Կապանի (Զանգեզուրի) պղնձիհանքավայրը գրավում է մոտ 25 քռ.կմ տարածություն և գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: Միջին ջերմաստիճանի ջրաջերմային հանքավայր է՝ կապված միջին յուրայի հրաբխային գործունեության հետ։
Հանքայնացումը պլագիոկլազային և քվարցային պորֆիրիտների մեջ է՝ ներկայացված երակներով (ավելի քան 500 արդյունաբերական նշանակության հանքային երակ) և երակիկացանավոր գոտիներով։Հանքայնացումը ներկայացված է երակներով և երակիկացանավոր զոնաներով։ Հանքային մարմիններն ըստ տարածման և անկման հետամտված են մինչև մի քանի հարյուր մետր։ Երակի կացանավոր զոնաների հաստությունը հասնում է 30— 40 մ, ըստ խորության՝ ավելի քան 500 մ։ Խորքում շատ երակներ սեպաձև մարում են, իսկ մյուսները միանում միմյանց, ստեղծելով ավելի հզոր «մայր» երակներ։ Հանքառաջացման պրոցեսի զարգացումն ընթացել է փուլային կարգով։
Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում հիմնականում մասնակցում են պորֆիրիտներ և քվարցային պորֆիրիտներ, որոնք ծածկված են տուֆակոնգլոմերատներով և ավազաքարերով։ Դրանք համատեղ ճկված են և առաջացնում են հյուսիս-արևմտյան տարածում ունեցող բրախիանտիկլինալ ծալք, որի միջուկային մասում ներդրված են քվարցային պորֆիրների ու ալբիտոֆիրների շտոկեր և դայքաներ։
Բրախիանտիկլինալային ծալքը խախտված է հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան, միջօրեական և լայնակի տարածման խզվածքներով։ Հրաքարային հանքավայրերի տեղաբաշխման գործում, մագմայական պրոցեսից բացի, կարևոր դեր են կատարել նաև խզումնային խախտումները և լիթոլոգաշերտագրական գործոնները։ Մեխանիկական տարբեր հատկություններով օժտված ապարների սահմանամերձ մասերում, բեկորատման և սահքի պրոցեսների ինտենսիվ դրսևորման հետևանքով, առաջացել են հանքաբեր լուծույթների բեռնաթափման համար բարենպաստ պայմաններ:
Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, քիչ քանակությամբ՝ խալկոպիրիտ, սֆալերիտ, քվարց, կալցիտ, անհիդրիտ, գիպս և այլ միներալներից։ Պղնձի պարունակությունը 1, 54, 6% է։ Կան նաև ոսկի (մինչև 0, 3 գ/տ) և արծաթ (մինչև 24 գ/տ):
Հանքավայրի բնապահպանական վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար պղնձի և ծծմբի բարձր կոնցենտրացիայի հաշվին:
Հայտնի է հնագույն ժամանակներից, շահագործվում է 1846 թվականից։ Կապանի պղնձի հանքավայրի հիմքի վրա գործում է Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան։