Երևան, Ալեք Մանուկյան 5: Այս հասցեում է գտնվում Հայկական ռադիոյի շենքը՝ գեղեցիկ կամարներով ու զարդաքանդակներով: 2016թ-ին, երբ նշվում էր Հայկական ռադիոյի հիմնադրման 90-ամյակը, այս հոյակերտ շենքի մուտքի մոտ ստեղծվեց «Փառքի ծառուղի», մայթին տեղադրվեցին ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում աշխատած և տասնամյակների ավանդ ունեցած ընտրյալների անունները՝ հայերեն և անգլերեն: Եվ այդ երախտավորների շարքում՝ միկրոֆոնի պատկերի կողքին գրված է ՝ «Կլարա Թերզյան»: Կարդում եմ և մտաբերում տարիներ առաջ հեռուստատեսությամբ եթեր գնացած մի գեղեցիկ հաղորդում, որի խորագիրն էր՝ «Ափսո՜ս, ասաց ամեն ձայնին ու պահեց»: Հաղորդումը նվիրված էր Հայկական ռադիոյի ռահվիրա Կլարա Թերզյանին: Ռեժիսորը Արփինե Տատինցյանն էր: Իսկ հաղորդավարուհին՝ հեղինակ և վարող Անահիտ Թադևոսյանը իրեն բնորոշ խորաթափանցությամբ, ներկայացնում էր ազնվական դիմագծերով, լուսաշող Հայուհուն: Իմացա, որ ժամանակակիցն եմ մի Մտավորականի, ում ստացած պարգևների կողքին պատշաճում է նաև պատմիչ տիտղոսը. նա տասնամյակներ շարունակ Հայկական ռադիոյով ներկայացրել է ժամանակի մեր մեծերին: Այդ տարիներին տեխնիկական հնարավորությունները և սուղ միջոցները թույլ չէին տալիս պահպանել հաղորդումները: Դրանք հնչում էին եթերում և անհետանում: Մինչդեռ որքա՜ն մեծ արժեք ունեին մեր մեծերի իմաստուն խոսքերը կամ նրանց կատարմամբ հնչող յուրաքանչյուր գրական ստեղծագործություն… Կլարա Թերզյանը մեկն էր այն հազվագյուտ աշխատակիցներից, ովքեր խնամքով պահպանում էին այդ ձայնագրությունները: Նրա՝ անվանի արձակագիր, լրագրող Կլարա Թերզյանի շնորհիվ է, որ գալիք սերունդները լսելու են 20-րդ դարի ընացքում ապրած հայ հանճարների կենդանի ձայները՝ Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Դերենիկ Դեմիրճյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Վահրամ Փափազյան, Գրիգոր Գուրզադյան, Վիլյամ Սարոյան, Վարդան Աճեմյան…ո՞ր մեկին հիշատակես: Նա կարողացել է ոչ միայն զրուցել ու ձայնագրել նրանց, այլև պահպանել նրանցից շատերի ձեռագրերը: Հիմա հիշողությանս մեջ վերարթնանում է մերօրյա անվանի արձակագիր, Հրաչյա Մաթևոսյանի խոսքը.
«Ու մի կին տարիներ, տասնամյակներ շարունակ ափսո՜ս ասաց ամեն մի թանկ ձայնին ու պահեց: Այդ կինը , որն իր եզակի գոյությամբ զարդարել է Հայոց դժվար 20-րդ դարի երկրորդ կեսը, 2001-ին Ամերիկայի Կենսագրական ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա կին» պատվավոր տիտղոսի: Փա՜ռք ու պատիվ իր մեջ մեր էպոսային ափսոս-ափսոսանքը կրող գրողին, ռադիոլրագրողին՝ սիրելի Կլարա Թերզյանին»:
Կես դարից ավելի Հայկական ռադիոյում աշխատելուց հետո Կլարա Թերզյանը մեր մեծերի թանկ ձայները, նրանց մասին գրած իր ակնակները, եթեր գնացած հաղորդումները վերածեց գրքերի: Լինելով բազմաժանր գրող ՝ հեղինակ է ակնարկների, պատմվածքների, հուշագրությունների, վիպակների, կինո և հեռուստատեսային սցենարների, նաև՝ մանկական գրքերի…
Այսօր մեր սեղանին դրված է 20 գիրք, որոնք սերունդներին պատմում են մեր ժողովրդի մաքառումների ու արարումների պատմությունը. գրքեր, որոնք գեղագիտական բարձր արժեքից զատ ունեն նաև փաստագրական ու աղբյուրագիտական մեծ նշանակություն: Կլարա Թերզյանի ստեղծագործությունները արևաբույր են: Նա կարողացել է տեսնել մեր ժողովրդի հոգում եղած լույսն անգամ այն ժամանակ, երբ երկրաշարժի, Արցախյան պատերազմի տարիներին անջատվում էր հոսանքը, և ամբողջ երկիրը սուզվում էր մթության մեջ… Այդ դժվարին տարիներին նա մոմի լույսի տակ ձայնագրիչից վերծանում էր հայ մեծերի խոսքը, եթեր գնացած հաղորդումները… և մոմի հալչող-մարող վերջին կաթիլների հետ վառվում էր հայ մշակույթի և ազգային ինքնաճանաչողության ևս մի կանթեղ…
Կլարա Թերզյանի բնակարանում՝ նրա աշխատասենյակի պահարանում շարված են ստեղծագործական բեղուն կյանքի առհավատչյաները՝ «Բույլ մեծաց», «Փրկված մասունքներ», «Երբ սերն ի աշխարհ եկավ», «Դարձի ճանապարհները», «Հարցազրույց կաղնու հետ», «Դրսում արև է», «Որքա՜ն լույս կա Հայաստանում», «Երկնքի և երկրի փոխհամաձայնեցումը», «Տիկնիկները ծիծաղում են», «Իմ ոսկե ձկնիկը», «Ծիծաղի հատիկներ», «Լուսնի Սոնատ», «Չվող թռչունները վերադառնում են իրենց թևերով», «Տարիների շուրջպարը»…և կինոսցենարները: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել թե՛ Հայաստանի, և թե՛ Սփյուռքի մամուլում՝ ԱՄՆ, Լիբանան, Ֆրանսիա,Սիրիա, Ուրուգվայ…Արժանացել է Հայաստանի Գրողների միության «Վաստակի համար մեդալին», Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին, ՀՀ վարչապետի հուշամեդալին, ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականին…Ամենամեծ գնահատականը, սակայն, տվել է ժողովուրդը՝ նրան անվանելով մերօրյա պատմիչ… Ամեն առիթով Հայաստանի և աշխարհի բոլոր կողմերից հայ մտավորականների, շարքային ունկնդիրների և ընթերցողների ՝ նրան ուղարկած նամակները, հրավերները , ծաղկեփնջերը խորին երախտագիտության ու սիրո լավագույն դրսևորումներն են:
-Տիկի՛ն Թերզյան, ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի գրականության և արվեստի մեծ աշխարհ,- հաղթահարելով լարվածությունս՝ դիմում եմ Հայկական ռադիոյի լեգենդին:
-Արվեստը սիրել եմ մանկուց: Թատերգություններ նայել եմ, երբ շատ փոքր էի: Վեց տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ «Անուշ» օպերան դիտելու, որը եղավ իմ առաջին խորը տպավորությունը. երբ Անուշը գետը նետվեց, այնպես եմ հավատացել, որ նա իսկապես խեղդվեց ու լաց եղել, որ մայրս ինձ ստիպված դահլիճից դուրս է բերել ու ամբողջ ճանապարհին բացատրել, որ գետը տիկնիկ նետվեց: Եթե իրական լիներ, ո՞ր դերասանուհին կհամաձայնվեր մեռնել… Բայց ես չէի հանդարտվում: Ու դրանից հետո, որոշ ժամանակ մայրս ինձ թատրոն չէր տանում, իսկ ես համոզում էի, որ էլ լաց չեմ լինի…
Սակայն, «Անուշ»-ից բացի կար թատրոնը սիրելու մի ուրիշ հանգամանք ևս՝ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի ընտանիքը և Կլարա Թերզյանի ծնողները Հայաստան էին եկել Ֆրանսիայից, բայց ծնունդով Իզմիրից էին: Երկու իզմիրցի ընտանիքների բարեկամությունը Հայաստանում շարունակվում էր :
-Խառնվածքով ես հակված եմ եղել դեպի արվեստը՝ փոքր ժամանակ այնքան եմ երգել ու պարել, որ մայրս ինձ տարել է Պարարվեստի դպրոց: Դասընկերներիս հետ պարել, երգել եմ բալետային և օպերային ներկայացումերում, սովորել երաժշտություն: Ես սավառնում էի արվեստում և որոշել էի բալետմայստեր ու պարուհի դառնալ: Դպրոցում բեմադրեցի Գլինկայի «Անուրջները»: Բայց ոտքս վնասեցի, ստիպված թողեցի պարը: Հիմա այդ մասին հանգիստ եմ խոսում, բայց ինձ համար դա մեծ ողբերգություն էր՝ կյանքն առանց պարի չէի պատկերացնում: Ընդունվեցի և ավարտեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը: Մասնագիտությամբ բանասեր-արևելգետ եմ: Իմ դասախոսը Հրաչյա Աճառյանն էր: Մեր կուրսը վերջին մոհիկան էր, որին դասավանդեց ու ավարտին հասցրեց ականավոր լեզվաբանը: Համալսարանն ավարտելուց հետո Հրաչյա Աճառյանն ուզում էր ինձ իր ասպիրանտը դարձնել: Ամռանը Իրանից պարսիկների մի մեծ խումբ ժամանեց Հայաստան ու այստեղից ուղևորվեց Ռումինիա՝ մասնակցելու ուսանողության և ևրիտասարդության միջազգային 5-րդ փառատոնին։ Ես ժամանակավորապես նրանց հետ աշխատեցի՝ որպես թարգմանիչ։ Վերադարձին խումբը նախատեսվածից երկար մնաց Սովետական երկրում, և ես ուշացա ասպիրանտուրայի ընդունելության քննություններից: Որոշեցի աշխատել, հաջորդ տարի նորից դիմել: Բախտս բերեց, որ աշխատանքի անցա ռադիոյի գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում և հասկացա, որ իմ տեղն արվեստում է, այլ ոչ գիտության ասպարեզում…
-Տիկի՛ն Թերզյան, Դուք հանդիպել եք 20-րդ դարի ընթացքում ապրած մեր մեծերից շատերի հետ, գրել նրանց մասին… Կներկայացնե՞ք Ձեր ամենատպավորիչ հուշերից մեկը:
– 1955 թվականի հունվարն էր: Այդ ժամանակ ես աշխատում էի Երևանի ռադիոյի արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիր։ Հալեպի Վարդանյան վարժարանի մի խումբ սաներ սրտառուչ նամակ էին գրել խմբագրությանը, խնդրելով այն հանձնել Ավետիք Իսահակյանին: Պատանիները շնորհավորել էին Վարպետի Նոր տարին, պարպել իրենց հայրենակարոտ հոգիները և խնդրել խորհուրդ տալ՝ ինչպես ճիշտ ապրել Սփյուռքում:
Ավետիք Իսահակյանն արդեն ապրում էր իր կյանքի վերջալույսը, դուրս չէր գալիս տանից, նրան չէիք տեսնի Երևանի փողոցներում ճեմելիս: Մեզ համար դա եզակի առիթ էր այցելելու Վարպետին… Իսահակյանը կարդաց նամակը, աչքերը խոնավացան ու հոգով տեսավ այդ տղաներին ու աղջիկներին, որոնք, շունչը պահած, սպասում էին իր խոսքին: Ու Վարպետը խոսեց ՝ խրատելով օտար ափերում երբեք չվհատվել, -հիշում է տիկին Թերզյանը և, բացելով «Բույլ մեծաց» գիրքը, ինձ է մեկնում այն էջը, որտեղ Վարպետի խոսքերն են.
«Սիրելի՛ հայրենակիցներ, դուք շարունակ պիտի զգաք ձեզ Հայաստանի հետ, ապրեք նրա կյանքով: Աշխատեցեք և տոկացեք, օգտագործեցեք ձեր ժամանակը, սովորեք գիտություններ ու լեզուներ: Հարգեք ձեզ հյուրընկալող սիրիական ազնիվ ժողովրդին: Կարդացեք հայոց հին և նոր պատմությունը: Պահպանեցեք մայրենի լեզուն և երբեք չընկճվեք: Ինչ վիճակի մեջ որ գտնվեք՝ երբեք չվհատվեք: Լավ գիտցեք, որ մեգ մառախուղից վեր, մթամած երկնքից վերև միշտ կա ջերմ ու պայծառ արև, կա Սովետական Հայաստանը՝ բովանդակ հայության Հայրենիքը…»:
Կարդում եմ և կանգ առնում. որքա՜ն արդիական են հնչում Ավետիք Իսահակյանի խոսքերը… գրեթե 60 տարի անց Սիրիայի ժողովուրդը, որ սիրահոժար իր գրկում ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր պապերին, այսօր պարտադրված պատերազմի մեջ է: Վտանգի մեջ են նաև մեր հայրենակիցները: Եվ մենք այսօր էլ պետք է այնտեղ մեծացող հայ մանուկներին հիշեցնենք Վարպետի խոսքերը՝ «մթամած երկնքից վերև միշտ կա ջերմ ու պայծառ արև»՝ անկախ Հայաստանը, որը պարտավորություն ունի իր զավակներին և եղբայր արաբ ժողովրդին սատարել դժվարություններում…
Այս տարի նշում ենք արևմտահայ անվանի գրող, հրապարակախոս Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակը՝ մեկն այն մտավորականներից, ով դարձավ ստալինյան ռեժիմի զոհը: Կլարա Թերզյանի մայրը՝ Ալիս Թերզյանը, ով ամբողջ կյանքն ապրեց ճշմարիտ քրիստոնյաի խոնարհությամբ, եղավ կարիքավորների ու ընկածների կողքին: Նա մշտապես աջակցեց Զապել Եսայանի՝ ծայրահեղ իրավիճակում հայտնված ընտանիքին: Եվ ոչ միայն…
ԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ` ԿԵՍ ԴԱՐ ԱՆՑ
Ես դեռ կանդրադառնամ Կլարա Թերզյան արձակագրի ու լրագրողի գրքերին: Սակայն չեմ կարող չներկայացնել այն մորը, ով իր վսեմափայլ կերպարի օրինակով կրթեց ու դաստիարակեց Կլարա Թերզյան մտավորականին, որի ժամանակակիցը լինելը հպարտություն է:
Բացում եմ «Լուսնի Սոնատ» գիրքը… Պատմվածքների, արձակ բանաստեղծությունների հետ ընդգրկված են նաև դիմանկարային ակնարկներ՝ ձոնված մեր մեծ արվեստագետներին ու գիտնականներին՝ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանին, աշխարհահռչակ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին, անվանի նկարիչ Ռուբեն Մանուկյանին, տաղանդավոր արձակագիր Հրաչյա Մաթևոսյանին… Զետեղված է նաև «Օրոր, օրոր, օրորներ ասեմ» հուշագրությունը՝ նվիրված Ալիս Թերզյանին, որտեղ վեր է հառնում ընտանիքին նվիրված մոր կերպարը…Երիտասարդ ամուսնու մահը ծնկի չբերեց նրան, դժվարություններ ու զրկանքներ հաղթահարելով կարողացավ մեծացնել զավակներին:
-Մայրս բարության, քաջության, ազնվության խորհրդանիշ էր…Այսպես են նրան բնորոշում բոլոր ճանաչողները: Սակայն նրա մասին մոտ կես դար չէի կարողանում գրել՝ գրիչս ձեռքս էի վերցնում, անմիջապես արցունքներս հոսում էին, գլխումս ամեն ինչ խառնվում էր,-հիշում է տիկին Թերզյանը:
Թերթում եմ հուշագրության էջերը, որի ամեն մի հատվածը , ասես, նրա կյանքի ու բարոյական բարձր նկարագրի խտացումը լինի.
«Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ երկիրը դեռ չէր բուժվել վերքերից՝ սկսվեց զանգվածային ներգաղթը: Հարյուր հազար հայեր խանդավառությամբ վերադարձան հայրենիք: Պակաս ոգևորված չէին տեղացիները՝ երկուստեք ուրախություն էր, տոն, որը, ավաղ, կարճ տևեց: Նկարագրված դրախտային կյանքի փոխարեն նորեկներին տեղավորեցին նկուղներում, նրանք ճաշակեցին տեղացիներին բաժին ընկած ամեն տեսակի զրկանքները և դրան գումարած՝ Սիբիր աքսորվելու սարսափը. մի անմեղ , քննադատական խոսքի , անգամ երազի պատճառով որակվում էին լրտես, ձերբակալվում , հայրենադարձներին ղեկավար պաշտոն չէին վստահում: Եվ իմ բարի, միամիտ մայրիկը դարձավ հայրենադարձների կամավոր հովանավորող. այցելում էր մեր թաղում ապրողներին, ծանոթացնում երկրի օրենքներին, զգուշացնում ամեն մեկի մոտ քննադական խոսք չասել, օգնություն ստանալու համար նրանց անունից դիմումներ էր գրում: Չունեցած տեղով, ո՜նց էր կարիքավորներին օգնության հասնում, իր խղճուկ աշխատավարձից, ուտելիքից նրանց բաժին հանում…»:
Եվ նման շատ պատմություններ, որոնցից և ոչ մեկը չափազանցություն չէ. տարիներ առաջ Կլարա Թերզյանի «Տարիների շուրջպարը» գրքի շնորհանդեսին ներկա էր Լիբանանում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. նա պատմել է, թե Ալիս Թերզյանն ինչպես է օգնել իրենց ընտանիքին. «Նման մարդիկ քիչ են աշխարհում: Այն ինչ գրված է տիկին Ալիսի մասին, ըստ երևույթին մեկ տասներորդ մասն է այն հատկանիշներից, որ ուներ այդ ազնվագույն կինը: Եթե համեմատենք Մայր Թերեզայի հետ, չգիտեմ՝ ում հատկանիշներն ավելի բարձր կգնահատվեն», -ասել էր նա:
Հուշագրությունը գրական կոթող է՝ նվիրված Ալիս Թերզյանի հիշատակին, որն իր արժանի տեղն ունի առհասարակ հայ մայրերին նվիրված ստեղծագործությունների կողքին: Իսկ «Լուսնի սոնատ» գիրքն ինքը մի հուշարձան է՝ ձոնված հայ մշակույթին, երկրին և այստեղ ապրող մարդկանց: Սա , ասես, երաժշտական ստեղծագործություն է, որտեղ ամեն ակնարկ, հուշ մի նոտա է, առանց որի կխախտվի ստեղծագործության կառուցվածքն ու ներդաշնակությունը…Մեկը մյուսից չքնաղ պատմություններ, որոնք պետք է կարդալ, զգալ ու խորհել…
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐՈՅ
Դյուրին չէր 20-րդ դարը հայ ժողովրդի համար՝ 1915-ի Ցեղասպանություն, պատերազմներ…և զրկանքներին հաջորդեցին ստալինյան բռնատիրության տարիները: Վտանգված էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ այնտեղ պահվող մեր դարավոր մշակույթի գանձերով: Բայց մի ժողովուրդ, որ աշխարհին Նարեկացի է տվել, չէր կարող դառնալ ժամանակի գերին և կորցնել սեփական դեմքը… Տասնամյակներ անց ազգը ոտքի կանգնեց ու վերականգնեց հավատքը՝ աշխարհին ներկայանալով իր հազարամյակների պատմությամբ, որից 1700 տարիներն ապրում է որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն աշխարհում ընդունած ժողովուրդ: Կլարա Թերզյանի՝ «Թռչունները վերադառնում են իրենց թևերով» գրքում տեղ է գտել «Դարձի ճանապարհները» փաստագրական վիպակը, որն արտացոլում է 1920-ական թվականներից մինչև դարավերջ՝ Հայաստանի հոգևոր, մշակութային, քաղաքական կյանքը: Ուշագրավ են հեղինակի մանկական հիշողության դրվագները, որոնք այդ ժամանակվա դրոշմը ունեն.
«Ծեր կինը, թոռան ձեռքից բռնած , վախվորած նայում է աջ, ձախ և երբ համոզվում է, որ իրեն տեսնող չկա, մտնում է եկեղեցի:
-Տե՛ր հայր, մկրտիր թոռանս, որ անմեռոն չմեծանա:
Կնոջը թվում է, որ երբեք այսպիսի հանդիսավոր մկրտություն ու գեղեցիկ երգեցողություն չի լսել: Փեշի խորունկ գրպանից հանում է պահած փողը ու, շնորհակալություն հայտնելով, խաչ անելով, դուրս է գալիս:
-Աստված ձեզ պահապան, -ասում է տեր հայրը:
Կինը փողոցում ինքն իրեն խոսում է.
«Հե՜յ գիտի ժամանակներ, առաջ կնունքից հետո մեծ սեղան էինք բացում, քեֆ անում, տեր հորն էինք հրավիրում…Հիմա գողի պես պիտի մտնենք եկեղեցի, դողանք, որ ոչ ոք չտեսնի: Եվ ինչքա՞ն են իշխելու այս անաստվածները, ու էս անմեղ գառնուկների ուղեղները պղտորելու: Օգնիր, Տեր Աստված , օգնիր մոլորյալներին» :
Նոր ուսմունքի նպատակն էր մարդկանց զրկել հիշողությունից, ապրած դարերից, նախնիների կանչից…» :
Չհաջողվեց: Ժամանակն ու բարքերը ի զորու չեղան խոնարհելու Հայոց եկեղեցին: Տարիներ անց՝ ազգային զարթոնքից ու հոգևոր վերարթնացումից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Վեհափառը եղավ երջանիկը կաթողիկոսներից, ով օրհնեց Հայոց նորանկախ պետության հիմքերը: Իսկ նրան հաջորդած մեր մյուս երջանկահիշատակ գահակալը՝ Գարեգին Առաջին Սարգիսյան կաթողիկոսը, Էջմիածին փոխադրեց ստալինյան ռեժիմին զոհ գնացած կաթողիկոս Խորեն Առաջին Մուրադբեկյանի աճյունը: Դա իր նախորդների՝ Գևորգ Վեցերորդ Չորեքչյանի և Վազգեն Առաջին Պալճյանի նվիրական իղձն էր: 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Խորեն Առաջին Մուրադբեկյանը վերաթաղվեց Էջմիածնում: Եվ ժողովուրդը կրկին վերապրեց 1930-ական թվականները ու խոնարհվեց բոլոր բռնադատված հոգևորականների հիշատակի առաջ:
Կլարա Թերզյանը պատմավիպասանի խորաթափանցությամբ ներկայացրել է հայ հավատքի վերածնման ճանապարհը, և թե ինչպես ժողովուրդն ի լուր աշխարհի տոնախմբեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը:
-Դարեր շարունակ Հայոց եկեղեցին եղել է ոչ միայն աղոթատեղի, այլև ժողովրդին համախմբել է իր հովանու տակ, իսկ փորձության ժամին պատսպարել : Եվ շատ անգամ , երբ հայը եկեղեցի է կառուցել երկրի երեսին՝ ի տես ամենքին, մյուսը կառուցել է ժայռի մեջ, ընդերքում և օժտել անտեսանելի ուղիներով,-ասում է Կլարա Թերզյանը: 1956.-ից սկսյալ նա ձայնագրել է եկեղեցական տոները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինի պատմական Պատարագները և հնչեցրել ռադիոյով։ Թեև հաղորդումները նախատեսված էին Սփյուռքում ապրող հայրենակիցների համար, բայց հայաստանաբնակները ևս մեծ հուզմունքով էին լսում։ Այդ հաղորդումները մեր պատմության թանկ մասունքներից են:
-Տիկի՛ն Թերզյան, ո՞ր արժեքները պահպանեցին մեր ազգին, -հարցնում եմ:
-Հավատն ու լեզուն, եկեղեցին ու մեսրոպատառ այբուբենը հային հայ պահեցին աշխարհում: Եկեղեցու լեզուն նրա զանգերն են: Ինչի՜ մասին ասես չեն ավետում՝ Պատարագ, եկեղեցական ծիսակատարություն, տոն…Զանգերն օրհասական պահին ժողովրդին ոտքի են հանել, առաջնորդել ի մարտ, ի կյանք ու հաղթանակ: Վկան ՝ մեր մոտիկ անցյալը՝ Սարդարապատի ճակատամարտը, որի 100-ամյակն ենք տոնելու այս տարի,-ասում է ժողովրդի մշակույթի պատմության վավերագիրը:
Այս խոսքերը լսելուց հետո մեկ անգամ ևս համոզվում եմ, որ այսպիսի հոգևոր հենասյուներ ունեցող ժողովուրդը չէր կարող ոսկեձույլ և ադամանդակուռ հուշարձան չկանգնեցնել՝ նվիրված Հայոց Այբուբենին և Հայոց Հավատքին: Իսկ այդ ստեղծագործությունների հեղինակի՝ մեծաշնորհ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի մասին Կլարա Թերզյանը պատմել է «Մերօրյա Մոմիկը» էսսեում։
ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ ԿԱՄ ՓՐԿՎԱԾ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ
Կլարա Թերզյանի «Փրկված մասունքներ» գրքում, ինչպես նախորդ «Բույլ մեծաց» հատորում անմահացել են 20-րդ դարի հայ մեծերից շատերը: Թերթելով գիրքը՝ ասես հայտնվում ես մեր հանճարեղ նկարիչների ու քանդակագործների արվեստանոցներում և ներկա գտնվում նրանց ստեղծագործությունների ծննդին: Ուզում եմ դարձյալ հիշատակել նրանցից մեկին՝ մեծատաղանդ ճարտարապետ, նկարիչ Բաղդասար Արզումանյանին։ Նա է հեղինակել Էջմիածնի Մայր տաճարում պահվող հայկական Ոսկե Այբուբենը և Հայկական Խաչը. դրանք կյանքի է կոչել ոսկերիչ վարպետ Ժիրայր Չուլոյանը: Այսօր այդ ստեղծագործությունները հայ հոգևոր մշակույթի փառքի այցեքարտերից մեկն են ամբողջ աշխարհում:
-Նրա ձեռքերը սովորական չէին,-ասում է տիկին Թերզյանը:- Նա կառուցել է բազմաթիվ աղբյուր-հուշարձաններ: Նրա անվան հետ է կապված Վեհարանի հարևանությամբ կառուցված «Գանձատունը», հյուրանոցը… Թվարկումները մեզ կտանեն մինչև Վեհափառ Հայրապետի գահը, գավազանը, Պատարագային հանդերձանքը, արծվագլուխ պանակեն, մատանին, տապանաքարը…Եվ դրանց կողքին Արզումանյանի նախագծերով են քանդակվել բազմաթիվ խաչքարեր, կառուցվել եկեղեցիներ Սպիտակում, Գյումրիում, Օդեսայում, Դվինում, Երևանում…Նրան է պատկանում Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու Սուրբ Սեղանի նախագիծը: Արզումանյանի աշխատանքներից է Կոստանդնոպոլսի ծովախորշում՝ Գնալի կղզում գտնվող հայկական եկեղեցու վերակառուցման, ավելի ճիշտ եկեղեցին հայացնելու նախագիծը, որը պետք է իրականացներ ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ…Արզումանյանը հեղինակել է նաև «Հայկական եկեղեցիներ « շքեղազարդ ալբոմը, որը լույս տեսավ 1970-ին…
Կլարա Թերզյանի՝ Բաղդասար Արզումանյանին նվիրված ակնարկում վեր է հառնում նաև Վազգեն Առաջին Վեհափառի ազնվափայլ կերպարը, ով ճիգ ու ջանք չէր խնայում հայ մշակույթի անանց արժեքները պահպանելու և հավերժացնելու համար: Կլարա Թերզյանը առիթ է ունեցել Բաղդասար Արզումանյանի ուղեկցությամբ լինել Էջմիածնում և արվեստի այդ գործերը տեսնել հեղինակի բացատրությամբ:
«Առաջին անգամ , երբ կաթողիկոսը պատվիրեց իր համար պանակե պատրաստել, ես ասացի.
-Վեհափառ, ես ոսկերիչ չեմ , ես քարի մարդ եմ.
Ասաց.
-Ո՛չ, դու կարող ես անել:
Նա այնպիսի հաստատակամությամբ ասաց, որ ես չկարողացա հակաճառել: Մի քանի օր հետո էսքիզը ներկայացրի , և նա շատ հավանեց : Դա իմ առաջին ոսկերչական աշխատանքն էր: Ամեն անգամ, երբ գնում էի նրա մոտ, հաճույքով նայում էի իմ աշխատանքին, որ զարդարում էր նրա կուրծքը:
-Իսկ ո՞վ իրականացրեց Ձեր էսքիզը:
-Կար գերազանց վարպետ՝ Ժիրայր Չուլոյան, որը հետագայում գնաց Ամերիկա և, ցավոք , այնտեղ մահացավ:
-Ամեն աշխատանք իր հետաքրքիր պատմությունն ունի: Օրինակ, Այբուբենի պատվերն ինչպե՞ս եղավ:
-Մի օր երեկոյան Վեհափառն ինձ իր մոտ կանչեց: Ձեռքին մի քառակուսի փոքրիկ տուփ կար: Եվ սկսեց հեռվից .
-Ես ուզում եմ հայկական Այբուբենը պատրաստել՝ թանգարանում ցուցադրելու համար:
Միամտորեն հարցնում եմ.
-Վեհափառ, ինչի՞ց…
-Մետաղից:
-Արծաթի՞ց:
-Ոչ, ոսկուց:
-Վեհափառ, այդքան ոսկի որտեղի՞ց:
-Քո ի՞նչ գործն է:
Այդ աշխատանքի վրա գնաց 23 ու կես կիլոգրամ ոսկի՝ 36 տառի, խորանի ու շրջանակի համար: Բայց խնդիրը ոսկին չէ, այլ ինչպե՞ս է իրականացված՝ ամեն տառը ցուցադրված է ութից մինչև տասնվեց, տասնութ ադամանդներով: Հանգույցներին ագուցված են ադամանդներ: Շրջանակի վրա նույնպես զետեղված են թանկարժեք քարեր: Աշխատում էինք, որ ամեն ինչ լինի բնական քարերով: Այդ մասին գիտեինք Վեհափառը, ես և Ժիրայր Չուլոյանը»:
Վեհափառի հաջորդ քայլը եղավ Հայկական Ոսկե Խաչի պատվերը՝ նույնպես ոսկեձույլ և ադամանդաշող, որը ևս դարձավ իրականություն: Դարեր շարունակ Այբուբենն ու Հավատքը պահում են մեր հավերժական երթը:
– Այս սուրբ տառերը Վեհարանում հնչում են հպարտ ու տիրաբար, արձագանքում բոլոր կողմերից, -ասում է տիկին Կլարա Թերզյանը:-Ուզում եմ հիշել բարձրաստիճան հոգևորականներից մեկի՝ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի խոսքերը. «Ժամանակներ կգան ու կանցնեն, բայց կմնա այն ինչ կառուցված է: Ես վստահ եմ, որ Բաղդասար Արզումանյանը կմնա որպես նրբաճաշակ և՛ ինժեներ, և՛ կառուցող, և՛ ճարտարապետ, և՛ նկարիչ ու մանրանկարիչ, և՛ գրող բոլորի հիշողության մեջ։ Նա Վեհափառ Հայրապետի սիրելին էր»:
ՀԱՎԱՏԱՄՔ
– Մեր ժողովուրդը ,- ասում է Կլարա Թերզյանը,- հոգով միշտ հպարտ ու հարուստ է եղել, և այդ հատկություններն են մեզ պահել: Չկորցնենք, կարողանանք գնահատել և պահել Աստծո տված այդ հատկանիշները: Երկրաշարժի, Արցախյան պատերազմի մութ, ցուրտ, սոված տարիներին մենք կարծում էինք, որ կյանք է մտնում ուսումից հեռացած սերունդ…Կարծում էինք…Բայց ներկա եղա թոռանս դպրոցի ավարտական հանդիսությանը, բեմում