբերգական շնչով, այլ ուներ առավելապես դարերի ընթացքում նվիրագործված քրիստոնեական գաղափարների կենդանացման և ըստ այդմ սերունդներին դաստիարակելու, խրատելու և այլ այլադավանների դեմ կրոնական ու դավանաբանական պայքար մղելու նպատակ։ Հետևաբար, զգալիորեն փոխվում է կրոնական բանաստեղծության էությունը։ Կոչված լինելով ուսուցանել և բարոյակրթել սերունդներին քրիստոնեական- մարդասիրական գաղափարներով, կրոնական բանաստեղծությունը զարթոնքի շրջանի ազգային մաքառման գրականության մեջ ձեռք է բերում հասարակական մեծ նշանակություն։
Առավել մեծ կշիռ է ձեռք բերում հատկապես XVIII դ․ ազգային-եկեղեցական բանաստեղծությունը, որտեղ աստվածաշնչյան, աստվածաբանական թեմաներին զուգորդված են հայրենասիրական մոտիվները, լուսավորչական դավանանքի հարցերը, ազգային եկեղեցու սրբությունների փառաբանությունը և այլն։
Զարգանում, նշանակալից դեր է ստանում նաև պատմաքաղական բանաստեղծությունը, որն արտացոլում է հայ ժողովրդի անցյալի և ներկայի ռազմաքաղաքական անցքերը, ազգային – ազատագրական և ազատասիրական ձգտումները։
XVII—XVIII դդ․ կրոնա-հայրենասիրական բանաստեղծությունը մասամբ պահպանում է իր չտարբերակված բնույթը՝ կապված մնալով երաժշտությանը։ Վերակենդանանում են դասական հոգևոր բանաստեղծության հիմնական ժանրերը՝ տաղը և գանձը, որոնք հարմարեցվում են հայտնի եղանակներին կամ ստեղծում են նորերը։ Լայն տարածում են գտնում հատկապես ապաշխարության, օրհնաբանական և վկայաբանական տաղերը, դամբանական գանձերը։ Շարունակում են գոյատևել նաև բանքերը, ներբողներն ու ողբերը․ ստեղծվում են պատմաողբերգական և չափածո պատմություններ։ Այդ երկերի հեղինակները, մեծ մասամբ, բարձրաստիճան հոգևորականներ էին կամ վանական կրթություն ստացած մարդիկ (XVII դ․՝ Ներսես Մոկացի, Ստեփանոս, Հակոբ և Խաչատուր Թոխաթցիներ, Վարդան և Հովհաննես Կաֆացիներ, Վրթանես Առնկեցի, Դավիթ Դեղամեցի, Հովհաննես Մակվեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, XVIII դ․՝ Սիմեոն Երևանցի, Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Հովհաննես Բերիացի, Դրիգոր Օշականցի, Ղազար Ջահկեցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ), որոնք թե Հայաստանում և թե գաղթավայրերում ղեկավարում էին ազգային- մշակութային կյանքը, նպաստում ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության ծավալմանը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Նրանց երկերում կրոնաքաղաքական մոտիվները և հայրենասիրական գաղափարներն արտահայտված են տարբեր դիրքերից, գեղարվեստական տարբեր ձևերով ու մակարդակով։
XVII դ․ կրոնահայրենասիրական բանաստեղծության ամենանշանավոր դեմքը Երեմիա Քյոմուրճյանն է։ Նա հեղինակել է բազմաթիվ գանձեր,տաղեր ,ողբեր, ուղերձներ, պատմաքաղաքական պոեմներ, որոնցում ներկայացրել է իր ժամանակի արևմտահայ իրականության համակողմանի պատմա-գեղարվեստական պատկերը, արտահայտել հայ ժողովրդի ազատասիրական ձգտումները։ Նույն իրականության ծնունդ են XVIII դ․ բանաստեղծներ Պաղտասար Դպիրն ու Պետրոս Ղափանցին, որոնք ժամանակի կրոնահայրենասիրական բանաստեղծության ամենատաղանդավոր ներկայացուցիչներն են և միջնադարյան բանաստեղծությունից նոր՝ կլասիցիստական քերթության անցման շրջանի բանաստեղծներ։