Փետրվարի 17-ից 28-ը «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ինքնաբուխ հայ ստեղծագործող Ժանետա Նաջարյանի՝ «Կյանքս կտավի առջև» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսատեսի դատին ներկայացվեց նկարչի ստեղծագործությունների ընտրանին՝ տասնամյակների ընթացքում արարած լավագույն և ամենագունեղ աշխատանքները:
Ցուցադրության դահլիճը իրենց ջերմությամբ ու լույսով ողողեցին հայրենի բնության և կենցաղի պատկերները, որոնք իրենց մեջ արտացոլում են նորանուն նկարչի կյանքի ու գործունեության կարևորագույն դրվագներն ու տեսարանները:
ostarmenia.com կայքին տված բացառիկ հարցազրույում բանասեր, նկարչուհի Ժանետա Նաջարյանը ներկայացրեց իր ստեղծագործական ուղին և կիսվեց իր գործունեության մասին մտորումներով։
Ծնվել է 1944 թվականին Գավառում։ Նկարչությամբ զբաղվում է գրեթե 20 տարի։ Ժանետա Նաջարյանը խոստովանեց, որ մշտապես սիրել է գեղանկաչությունը, և իր համար հոգեհարզատ ուղվածությունն է եղել իմպրեսիոնիզմը, որի ազդեցությունը նկատելի է նրա աշխատանքներում:
«Սկսեցի զբաղվել նկաչությամբ թոշակի անցնելուց ու թոռներիս մեծանալուց հետո: Պարզապես մի օր ցանկացա նկարել ու փորձեցի: Այն ժամանակ ես արդեն 60 տարեկան էի», -ասաց նա:
Նաջարյանը շեշտեց, որ հատուկ չի սովորել նկարել, այլ փորձում էր անել այն, ինչ կարող է. սկզբում պատկերելով գծանկարներ, իսկ հետո՝ տեսարաններ:
«Միգուցե յուրաքանչյուր մարդու մոտ կա իր առաքելությունը, որը ծնվում է նրա հետ և մի օր անպայման պետք է իրագործվի», -նշեց նկարիչը:
Ժանետա Նաջարյանի խոսքով՝ իր համար խորթ է կրկնօրինակումը. ամեն մի նկար արտացոլում է իր սեփական աշխարհայացքը և ընկալումները, թեև մեծանուն նկարիչներից նա նախընտրում է Գոգենին: Նկարիչը զերծ է մնում դիմանկարներից՝ գտնելով, որ դա վարպետների մենաշնորհն է:
«Չեմ ստեղծում դիմանկարներ, քանի որ դա պետք է պրոֆեսիոնալ անել, իսկ աբստրակտ նկարչությունը խորթ է ինձ համար, թեև այն դարհիմանկան հիմնական ոճերից է», – մանրամասնեց նա:
Գրեթե 20 տարվա ընթացքում Ժանետա Նաջարյանը ստեղծել է շուրջ 100 ինքնատիպ պատկերներ, որոնց մի մասը ներկայացվել է ցուցահանդեսներում, նվիրաբերվել և վաճառվել:
«Այժմ քիչ եմ նկարում, քանի որ առկա է տարածքի խնդիր, անհրաժեշտ է համապատասխան լուսավորություն», – ասաց նա:
Նա նկարում է մի շնչով և արագությամբ, փորձելով իր նկարներում փոխանցել այդ պահին իրեն այցելած հիշողությունները կամ վերապրած տպավորությունները:
«Հազվադեպ եմ թողնում նկարի ավարտը հաջորդ օրվան: Երկար չեմ աշխատում: Անում եմ այնքան, որքան կարող եմ: Եթե թողնեմ հաջորդ օրվան, ապա նկարում շատ բան կարող է փոխվել, քանի որ նոր օրվա հետ փոխվում է թե՛ տրամադրությունը թե՛ տպավորությունները», – խոստովանեց նա:
Նաջարյանը դեռ չի պատրաստվում ստեղծագործել ժամանակակից ոճերով՝ գտնելով, որ դրանց ընկալելու համար իրեն դեռ ժամանակ է հարկավոր:
«Ստեղծագործելու ժամանակ պետք չէ զոռ տալ երևակայությանը: Ժամանակակից արվեստը շատ դեպքերում հենց այդ պատճառով դարձել է անհասկանալի: Վրձնին պետք է հանձնել այն, ինչ զգում ես ու հասկանում», – ասաց նկարիչը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ժանետա Նաջարյանի թոռան՝ Յուրի Կարասեֆերյանի նախաձեռնությամբ: Նկարչուհու խոսքով՝ ընտրանին համալրեցին իր համար հատուկ նշանակություն ունեցող գործերը, որոնց ընդհանրացնում են գույների վառ ներկապնակը և հատուկ զգացմունքայնությունը:
«Այստեղ են ինչպես հարազատներիս տրված, այնպես էլ իմ անձնական պահոցից նկարները։ Հուսով եմ, որ այս ցուցադրությունը խթան կդառնա հաջորդների համար, հնարավորություն կընձեռի ավելի բեղմնավոր գործունեությանը», -ավարտելով խոսքը, նշեց 76-ամյա նկարչուհին: