Արևելահայ և արևմտահայ նոր իրականությունները` յուրաքանչյուրը յուրովի իր վրա կրել է ազգի քաղաքական ու տնտեսական տրոհվածության կնիքը և օտար տիրողների հետապնդումների ու ձուլման քաղաքականության ծանր հետևանքները։
Արևմտահայ գրականության իր գոյությունը պահպանեց մինչև XX դ․ 10-ական թթ․ և թուրքական կառավարող շրջանների հրահրած հայահալած քաղաքականության և Հայոց ցեղասպանության հետևանքով ունեցավ նույն ողբերգական վախճանը, ինչ ժողովուրդը։ Արևելահայ իրականությունն ու գրականությունն էլ մինչև XIX դ․ 20-ական թթ․ կեսերը, ենթակա լինելով պարսից հալածանքներին, ի վերջո զարգացման լայն հնարավորություններ ստացան շնորհիվ Արևելյան Հայաստանի միացմանը Ռուսաստանին (1828)։
Ելնելով աշխարհագրական պայմաններից՝ արևմտահայերի առնչություններն առավել սերտացան արևմտաեվրոպոպական գրական կյանքի, մասնավորապես` ֆրանսիական, հնդկահայ գաղթաշխարհինը՝ անգլիական, իսկ արևելահայերինը՝ ռուսական և գերմանական իրականության ու գրականության հետ։ Գրական ուսումնառություն անցնելով համաշխարհային դասականների ստեղծագործությունների վրա՝ հայ հեղինակները նրանց փորձը յուրացնում ու փոխադրում էին հայ իրականություն։
Նորոգություն (հայկական լուսավորչություն)
Հայկական լուսավորչական վերածննդի նախադրյալները սկսել են ձևավորվել XVIII դարի սկզբից: Բուն պատմական Հայաստանի երկու` արևելյան ու արևմտյան հատվաներում մշակութային կենտրոններից քչերը մասնակցություն ունեին գրական նոր շարժմանը, թերևս Կարինն ու Սեբաստիան` արևմտահայերի, Վաղարշապատն ու Երևանը (մասամբ նաև՝ Գանձակը)՝ արևելահայերի մոտ։ Գրական գործիչներն ստեղծագործում էին գերազանցապես գաղթավայրերում՝ Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Մադրասում, Կալկաթայում, Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Մոզդոկում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում։ Այս հանգամանքն էլ պատճառ է դառնում գրականության ազգային ձևի, նախ և առաջ լեզվի որոնման հարցում տարբեր մոտեցումների, որ ի հայտ է գալիս և’ արևելահայ, և’ արևմտահայ գրական ու մշակութային գործիչների ստեղծագործական փորձի մեջ։
Կրթման և լուսավորչական, դպրոցի լեզվի հարցերում ավանդաբար նախապատվությունը դեռ տրվում էր գրաբարին, բայց փորձեր էին արվում նաև այս կամ այն բարբառը, խոսակցական աշխարհաբարի արարատյան ու պոլսական տարբերակները գրականության ու դպրոցի լեզու դարձնելու համար, թեպետ չէր ստեղծված նաև այդ միասնական աշխարհաբարը։ Այս իրավիճակը հանգեցրեց դասական հայերենի վերածնության շարժմանը, որը պատմականորեն ստացավ նաև «նորոգություն» անունը: Այն առավելապես դրսևորվում էր գրականության բնագավառում և որի նախաձեռնողները, առաջին հերթին, Վենետիկի մխիթարյանները՝ Մխիթար Սեբաստացին (1676—1749) ու նրա աշակերտներն էին, ուղղված էր մի գլխավոր նպատակի՝ դարերի ընթացքում գրքերի միջոցով ավանդված և աստիճանաբար աղճատված գրաբարը խորթ ձևերից ու լատինաբանություններից մաքրագործելուն և ոսկեդարյան վիճակը վերականգնելուն, որպեսզի այն դառնար ոչ միայն գրականության ու դպրոցի լեզու, այլև ժամանակի սոցիալական և տնտեսական փոխհարաբերությունների ու գաղափարախոսության արտահայտման միջոց, ծառայեցվեր ազգային վերածնության ու համախմբման նպատակներին և համազգային կարիքներին։ Այս շարժումը կողմնակիցներ ուներ գրեթե բոլոր հայկական մշակութային կենտրոններում, բայց որովհետև չէր հետևում ժամանակի ոգուն, ի վերջո, ձախողվեց։
Շարժման գլխավոր արդյունքը գրաբար գրականության վերածնունդն էր, որ նախապատրաստված էր ըստ ամենայնի։ Տքնաջան հետազոտությունների միջոցով մխիթարյանները բացահայտել էին գրաբարի հիմնական օրինաչափությունները ինչպես ձևաբանության, այնպես էլ շարահյուսության բնագավառում, կազմելով դասական հայերենի քերականությունը։ Հավաքելով ու ստուգաբանելով հայերենի ողջ բառապաշարը` երանք ստեղծել էին Հայկազյան լեզվի ընտիր ու լիակատար ստուգաբանական բառարան, իրենց իսկ կանոնարկած լեզվական ու ոճաբանական օրենքներով և ստուգաբանած բառապաշարով թարգմանել հույն, լատին ականավոր գրողների ու պատմիչների երկասիրությունները, վերջապես՝ հորինել էին գերազանցապես հանգավոր տողերով էպիկական ու քնարական քերթության բազմազան նմուշներ, որոնք հետագայում ամփոփվեցին «Տաղք Մխիթարեան վարդապետաց» ժողովածուի և առանձին մեծ ու փոքր գրքերի մեջ։ Դրանց բարձրագույն արտահայտությունը Ա․ Բագրատունու (1790— 1866) «Հայկ Դիւցազն» էպիկական-հերոսական պոեմն է։
Մինչև XIX դ․ 40-ական թթ․ կեսերը հայ բանաստեղծներն ու մխիթարյան սաները գերազանցապես այդ վերականգնված դասական հայերենով էին գրում, իսկ 50 – ական թթ․ հնչեց գրապայքարի հաղթանակի ու աշխարհաբարի քաղաքացիական իրավունքի ժամը։ Արևելահայ իրականության մեջ աշխարհաբարի հաղթանակի գրական ամենամեծ վավերագիրը Խ․ Աբովյանի (1809— անհետացել է 1848) «Վերք Հայաստանի» պատմավեպն է, իսկ արևմտահայ իրականության մեջ՝ Ղ․ Ալիշանի (1820—1904) «Երգք Նահապետի» հայրենասիրական բանաստեղծությունների շարքը։