Հայկական վավերագրական կինոն հանդես է գալիս արդեն XX դարի սկզբներից՝ ռուսական և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերի շնորհիվ: Խորհրդային տարիներին այն զարգանում է որպես կինոյի առանձին ճյուղ՝ գեղարվեստականին զուգահեռ: Հայկական վավերագրական կինոն, իր վրա կրելով քաղաքական գաղափարախոսության և պետական գրաքննության ազդեցությունը, դառնալով քարոզչամիջոց՝ ոչ միայն կարողացել է ներկայանալ իր ուրույն դիմագծերով, այլ նույնիսկ ստեղծել աշխարհահրչակ գոհարներ: Արդի հայկական վավերագրական կինոն կրկին իր տեղն է զբաղեցնում
Հայկական վավերագրական առաջին կինոկադրերն ստեղծվել են 1907-1914 թվականներին: Դրանք են 1907 թվականին՝ Մկրտիչ Ա Վանեցի և 1910 թվականին՝ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (օպերատորներ՝ Ալեքսանդր Դիգմելյով և Ա. Սիներվին) կաթողիկոսների թաղումները։Մինչև 1941 թվական նկարահանվել են առավելապես կարճամետրաժ ժապավեններ։
1924-ին էկրան է բարձրացել առաջին լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմը՝ «Խորհրդային Հայաստան»-ը: Հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստերին, արտադրության, գիտության, գեղարվեստական մշակույթի մարդկանց, քարոզչական ֆիլմերի ստեղծման ընթացքում ձևավորվում էին վավերագրական կինոպատկերման սկզբունքները, գաղափարապես և ստեղծագործաբար հասունանում էին կինոժուռնալիստների կադրերը։ Այս շրջանի առավել ակնառու ֆիլմերից են՝ «Երկիր Նաիրի» (1930, ռեժ. Հ. Բեկնազարյան), «Խնդության երկիր» (1940, ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան), որոնցով սկիզբ է դրվել խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր տասնամյակի նվաճումները լիամետրաժ վավերաֆիլմով ամփոփելու ավանդույթին։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45), սովետական կինովավերագրողների հետ «Հայկինոխրոնիկա»-ի արվեստագետները ևս ձեռնամուխ են եղել պատերազմի կինոտարեգրության ստեղծմանը։ Հայկական կինոյի գործիչներից շատերը մեկնել են գործող բանակ։ Գ. Բալասանյանը, Է. Քարամյանը, Ի. Դիլդարյանը, Ն. Սիմոնյանը, Գ. Սանամյանը, Գ. Եղիազարյանը և ուրիշներ իրենց ֆիլմերում պատկերել են հայ մարտիկների սխրանքները, թիկունքի օգնությունը ռազմաճակատին, հաղթանակի բերկրանքը ևն («Ռազմաճակատի համար», 1941, «Հայաստանի զավակները Հայրենական պատերազմում», 1944, «Գեներալ Բաղրամյան», 1945, երեքն էլ՝ ռեժ. Գ. Բալասանյան, «Թամանյան դիվիզիայի վերադարձը», 1945, ռեժ. Է. Քարամյան և Ա. Սամվելյան ևն)։ Պատերազմական թեմատիկան մշտական տեղ է զբաղեցրել նաև հետագա տարիների կինոարտադրանքում: («Երկիր հայրենի» լիամետրաժ ֆիլմը` 1945, ռեժ. Գ. Բալասանյան, Լ. Իսահակյան, Հ. Զարգարյան, գեղ. ղեկավար և հաղորդավարի տեքստի հեղինակ Ա. Դովժենկո)։
Հետպատերազմյան առաջին տասնամյակում հայկական կինոն թողարկում էր հիմնականում փաստա-վավերագրական ֆիլմեր: Գլխավոր թեման հետպատերազմյան վերականգնումն էր, կուսակցության, ժողովրդի պայքարը հանուն սոցիալ-տնտեսական և մշակութային առաջընթացի, միշտ չէ, որ ասելիքի կարևորությունը ամրապնդում էին խոր, ներազդու մարմնավորմամբ։
Իրականության իլյուստրատիվ, մակերեսային պատկերման, ստեղծագործական լուծումների ստանդարտացման որոշ միտումներ հաղթահարվել են 1959-ից հետո, որը մեծապես կապված է Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայի (հետագայում՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիա, 1982-ից՝ «Հայֆիլմ» ստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում) ստեղծման հետ։ Ընդլայնվել և ավելի կազմակերպված, ծրագրային բնույթ է ստացել վավերաֆիլմերի արտադրությունը։ Ավագ սերնդի կինովավերագրողների կողքին (ռեժիսորներ՝ Վ․Հայկազյան, Գ․Բալասանյան, Զ․Ժամհարյան, Լ․Իսահակյան, Ռ․ Ֆրանգալյան և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Գ․Ասլանյան, Գ․Արամյան, Գ․Սանամյան, Ն.Սիմոնյան, Գ․Եղիազարյան, Հ․Եսայան և ուրիշներ) սկսել են աշխատել գեղարվեստական կինոյի ռեժիսորներ՝ Գ․Մելիք-Ավագյանը, Լ․Վաղարշյանը, Յու․Երզնկյանը, Դ․Կեսայանը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Ա․ Յավուրյանը, Ս․Իսրայելյանը, Կ.Մեսյանը և ուրիշներ։ Ասպարեզ է իջել կինոարվեստագետների նոր սերունդ, ռեժիսորներ՝ Ա․ Վահունին, Ռ․Գևորգյանցը, Ա․Փելեշյանը, Ս․Առաքելյանը, Ա․Շահբազյանը, Ս․Փոշոտյանը և ուրիշներ, կինոօպերատորներ՝ Բ․Հովսեփյանը, Յու․ Բաբախանյանը, Մ․Վարդանովը, Է․Մաթևոսյանը և ուրիշներ։
Համատեղ ջանքերով զարգացվել են հայկական վավերագրական կինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնվել թեմաների շրջանակն ու կերպարա-արտահայտչական միջոցների զինանոցը, ավելի խոր և համակողմանի իմաստավորվել պատկերվող նյութը՝ հայ ժողովրդի ստեղծարար ներկան, հեռու և մոտ պատմական անցյալի անցքերը, ժողովրդի կյանքի փաստերը։ Նոր շրջանի վավերաֆիլմերի գաղափարական նպատակասլացության ուժեղացման գործում իրենց ավանդն ունեն հանրապետության գրողներն ու ժուռնալիստները՝ Գ․ էմինը, Վ․ Պետրոսյանը, Վ․ Դավթյանը, Գ․ Հայրյանը, Գ․ Առաքելյանը, Բ․ Մկրտչյանը, Հ․ Լալայանցը, Ռ․ Կարապետյանը, Ա․ Կակոսյանը, Յու․ Մարյանը և ուրիշներ։ Պարբերաբար, հոբելյանական տարեթվերի առթիվ խոշոր ամփոփիչ ֆիլմեր են նվիրվել Խորհրդային Հայաստանի նվաճումներին, հիշարժան են՝ «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժ․ Վ․ Հայկազյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժ․ Գ․ Մելիք-Ավագյան), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970, ռեժ․ Լ․ Իսահակյաև և ուրիշներ), «Լույսն Արագածի վրա» (1977, ռեժ․ Ա․ Վահանի, Ռ․ Գևորգյանց), «Հայոց բարձունքներ» (1981, ռեժ․ Է․ Մաթևոսյան)։ Հայաստանի տնտեսության, շինարարության, գիտության նվաճումների, աշխատանքի մարդկանց մասին են պատում՝ «Հրաշագործ քիմիան» (1964, ռեժ․ Գ․ Բալասանյան), «Լեռնային պարեկ» (1964, ռեժ․ Ա․ Փելեշյան), «Բյուրականի աստղադիտարանը» (1965, ռեժ․ Ա․ Մանարյան), «Բանվորի դիմանկարը» (1966, ռեժ․ Գ․ Արամյան), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլյան), «Տաթևգէս» (1968, ռեժ․ Զ․ Ժամհարյան), «Մոլեգինները» (1970, ռեժ․ Ս․ Փոշոտյան), «Հրազդան» (1971, ռեժ․ Ա․ Վահունի), «Նաիրիների» ընտանիքը» (1972, ռեժ․ Մ․ Վարդանով), «Թունելներ» (1973, ռեժ․ Ա․ Շահբազյան), «Հողի մարդիկ» (1976, ռեժ․ Ս․ Առաքելյան), «Հնգամյակի երթը» (1977—81, ռեժ, Ռ․ Գևորգյանց), «Արփա—Աևան» (1981, ռեժ․ Ս․ Առաքելյան), «Երևանի մետրոն» (1981, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլյան), «Հողի որդին» (1984, ռեժ․ Է․ Մաթևոսյան) ևն։
Վավերագրական ֆիլմերի կարևոր մասն են կազմել Հայաստանի պատմությանը, ժողովուրդների բարեկամության թեմային, պատերազմի հերոսներին, գրականության և արվեստի գործիչներին և խորհրդային վարչակարգի նշանավոր անձանց նվիրված ստեղծագործությունները՝ «Վարդգես Սուրենյանց» (1963, ոեժ․ Ջ․ Ժամհարյան), «Ստեփան Շահումյան» (1964, ոեժ․ Է․ Իսահակյան), «Նելսոն Ստեփանյան» (1965, ռեժ․ Գ․ Բալասանյան), «Սուրեն Սպանդարյան» (1967, ռեժ․ Ս․ Առաքելյան), «Սի՛ ղողանջիր, զանգ, մի՛ ղողանջիր» (1968, ռեժ․ Գ․ Մելիք-Ավագյան), «Ծովակալ Իսակով» (1969, ռեժ․ Գ․ Բալասանյան), «Նամակներ հարազատներին» (1971, ռեժ․ Լ․ Վաղարշյան), «Ներշնչանք» (1972, ռեժ․ Ռ․ Գևորգյանց), «Վարագույրը չի իջնում» (1973, ռեժ․ Ա․ Վահունի), «Ավետիք Իսահակյան» (1975, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլյան), «Գրիբոյեղովի ներկայությամբ» (1977), «Հավերժ բարեկամություն» (1978, երկուսն էլ՝ ռեժ․ Ս․ Առաքելյան), «Երկնագույն քամի և նշենու բույրը» (1978), «Հայկական աչքեր» (1980, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Գևորգյանց), «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ռեժ․ Պ. Մալայան) ևն։ Իր տեսակով այս ֆիլմերին է հարում «Մարտիրոս Սարյան» վավերաֆիլմը (1965, ռեժ․ Լ․ Վաղարշյան), որը նկարահանվել է «Հայֆիլմում»։ 1970—80-ական թթ․ զարգացում են ստացել պրոբլեմային ֆիլմերը («Ճամփաբաժանին», 1974, «Իմ բարի մայրիկը», 1984, երկուսն էլ՝ ոեժ․ Ա․ Վահունի, «Բարի հետք», 1980, «Սպասում», 1984, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Գևորգյանց), հրատապ հարցադրումներն ուղեկցվում են տպավորիչ կերպարային լուծումներով, նորաշունչ արտահայտչաձևերով։
Հանրապետությունում կարճամետրաժ և լիամետրաժ վավերաֆիլմերից բացի, ստեղծվել են նաև գիտահանրամատչելի, ուսումնական կինոնկարներ, «Սովետական Հայաստան» ամենամսյա կինոհանդեսը, պատվերային ֆիլմեր։ Թեմատիկ ընդգծումներով և ստեղծագործական նկարագրով հայկական վավերագրական կինոյի օրգանական մասն են կազմում «Երևան» ստուդիայում նկարահանվող վավերագրական հեռուստաֆիլմերը։ Տարբեր կինոփառատոներում մրցանակներ են շահել «Յոթ երգ Հայաստանի մասին», «Լեռնային պարեկ», «Սկիզբ» (1969, ռեժ․ Ա․ Փելեշյան), «Թանգարան բաց երկնքի տակ» (1963, հեղինակ-օպերատոր Գ․ Ասլանյան), «Բարի լույս» (1967, ռեժ․ Դ․ Կեսայան), «Շնորհակալություն ձեզ» (1971, ռեժ․ Ջ․ Ժամհարյան), «Ներշնչանք», «Բարի հետք», «Դեմք» (1982, ռեժ․ Ռ․ Գևորգյանց) և այլ ֆիլմեր։ 1977-ին ՀԽՍՀ պետական մրցանակի են արժանացել «Կանչ», «Տոհմածառ», «Վարագույրը չի իջնում», «Հեռավոր շչակների արձագանքը» (ռեժ․ Ա․ Վահունի)։ 1980-ականներին Հայաստանում տարեկան թողարկվում էր 20—25 վավերաֆիլմ (բացի հեռուստաֆիլմերը) և կինոհանդեսի 10—12 համար:
Հայաստանի անկախացումից հետո կինոգործիճները ձեռնամուխ են եղել Հայաստանի նորագույն պատմության տարեգրության կերտմանը, որն սկզբնավորվել է 1988-ից: Համաժողովրդական շարժման առաջին օրերից նկարահանվել են բոլոր իրադարձությունները, ոչոնք դարձել են ֆիլմեր և ցուցադրվել միջազգային գիտաժողովներում («Արցախ (E=mc²)», ռեժ` Ա.Մանաչյան, «Թատերական հրապարակ». ռեժ` Գ.Հարությունյան, 1988, «Ղարաբաղյան շարժում». ռեժ.`Լ.Մկրտչյան, 1990):
Արցախյան պատերազմի օրերին կամավոր ռազմադաշտ են մեկնել կինոօպերատորներ Շավարշ Վարդանյանը, Վրեժ Պետրոսյանը, Բորիս հովսեփյանը և Լևոն Պետրոսյանը, որոնք ստեղծել են հսկայական կինոնյութ: Այդ տարիներին ստեղծվում է նաև «Արցախյան օրագիր» ֆիլմաշարը (1992-1995), որին մասնակցել են Ա.Մնացականյանը, Ա.Խաճատրյանը, Ռ. Գևորգյանցը, Բ.Հովսեփյանը, Վ.Պետրոսյանը, Լ.Պետրոսյանը և ուրիշներ: Լույս են տեսել մի քանի վավերագրական այլ ֆիլմեր:
Կինովավերագրողների ուշադրության կենտրոնում էին նաև երկրում սոցիալ – տնտեսական, քաղաքական և այլ կարևոր իրադարձություններ. «Հանրաքվե». ռեժ` Ս.Առաքելյան, Ս.Պետրոսյան (1991), «Վերջաբան». ռեժ` Մոկացյան (1991), «Ընտրություն». ռեժ.` Գ.Ստեփանյան (1992), «Ձայն բարբառոյ հանապատի». ռեժ,` Գ.Դավթյան (1992): «Ես` ապրելու կոչվածս» (ռեժ.` Ա.Մոկացյան, 1992) ֆիլմը պատմում է ազգային բանակի կազմավորման ու կայացման խնդիրների մասին, տեքստի հեղինակն է Հրանտ Մաթևոսյանը:
1988 թվականի երկրաշարժին և աղետի գոտու վերականգնման են նվւրված «Ընդհատված թռիչք» (ռեժ.` Ա.Մուսայելյան, 1989), «Մարգարետ Թետչեր` միայն չորս ժամ» (ռեժ.` Ա.Խաչատրյան, 1990), «Երախտագիտություն» (ռեժ.` Կ.Բորյան, 1991) կինոնկարները:
Վավերագրական կինոյում նաև անդրադարձ է կատարվում մշակութային կյանքին, նշանավոր անձնաց:
Անկախության տարիների մշակութային խոշոր նվաճումներից են Ա.Փելեշյանի «Կյանք» (1993) և «Վերջ» (1994) կինոնկարները, որոնք վկայում են հեղինակի ուրույն կինոլեզվի, խոհափիլիսոփայական մտքի ընդգծված դիտարկումների, նորագույն կինոյի բացառիկ տեսության բացահայտումների մասին և հայկական կինոարվեստը բարձրացնում են համաշխարհային կինոյի մակարդակին:
Վերջին 20 տարվա ընթացքում նկարահանվել են 450-ից ավելի վավերաֆիլմեր, որոնց մեծ մասը ` «Հայկ» և «Երևան» կինոստուդիաներում: Հիմնադրվել են «Նավիգատոր», «Վարդա-Նովա», «Այսօր», «Արվեստ», «Խութ», «ԱԿՕ» և այլ մասնավոր ստուդիաներ: Վավերագրական կինոյի զարգացմանը նպաստել են նաև նոր սերնդի կինոգործիչները` Վ.Հակոբյան, Վ.Կևորկով (Գևորգհանց), Ռ.Խաչատրյան, Ա.Մկրտչյան և ուրիշները:
“ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ”
«Պաշարվածները»
Ապրում եմ
Արտավազդ Փելեշյան – Մենք