տեսա գեղեցիկ, բարեկազմ, գիտելիքը բարձր դասող երիտասարդների, ովքեր հավատով էին կյանք մտնում: Ասես նրանց ուսերին չէր փշրվել մեր ժողովրդին բաժին հասած դժվարությունները: Ինչպե՜ս սկսեցին ուսումը և ինչպե՜ս էին հրաժեշտ տալիս դպրոցին: Եվ սա է հայկական հրաշքը՝ «թռիչք անսպասելի ելակետից»: Երբ մեր ազգի համար ծանր ու դժվար է լինում, ծնվում է հրաշք սերունդ: Եվ ես հավատում եմ այս սերնդին․․․
Նա համոզված է , որ էլի՛ են ծնվելու հանճարներ, ովքեր հայկական մշակույթը և գիտությունը հասցնելու են աննախընաց բարձունքի: Նա լավատեսորեն է նայում մեր ազգի ապագային: Որովհետև պայծառ հոգիներին բնորոշ է լավատեսությունը: Ճանաչված լրագրող-հրապարակախոս Հրաչուհի Փալանդուզյանը միանգամայն ճիշտ է բնորոշել Կլարա Թերզյան Հայուհուն իր՝ «Գեղեցկությունն ամփոփված է նրա ծավի աչքերում, որոնք նայելու փոխարեն ճառագում են» դիմանկարային ակնարկում գրելով.
«Եթե ուզում ես դատարկված հոգիդ կրկին խլրտա, հեռախոսը վերցրու և զանգհարիր Կլարա Թերզյանին: Իսկ եթե պատահի՝ հյուրընկալ հարկի տակ իրեն ունկնդրես, դուրս կգաս՝ լույսի շողը կոպերիդ մեջ ամուր պահած»:
…Ես դուրս եմ գալիս տիկին Կլարա Թերզյանի բնակարանից՝ մեր ժողովրդի անցյալը սրբազան մասունքների պես պահած կնոջ ներկայությունից ուժ առած: Անհնար է նրա կերպարը լիարժեք նկարագրել: Ուզում եմ կրկին հիշել անվանի արձակագիր Հրաչյա Մաթևոսյանի խոսքերը, որոնք նվիրված են Հայկական ռադիոյի երախտավոր Կլարա Թերզյանին.
«Լավ օրերի հավատը միշտ հավատ ունեցող մարդկանց հետ է: Հավատում եմ, որ դեռ լավ օրեր են գալու, լավ օրերի մեջ երևալու են լավ մարդիկ, Կլարա Թերզյանը հասցնելու է նոր ձայներ որսալ՝ մեր ժողովրդի ընտրյաների ձայները…Բառի խիղճը թող ցորենի հատիկի նման շարունակի ուղեկցել մեր գրի ու ձայնի նվիրյալին՝ անզուգական Կլարա Թերզյանին…»
P.S. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «Ձեռագրերի կրկնօրինակման և մակետավորման բաժնի» ղեկավար, մանրանկարչուհի Լիլիթ Ամիրջանյանը Կլարա Թերզյանի սիրելի արվեստագետներից է: Հետաքրքիր զուգադիպությամբ անվանի ռադիոլրագրողի և գրողի հետ մեր զրույցի ընթացքում նրան հյուր եկավ Լիլիթ Ամիրջանյանը , ով միջնադարյան հայ մանրանկարչության հարուստ ավանդույթների կրողն ու շարունակողն է, մեր ազգային արժեքների փոխանցողը ապագա սերունդներին: Նա Կլարա Թերզյանին նվիրեց իր հեղինակային աշխատանքներից մեկը՝ «Տերունական աղոթք»-ը: Այդ եզակի ստեղծագործության հետ էլ մենք նրան լուսանկարեցինք, որը կարևոր խորհուրդ ունի…
Հասմիկ Պողոսյան
Լուսանկարիչ՝ Գագիկ Պողոսյան