Պետականության կորստյան հետևանքով հայ նոր թատրոնը զարգացել է այն երկնրերում, ուր աստիճանաբար ծնունդ են առել հայկական գաղթօջախները (Լեհաստան, Իտալիա, Ռուսաստան, Եգիպտոս, Հնդկաստան): Դրսում` XX դարի սկիզբին կրոնական թեմաներով պիեսները իրենց տեղը զիջել են պատմական դրամաներին և կենցաղային կատակերգություններին:
XIX դարի 60-ական թվականները նշանավորվում են հայկական միջավայրում պրոֆեսիոնալ հայ նոր թատրոնի ստեղծմամբ: XIX դարի վերջը և XX դարի սկիզբը հայ իրականության մեջ հայտնի է հանրամատչելի ժողովրդական թատրոնների ստեղծմամբ: Դրանք լայն տարածում են գտել հատկապես Թիֆլիսի և Բաքվի հայության բանվորական շրջաններում:
Հայկական կլասիցիզմի հայտնի ներկայացուցիչ Ա. Բագրատունին ոչ միայն թարգմանել է ու հայ իրականությանն է հարմարեցրել արևմտաեվրոպական դրամատուրգների երկերը, այլև գրել է պատմական ողբերգություններ («Երուանդ» բեմ. 1815, «Արտաշես», բեմ. 1816): Վենետիկի թատրոնի նշանավոր դեմքը կլասիցիստ դրամատուրգ, տեսաբան, թատերական գործիչ Պ. Մինասյանն էր: 1845-ին նա մի գրքով հրատարակել է «Խոսրով Մեծն» և «Սմբատ Առաջին» ողբերգությունները: Վենետիկի թատրոնը իր գոյության 200 տարների ընթացքում բեմադրել է շուրջ 300 պիեսներ: Միաբանությունը նման թատրոններ է կազմակերպել հայակական համայքներ ունեցող բոլոր երկրներում: Կ.Պոլսի կաթոլիկական թատրոնը, որը գոյատևել է շուրջ 20 տարի,1810-ից ղեկավարել է Մ. Բժշկյանը: Նա 1815-17-ին նույն քաղաքում աշխարհաբարով ներկայացումներ է տվել Տյուզյան եղբայրների մասնավոր թատրոնում, իսկ 1824-ին՝ Ղարասուբազար(այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմում)իր հիմնադրած հայկական դպրոցում կազմակերպել է սիրողական թատրոն(գոյատևել է մինչև 1875-ը): Նույնպիսի թատրոն է կազմակերպվել 1836-ին , Իզմիրի Մեսրոպյան վարժարանում:
19-րդ դարի սկզբին Կալկաթայի հայկական դպրոցին կից բացվել է թատրոն, որը, բացի այլ պիեսներից, 1821-ին բեմադրել է Մ. Մկրտչյանի «Խտրադիմա դժրողության» կենցաղային կատակերգությունը:
Հայ ժողովրդի համար պատմական նշանակություն է ունեցել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Դրա փայլուն օրինակներից է Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»կատակերգության անդրանիկ բեմադրությունը հեղինակի ներկայությամբ՝ Երևանում, 1827-ին:
Թիֆլիսում հայ բեմարվեստը սկզբնավորողներից է թատերական հասարակական գործիչ, դրամատուրգ Գ Շերմազանյանը, որը 1836-ից ներկայացումներ է տվել «Շերմազանյան դարբաս» սեփական թատրոնում: 1841-ին բեմադրվել է նաև իր «Նկարագրութիւնք ինչ-ինչ գործոց Կարապետի եպիսկոպոսի վիճակաւոր առաջնորդի հայոց գաղթելոց ի Տայս» պիեսը՝ հայ դրամատուրգիայում երգիծական անդրանիկ կատակերգությունը:
1834-ին Ս. Տիգրանյանի կողմից թարգմանված և հրատարակված Ռասինի «Գոթողիա» ողբերգությունը, որին կցված «Ինչ-ինչ գեղերերգութենէ» վերնագրով առաջաբանը հայ թատերագիտության մտքի անդրանիկ էջերից է: 1837-1840-ին Թ. Խատամյանի հետ նա սիրողական ներկայացումներ է կազմակերպել Նոր Նախիջևանում: 1846-ին Կ.Պոլսում Հ. Գասպարյանը կազմակերպել է «Արամյան թատրոն»-ը, որը գործել է 20 տարի: Կ. Պոլսի թատրոնում առանձնահատուկ տեղ են գրավել 1856-ին և 1858-ին Մ. Պեշիկթաշլյանի և Ս. Հեքիմյանի ղեկավարած թաղային թատրոնները:
Թատերարվեստի առաջընթացին նպաստել է դրամատուրգ և հասարակական գործիչ Ա. Հայկունու 1857-ին հիմնած «Մուսայք Մասյաց» շաբաթաթերթը, որը հրատարակել է թատերական հոդվածներ, ինքնուրույն և թարգմանական պիեսներ:
1858-ին, Մոսկվայում կազմակերպվել է հայկական թատերական խումբ, որը 1859-68-ին մշտապես ներկայացումներ է տվել մասնավոր թատրոններում: Թատերախմբում էին՝ Վ. Շահխաթունյանը, Մ. Տեր-Գրիգորյանը, Ս. Մանդիկյանը, Ա. Քիշմիշյանը, Գ. Երեցփոխյանը, Հ. Գուրգենբեկյանը, Ա. Սուլթանշահը, Ն. Փուղինյանը, Գ. Քուչարյանը, որոնք հետագայում իբրև դրամատուրգներ և դերասաններ նպաստել են հայ նոր թատրոնի ձևավորմանը: Մոսկովյան հայ թատերախմբի անդրանիկ ներկայացումը(Ս. Վանանդեցու «Արիստակես» ողբերգությունը և Ն. Ալադաթյանի «Վա՜յ իմ կորած հիսուն ոսկին» վոդևիլը» կայացել է 1859-ին հունվարի 27-ին:
Պրոֆեսիոնալ նոր թատրոնի ձևավորմանը նպաստել է Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի Ազգ. Թատրոնը, ուր առաջին անգամ բեմադրվել են Խ. Գալֆայանի «Արշակ Երկրորդ» պատմական ողբերգությունը (1861) և «Ալաֆրանկա» կենցաղային կատակերգությունը (1862):
Թիֆլիսի հայ թատերական կյանքում խոշոր վաստակ ունեն Ներսիսյան դպրոցի ուսուցիչներ, դրամատուրգներ և քննադատներ Մ. Պատկանյանը, Հ. Կարենյանը, որոնք 1859-62-ին կազմակերպել են մի շարք կիսասիրողական թատերախմբեր: Կարենյանը հիմանականում բեմադրել է պատմական դրամաներ, ողբերգություններ և մելոդրամաներ, Պատկանյանը՝ ժամանակակից կյանքն արտացոլող կենցաղային պիեսներ:
1861-ի դեկտեմբերի 17-ին Ս. Հեքիմյանի, Մ. Պեշիկթաշլյանի և Հ. Սվաճյանի ջանքերով Կ. Պոլսում կազմակերպված նոր պրոֆեսիոնալ «Արևելյան թատրոն»-ում տրվել է առաջին ներկայացումը: Թատերախմբում էին Պ. Մաղաքյանը, Հ. Աճեմյանը, Ս. Պենկլյանը, Մ. Մնակյանը, Դ. Թրյանցը, Ս. Էքշյանը, Հ. Վարդովյանը, Թ. Ֆասուլաճյանը, Ա. Փափազյանը և ուրիշներ: Անդրանիկ ռեժիսորն էր իտալացի Ասթին: Թատրոնի համար կառուցվել է հատուկ շենք: «Արևելյան թատրոն»-ը խաղացանկում հիմնական տեղը հատկացվել է Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, Թ. Թերզյանի, Ս. Վանանդեցու, Հ. Սվաճյանի, Ռ. Սետեֆճյանի, Ս. Թղլյանի պատմա-հայրենասիրական ողբերգություններին, ինչպես նաև Վ. Ալֆիերիի, Ֆ. Վոլտերի, Վ. Հյուգոյի, Ա. Դյումահոր, Ժ. Բ. Մոլիերի երկերին: Պ. Մաղաքյանը ավելի հայտնի է եղել իբրև թատերական գործիչ, ռեժիսոր, մանկավարժ: Նրա աշակերտներն էին Ազնիվ Հրաչյանը և Պ. Ադամյանը: Խմբի առաջնատարն էր Արուսյակ Փափազյանը`անդրանիկ հայ պրոֆեսիոնալ դերասանուհին:
1863-ի սկզբին Գ. Սունդուկյանի, Մ. Տեր-Գրիգորյանի, Մ. Պատկանյանի, Հ. Կարենյանի և այլոց նախաձեռնությամբ, Պ. Պռոշյանի և Գ. Չմշկյանի ղեկավարությամբ միաժամանակ կազմակերպվել է երկու թատերախումբ, որոնք հանդես են եկել Ա. Թամամշյանի քաղաքային թատրոնում: Այդ թատերախմբի հիման վրա կազմակերպվել է մշտական թատրոն, որը ղեկավարել է Գ. Չմշկյանը: Նոր թատերախմբում էին Մ. Ամրիկյանը, Ա. Սուքիասյանը, Ս. Մանդինյանը, Ս. Մատինյանը, Ն. Մելիք-Նազարյանը, Ս. Շահինյանը, Վ. Շահխաթունյանը, Ս. Չմշկյանը, Ք. Արամյանը, Գ. Միրաղյանը և ուրիշներ, բեմանկարիչն էր Ս. Աբամելիքյանը: Թատրոնը բացվել է 1863-ի հոկտոմբերի 23-ին ներկայացվել են` Մ. Տեր-Գրիրգորյանի «Ժլատ» կենցաղային դրաման և Գ. Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» վոդևիլը:
Հայ բեմում առաջին անգամ բեմադրվել է ռուսական ռեալիստական դրամատուրգիան` Ա. Օստրովսկու «Ուրիշի սահնակ մի նստիր»(1864) և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիք»(1865):
Սունդուկյանի ստեղծագործությունը հայ ազգային դրամատուրգիայի բարձրագույն փուլն է: Նրա պիեսները` «Գիշերվա սաբրը խեր է» (բեմ. 1863), «Խաթաբալա»(բեմ.1866), «Օսկան Պետրովիչն էն կնքումը» (բեմ. 1866), «Մալխաս»(բեմ. 1866), «Եվայլըն կամ Նոր Դիոգինես» (բեմ. 1869), «Էլի մեկ զոհ»(բեմ. 1870), «Պեպո»(բեմ. 1871), «Քանդած օջախ»(բեմ. 1873), «Ամուսիներ»(բեմ. 1890), «Բաղնըսի բոխչա»(բեմ. 1907), «Սեր և ազատություն»(բեմ. 1909) հայ թատրոնի համար ունեցել են բարեփոխիչ նշանակություն:
Ս. Չմշկյանը, Մ. Ամրիկյան և Ս. Մանդինյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, դառնալով այդ քաղաքներում ազգային թատրոնի հիմնադրիներից:այ թատրոնի համար ունեցել են բարեփոխիչ նշանակություն:
19-րդ դարի 60-70-ական թթ. ստեղծագործական վերելք է ապրել նաև Կ. Պոլսի հայ թատրոնը: Ամենանշանավորը թատերական գործիչ և ռեժիսոր Հ. Վարդովյանի թատերախումբն էր` «Օսմանյան թատրոն»-ը,որը գործել է տասը տարի: Այն հայերեն և թուրքերեն բեմադրել է մոտ 200 պիես, տվել է 2000 ներկայացում: Մի ամբողջ տասնամյակ այդ կոլեկտիվը Թուրքիայում միակ պետական թատրոնն էր: Վարդովյանի դրամատուրգիան ասպարեզ է բերել Պ. Դուրյանին(«Արտաշես աշխարհակալ»,«Սև հողեր», «Անկումն Արշակունի հարստության», «Վարդ և Շուշան»,«Թատրոն կամ Թշվառներ» ևն), որը խորացրել և զարգացրել է Պեշիկթաշլյանի և Հեքիմյանի ավանդները: Վարդովյանը նպաստել է հայ երաժշտական թատրոնի ստեղծմանը: Տ. Չուխաճյանը, որն «Արևելյան թատրոն»-ի երաժշտական մասի ղեկավարն էր, 1868-ին գրել է «Արշակ Երկրորդ» օպերան, ապա «Արիֆ»,«Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի»օպերետները: 1875-ին նա «Արևելյան թատրոն»-ի դերասան Ս. Պենկլյանի հետ կազմակերպել է երաժշտական թատրոն, որը այդ բնագավառում ամենախոշորն էր Մերձավոր Արևելքում: «Արևելյան թատրոնի» և «Օսմանյան թատրոնի» դերասաններից կազմված «Օսմանյան դրամատիկ թատերախումբը» 1885-1914-ին ղեկավարել է Մ. Մնակյանը:
XIX դարի 60-70-ական թթ. Արևմտահայ դրամատուրգիայի ասպարեզ է մտել Հ. Պարոնյանը: Նրա երկերից են՝ «Ատամնաբույժն արևելյան», «Շողոքորթը» և այլ կատակերգություններ, սակայն նրա դրամատուրգիայի գլուխգործոցն է համարվում «Պաղտասար աղբար»-ը:
Եթե XIX դարի 70-ական թթ. արևմտահայ թատրոնը վերելքի ընթացքում էր, ապա արևելահայ թատրոնը որոշակի լճացում էր ապրում: Գ. Չմշկյանի, Ն. Ամատունու, Ա. Հովհաննիսյանի և Գ. Սունդուկյանի ջանքերով 1879-ին ստեղծվել է նոր թատերական կոմիտե, որի համաձայնությամբ էլ Չմշկյանիը մեկնել է Կ. Պոլիս և թատերախումբ հրավիրել Պ. Ադամյանին, Սիրանույշին և Աստղիկին: Ռեժիսորներն էին Գ. Չմշկյանը և Գ. Սունդուկյանը; Այս թատրոնում սկիզբ է առել և խորացել արևմտահայ և արևելահայ խաղաոճերի փոխադարձ մերձեցումը: 1879-82-ին Թիֆլիսի հայ թատրոնը հասել է հսկայական հաջողությունների: Կ. Պոլիս վերադարձած Սիրանույշին և Աստղիկին փոխարինել են Կ. Պոլսից հրավիրված Ե. և Վ. Գարագաշյանները, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյան: Թատրոնի լավագույն բեմադրություններից էին՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Համլետ», Մոլիերի «Դոն Ժուան», Շիլլերի «Դոն Կարլոս», «Ավազակներ», Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Գոգոլի «Ռևիզոր», Լերմոնտովի «Դիմակահանդես»: Ազնիվ Հրաչյայի տաղանդի հասուն շրջանը թիֆլիսյան տարիներն էին: Լավագույն դերերից են՝ Պորցիա(Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Նինա(Լերմոնտովի «Դիմակահանդես»), Ռուզան(Մուրացանի «Ռուզան»), Մարգարիտ Գոթիե(Դյումա-որդու «Կամելիազարդ տիկին»): Գ. Գարագաշյան՝ Մեդեա(Եվիրպիդեսի «Մեդեա»), Կատրին Հովարդ (Դյումա-հոր «Կատրին Հովարդ»): Մ. Մնակյանի գործունեության անենաբովանդակալից շրջանը թիֆլիսյանն էր: Այդ շրջանի լավագույն դերերից են Պետրուչիո, Կլավդիոս(Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Համլետ»), Կարլ Մոոր(Շիլլերի «Ավազակներ»), Ժորժ Դյուվալ(Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Քաղաքագլուխ(Գոգոլի «Ռևիզոր»), Ֆամուսով(Գրիբոյեդովի«Խելքից պատուհաս»), Արբենին(Լերմոնտովի «Դիմակահանդես»): Այդ տարիներին Թիֆլիսի հայ թատրոնը հարստացել է ռեալիստ դերասանների նոր սերդով, որի աչքի ընկնող դեմքերից էին՝ Գ. Տեր-Դավթյանը, Վարդուհին, Մ. Ավալյանը, Մ. Մանդինյանը: Խաղացանկում էին Ա. Քիշմիշյանի, Ս. Արծրունու, Է. Տեր-Գրիգորյանի պիեսները: Է. Տեր- Գրիգորյանը նաև թատերական գործի կազմակերպիչն էր Երևանում:
1880-ական թթ. հայ թատրոնի հենքի վրա բարձրացել է հանճարեղ ողբերգակ Պ. Ադամյանի ստեղծագործությունը: Նա կերտել է համաշխարհային խաղացանկի հարուստ պատկերաշար, որի գագաթներն են՝ Համլետ, Օթելլո, Լիր(Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա»): Նրա ստեղծագործությանը բնորոշ էր ռոմանտիզմը, բայց կարողացել է նաև խորապես և ճշմարտացի թափանցել հերոսների ներաշխարհը, արտահայտել ժամանակի ամենահրատապ գաղափարները, բացահայտել իդեալի և իրականության հակասությունները, բողոք հրահրել սոցիալական և ազգային հարստահարման դեմ:
XIX 90-ական թթ կապված են թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան Գ. Պետրոսյանի անվանը: Նա մեծ վաստակ ունի հոգեբանական ռեալիզմ հաստատելու, բեմական անսամբլ մշակելու, կատարողական կուլտուրան բարձրացնելու ասպարեզում: Սոցիալական խոշոր ընդհանրացման է հասել Վանյուշին(Նայդյոնովի «Վանյուշինի զավակները»), Կառապան Հենշել (Հաուպտմանի «Կառապան Հենշել»), Ռագոժին(«Ապուշը», ըստ Դոստոևսկու), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր») դերակատարումներում:
1891-ին Գ. Պետրոսյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում կազմակերպվել է նոր թատերական կոմիտե, որի հաձնարանությամբ նա մեկնել է Կ. Պոլիս, կրկին հրավիրել Սիրանույշին՝ նրա հետ նաև նշանավոր կատակերգակ դերասան Դ. Թրյանցին, որի անվանն են կապված Մոլիերի կերպարների դասական մարմնավորումները: Նա եղել է կատակերգակ դերասաններ Վրույրի, Գ. Ավետյանի, Պ. Արաքսյանի, Ա. Մամիկոնյանի և այլոց ուսուցիչը:
19-րդ դարի վերջին հայ թատրոնի առաջատար դեմքը Սիրանույշն էր: Չհրաժարվելով ռոմանտիկական խաղաոճից, իր արվեստի հատուկ շրջանում Սիրանույշը կարողացել է խոր և ճշմարտացի վերարտադրել հերոսուհիների զգացմունքները: Նրա բուռն տեմպերամենտը և վիրտուոզ տեխնիկան օգնել են ազգային ինքնատիպության դրսևորմանը: Սիրանույշի հերոսուհիները ուժեղ, անընկճելի անհատներ էին, որոնք պայքարում էին բռնակալության և իրավազրկության դեմ:
Սիրանույշը հայ թատրոնի պատմության մեջ եղել է Մեդեայի(Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Հովհաննա դ՛Արկի (Շիլլերի «Օռլեանի կույսը»), Համլետի (Շեքսպիրի «Համլետ»), Մարի Ստյուարտի (Շիլլերի «Մարի Ստյուարտ»), Զեյնաբի (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Մարգարիտ Գոթիեի (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլ դերերի դասական կատարող: Նրա արվեստը նոր փայլ էր ստանում ժամանակակից հոգեբանական դրամայում, ուր բարձրացվում էր կնոջ ազատագրման պրոբլեմները. Արկադինա(Չեխովի «Ճայը»), Աննա Դեմուրինա (Նեմիրովիչ-Դանչենկոյի «Կյանքի արժեքը»), Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մագդա (Զուդերմանի «Հայրենական տուն», «Հայրենիք»), Ռոզա Բերնդ (Հաուպտմանի «Ռոզա Բերնդ»), Ֆրու Ալվինգ (Իբսենի «Ուրվականներ»):
Հայկական ռեալիստական թատրոնի զարգացման գործում խոշոր վաստակ ունեն Ա. Խարազյանը, Սաթիկ Ադամյանը և ուրիշներ: Այդ թատրոնների գոյությունը նպաստել է պրոլետարական դրամատուրգիայի (Ա. Վարդանյանի «Գործադուլ», բեմ. 1912, Թիֆլիս, ռեժ. Ա. Արմենյան) ստեղծմանը: Մամուլում բարձրացրվել է ժողովրդի կյանքում թատրոնի դերի հարցը:
20-րդ դարի դ յի առաջատար դեմքն էր Ա. Շիրվանզադեն, որի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմը ձեռք է բերել նոր որակ և հատկանիշներ, որոնք պայմանավորված էին արդ. կապիտալիզմի աճով: Սոցիալ-քննադատական կատակերգությանը փոխարինել է սոցիալ-հոգեբանական դրաման: Շիրվանզադեի այդ շրջանի պիեսներն են՝ «Եվգինե»(բեմ. 1901), «Ունե՞ր իրավունք»(բեմ, 1902), «Պատվի համար»(բեմ. 1904), «Ավերակաների վրա»(բեմ. 1906), «Կործանվածը»(բեմ. 1912), «Արմենուհի»(բեմ. 1910), «Նամուս»(բեմ. 1911), «Չար ոգի»(բեմ. 1912): Ինչպես Սունդուկյանի «Պեպո»-ն, այնպես էլ Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, քննադատական ռեալիզմի բարձրագույն արտահայտությունն է հայ դրամատուրգիայում: Այս շրջանում բեմադրվել են նաև Չեխովի «Ճայը», Գորկու «Հատակում», Ա. Օստրովսկու «Անտառ», «Անօժիտը», Դոստոևսկու «Ապուշը», ինչպես և Շեքսպիրի, Մոլիերի, Շիլլերի, Իբսենի երկերը:
XIX դարի վերջին տասնամյակից հայ թատրոնի ազգային դիմագիծը կապված է Հ. Աբելյանի անվանը: Աբելյանը հայ թատրոնի ամենախոշոր դերասանն է: Նա խաղացել է շուրջ 300 դեր: Լավագույններից են՝ Էլիզբարով, Բարխուդար, Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Օթար բեկ (Յուժին – Սումբատովի «Դավաճանություն»), Ռասպլյուն (Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Լուկա(Գորկու «Հատակում»):
20-րդ դարի երկրորդ տասնամյակներում կարևոր տեղ են գրավել Լ. Շանթի և Դ. Դեմիրճյանի դրամատուրգիական երկերը: Շանթն առավել հայտնի է «Հին աստվածներ» սիմվոլիստական դրամայով, որն առաջին անգամ բեմադրվել է 1913-ին, Թիֆլիսում: Հայ նոր պատմական դրամատուրգիան և քաղաքական կատակերգությունը կապված են Դ. Դեմիրճյանի անվանը: Օ. Սևումյանը բեմադրել է նրա «Վասակը»(1914), «Դատաստան»(1917), «Ազգային խայտառակություն»(1918) կատակերգությունը:
Այդ տարիներին ուժեղացել է ՄԳԹ-ի ազդեցությունը, լայն ծավալ են ստացել ռուսական դրամատուրգիական երկերի բեմադրությունները: 1908-ին Օ. Սևումյանը և Ս. Քափանակյանը Բաքվում և Թիֆլիսում բեմադրել են Գորկու «Հատակում»-ը: Օ. Սևումյանի բեմադրություններից են նաև՝ Գոգոլի «Ռևիզոր»-ը, Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ»-ը: Դրանց հաջորդել են Ա. Օստրովսկու «Ամպրոպ»-ը(ռեժ. Օ. Մայսուրյան), Ա. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»(ռեժ. Ա. Տուգանով), Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը(ռեժ. Օ. Սևումյան): Այդ բեմադրություններում դերասանական մնայուն արժեքներ են ստեղծել՝ Ի. Ալիխանյանը, Օ. Սևումյանը, Օ. Մայսուրյանը, Վ. Փափազյանը և ուրիշներ: 20-րդ դարի հայ ռեժիսուրայի ձևավորման գործում մեծ վաստակ ունեն նաև Ա. Արմենյանը, Ս. Քափանակյանը, Ա. Խարազյանը, Լ. Քալանթարը: 20-րդ դարի հայ թատրոնը հարուստ է դերասանական խոչոր անհատականություններով: 20-րդ դարի վերջին տասնամյակից հանդես են եկել Գ. Տեր-Դավթյանը, Վարդուհին, Ա. Հարությունյանը, Գ. Միրաղյանը, որոնց մարմնավորած կերպարները աչքի են ընկել ազգային կենցաղային ռեալիզմի ինքնատիպ գործերով: Հատուկ տեղ է գրավում Ա. Վրույրի ստեղծագործությունը, որի կատակերգական տաղանդը փայլուն դրսևորվել է Մոլիերի և Պարոնյանի պիեսների կերպարների անձնավորումներում: Իրենց արվեստով նրան չեն զիջել նաև կատակերգակ դերասաններ Գ. Ավետյանը, Պ. Արաքսյանը, Ա. Մամիկոնյանը, որոնք դաստիարակվել են ռուսական բեմական ռեալիզմի սկզբունքներով: 20-րդ դարի դերասանական նոր սերնդի խոշոր ներկայացուցիչներն էին՝ Ս. Ադամյանը, Օ. Մայսուրյանը, Հ. Զարիֆյանը, Ա. Շահխաթունին, Վ. Փափազյանը: Ս. Ադամյանը Կոմիսարժևսկայայի և Սիրանույշի ազդեցությամբ ձևավորված դերասանուհի էր, որի կերպարներն աչքի են ընկել բացառիկ հմայքով և կանացիությամբ: Օ. Մայսուրյանի արվեստին բնորոշ էին ռուսական ռեալիզմի խաղաոճը և բարձր կուլտուրան, զուսպ ու նուրբ արտահայտչաձևերը: Լայն դիապազոնի դերասան էր Հ. Զարիֆյանը, որի խաղացանկը հարուստ էր դրամատիկական, հերոսական, ռոմանտիկական, ողբերգական, բնութագրային, կատակերգական դերերով: Խոշոր արժեք է ներկայացնում Վ. Փափազյանի նախահեղափոխական շրջանի ստեղծագործությունը: Բեմ է բարձրացել Օթելլոյի (Շեքսպիրի «Օթելլո») դերով , որը դառնալու էր նրա ստեղծագործության գլուխգործոցը: Փափազյանը Ադամյանի ավանդների շարունակողն էր 20-րդ դարում:
Բացառիկ արտաքինով, վիրտուոզ տեխնիկայով, խոսքի բարձր կուլտուրայով, եվրոպական թատերական մշակույթի լայն իմացությամբ Փափազյանը 20-րդ դարի հայ թատրոնում գրավել է առաջնակարգ տեղ: Նրա արվեստը ձևով ռոմանտիկական էր, բովանդակությամբ՝ ռեալիստական, օրգանապես պայմանավորված սոցիալական այն փոփոխություններով, որոնք առկա էին իր ժողովրդի կյանքում:
XX դարասկզբի հայ թատրոնի կարևորագույն խնդիրներից էր դերասաններ և ռեժիսորներ պատրաստելը, որը իրագործվել է երկու ճանապարհով՝բեմի վարպետների մոտ՝թատրոնի ներսում, և ստուդիաներում ու թատերական դպրոցներում: Ստուդիական շարժումը հայ թատրոնի ապագայի համար ձեռք է բերել խոշոր նշանակություն: Ստուդիաներ հիմնելու փորձեր են արել Ս. Քափանակյանը, Օ. Սևումյանը, Ա. Խարազյանը, Ռ. Մամուլյանը, Լ. Քալանթարը, Ս. Խաչատրյանը, Վ. Միրզոյանը, որոնք, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել: Ամենանշանավորը Ս. Խաչատրյանի հիմնադրած Հայկական դրամատիկական ստուդիան էր Մոսկվայում, 1918-ին, որի բազմաթիվ շրջանավարտները հետագայում դարձել են հայ սովետական թատրոնի առաջնակարգ դեմքերը:
1918 – 1920-ին Հայաստանի Առաջին Հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում թատրոնը խոր անկում էր ապրում: Անհատների շնորհիվ է, որ հնարավոր եղավ պահել կապը տարբեր թատերական գործիչների միջև, պահպանել նաև համահայկական ավանդույթները: Օ. Սևումյանը փորձել է ստեղծել այնպիսի ստուդիա, ուր պետք է ձուլվեին արևելահայ և արևմտահայ բեմարվեստները: Այդ նպատակով մեկնել է Կ. Պոլիս, ուր թատերական ընթացքի աշխատանքին զուգընթաց՝ բանավոր և գրավոր ելույթներով պրոպագանդել հայ թատրոնի ստեղծագործական և կազմակերպչական բարենորոգման խնդիրը: