Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» մարդկայնության զարգացմանն ուղված կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնը: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։
Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր, երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։
Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:
«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները: