Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Կորուսյալ արվեստ.ճարտարապետական գրաֆիկա» խորագրով ցուցահանդես, ներկայացված են թանգարանի արխիվային նյութերը:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայ ճարտարապետության նվիրյալների (Ալեքսանդր Թամանյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Հովհաննես Քաջազնունու, Կարո Հալաբյանի, Մարկ Գրիգորյանի, Միքայել Մազմանյանի, Նեկտար Բաժբեուկ-Մելիքյանի, Մարգարիտա Հայրապետյանի, Մարտին Թովմասյանի, Մարտին Միքայելյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Լիպարիտ Սադոյանի, Վարազդատ Հարությունյանի, Ռոմեո Ջուլհակյանի, Ջիմ Թորոսյանի և այլոց) գրաֆիկական աշխատանքները` մասնավորապես լվաներկումները (отмывка), ինչպես նաև վերարժևորել արվեստի այս ճյուղը ճարտարապետության մեջ:
«Սա այն դեպքն է, երբ գծագիրը դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, երբ որ գծագիրը ոչ միայն ապագա կամ գոյություն ունեցող շենքը ներկայացնելու գործիք է, այլ ստանում է ինքնուրույն արժեք որպես այդպիսին: Մեծ ճարտարապետները կարողացել են հասնել այն վիճակի, որ իրենց գծագրերը դառնան արվեստի գործեր»,- ասաց թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը
Նա նշեց, որ իրենք իրենց ֆոնդերից հանել ու ներկայացրել են այդպիսի գեղարվեստական ստեղծագոծությունների նմուշներ: Ցուցանմուշների ընտրության հիմնական սկզբունքը եղել է ՝ պետք է արված լինեն քանոնի ու կարգինի օգնությամբ: Ցուցադրված են նաև այն գործիքները, որոնցով աշխատել են վարպետները: Հարցին՝ արդյո՞ք ցուցահանդեսում ներկայացված բոլոր գծագրերն են վերածվել շենքերի, նա նշեց, որ ոչ:
«Ինչո՞ւ կորուսյալ արվեստ: Որովհետև հիմա ճարտարապետներն աշխատում են համակարգչով, կորցրել են այս նրբությամբ աշխատելու ձևն ու ունակությունը: Այս արվեստը, այս մոտեցումները հիմա արդեն չկան, ընդ որում՝ անհետացան այս մի քանի տարվա ընթացքում»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Մ. Մինասյանի խոսքով, թեև համակարգչի օգնությամբ աշխատանքը 100 անգամ ավելի արագ է ստացվում, բայց ձեռքով արված աշխատանքները, գծագրերն իրենց արժեքն ունեն, որոնք ճշգրիտ, երկրաչափական հաշվարկներով, ստվերների ուղղություններով արված նախագծեր են:
Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, «Երևաննախագիծ» ընկերության ղեկավար Սիրեկան Օհանյանը ասաց, որ հայկական ճարտարապետության տեսական կամ պատմական հատվածները ներկայացնելու համար չպետք է սահմանափակվել ցուցահանդեսներով, այլ պետք է փաստաթղթավորել:Ճարտապետի խոսքով, ժամանակակից առանձնահատկությունները, տեխնոլոգիաների զարգացումը ցանկացած երկրում պետք է տեղավորվի իր ազգային առանձնահատկություններով, կառուցվածքով:
Նրա խոսքով, վարչական, հասարակական շենքերի դեպքում հայ ճարտարապետները հաճախ օգտագործում են այս մոտեցումը՝ որպես տուրք հայոց պատմական ճարտարապետության, նաև հայ նախագծողների արյան մեջ մտած է որոշակի ձևով ավելի ջերմացնել միջավայրը, թեկուզ մուտքային հատվածներում: Նա ասաց, որ երբեմն նաև պատվիրատուներից է կախված, քանի որ ոճային ձևավորումները, գեղարվեստական մոտեցումները որոշակի արժեքային արտահայտություն ունեն, մասնավոր պատվիրատուները հրաժարվում են լրացուցիչ գումար ծախսելուց: Ս. Օհանյանի կարծիքով, ժամանակի ընթացքում կրկին կսկսեն գեղարվեստական ձևավորումներով ճարտարապետությունը:
Հարցին, թե ցուցահանդեսում կան ներկայացված աշխատանքներ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա գծագրված, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ ժամանակ դրանց կառուցումը, նա նշեց, որ դա կախված կլինի օբյեկտի կառուցման անհրաժեշտությունից, տեղի դիրքից: