Դեկտեմբերի 13-ին ՀՀ Նկարիչների միության դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ես եմ» խորագիրը կրող երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառումը նվիրված է հայկական մշակույթի երևելիներից՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։
Ցուսահանդեսին մասնակցության հայտ ներկայացրած երիտասարդներից 32-ը մրցույթային կարգով էին ընտրվել։ Նախագծի համակարգողներն էին գեղանկարիչներ Արթուր Շարաֆյանը, Աշոտ Ավագյանը, Արմեն Վահրամյանը, Շոթա Ոսկանյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը։
Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը վստահեցրեց, որ երիտասարդ նկարիչներից շատերը մոտ ապագայում իրենց ստեղծագործական կենսագրություններով կհարստացնեն Ազգային կերպարվեստի մշակույթի գանձանակը։
«Ես եմ» ցուցահանդեսի խորհրդի անդամ Վիգեն Ավետիսը, խոսելով ցուցահանդեսի կարևորության մասին, նշեց. «Սա մեր ազգային մշակույթի նոր տաղանդների բացահայտմանև նրանց ստեղծագործությունները լայն հասարակությանը ներկայացնելու համար աննախադեպ հնարավորություն է։
Ինձ բախտ վիճակվեց մաս կազմել այս միջոցառմանը՝ որպես քանդակի բաժնի պատասխանատու, և հպարտությամբ պիտի նշեմ, որ ընտրված արվեստագետները իրենց մասնագիտական հմտություններով, մտքի թռիչքով պատրաստ են ներկայանալ աշխարհի լավագույն ցուցասրահներում և թանգարաններում»։
Միջոցառման վերջում ներկաները ստացան երիտասարդ ստեղծագործողների գործեր պատկերագիրքը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը: