Հայ բեմական պարի և բալետի ասպարեզում առաջին քայլերն արվել են XIX դ․ կեսին։ Հայկական բալետի ձևավորման գործընթացում մեծագույն ազդեցույուն ունի ռուսական կայսերական բալետը: Ժողովրդական ավանդույթների և կայսրեական բալետի համադրմամբ ձևավորվել է հայկական բալետի ինքնատիպ մի դպրոց:
Առաջին կայուն բալետային խումբը գործել է «Արամյան թատրոն»-ում։ Պարողներից հայտնի էր Գևորգ Չիլինկիրյանը (Զեննե Գևորգ), պարուհիներից՝ Թագուհին, Անտիկը, Մառին, իտալացի և ֆրանսիացի պարուհիներ։ Հայկական օպերետային թատրոնի ձևավորումը մեծապես նպաստել է հայկական բեմական պարի զարգացմանը։ Օպերետային ներկայացումներում պարերի կատարումով աչքի են ընկել Հ․ Վարդովյանի և Ս․ Պենկլյանի թատերախմբերի դերասանուհիներ Աննիկ Չուխաճյանը, Գոհարիկ Շիրինյանը, Վերգինե Գարագաշյանը, Աստղիկը։ Պարերը բեմադրել է Երանոս Չափրաստը։ Նա հիմնադրել է նաև կենցաղային-պարահանդեսային պարի դպրոցներ Կոստանդնուպոլսում (1868), ապա Զմյուռնիայում և Ադանայում։
XIX դ․ 60-70-ական թվականներին պարերի ստեղծմանը ձեռնամուխ են եղել հասարակական գործիչ Գ. Կոստանդյանը, դերասաններ Գ․ Ռշտունին և Ա․ Պենկլյանը, ինչպես և կոմպոզիտոր Տ․ Չուխաճյանը, որի գրչին են պատկանում բազմաթիվ կենցաղային պարեր, պարային տեսարաններ «Արիֆ», «Քյոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետներում, բալետային ինտերմեդիաներ «Արշակ Բ» և «Զեմիրե» օպերաներում։ 19-րդ դարի 70-ական թվականներից արևելյան հայ թատրոնի բեմում կատարվել են հայկական և ասիական պարեր՝ թե՛հայ դրամատուրգների (Հ․ Գուրգենբեկյան, Մ․ Տեր-Գրիգորյան, Գ․ Սունդուկյան և ուրիշներ) պիեսների բեմադրություններում, թե՛ համերգներում։
Վ․ Խաչիկյանը (Կոստանդնուպոլիս) 1900-ին արևելյան պարերով մասնակցել է Փարիզի համաշխարհային փառատոնին։ XX դ․ սկզբին բեմական պարի զարգացումը կապված է երաժշտական թատրոնի հետ։ Ա․ Պենկլյանի, Ամիրագոյի (Ն․ Ամիրաղյան), Հ․ Ոսկանյանի, Բաղդասարյան-Սուրաբյանի օպերետային խմբերում հանդես են եկել հայ պարողներ ու պարուհիներ։ Առավել աչքի են ընկել Ա․ Ոսկանյանը, Լ․ Սևումյանը, Մ․ Սուրաբյանը։ Ասիական պարերի կատարող Ալբերտը (Գ․ Շահինով) 1920-ական թթ․ հանդես է եկել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնում։ Բալետի պարող Կորգանովը 1910- ական թվականներին հանդես է եկել Բաքվում՝ Մայիլյանների թատրոնում, Ամիրագոյի օպերետային խմբում, 1920-ական թվականներից՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Բաքվում է ստեղծագործել նաև պարերի բեմադրող Ս․ Կևորկովը, որը մեծապես նպաստել է ադրբեջանական ազգային բալետի զարգացմանը։
1910-ական թվականներին առանձնակի համբավ է վայելել պարուհի Արմեն Օհանյանը, որն իրականացրել է արևելյան պարերի և Այսեդորա Դունկանի «ազատ» ոճի սինթեզը։ 1906-ից հանդես է եկել Բաքվում։ 1908-ին սովորել է Լ․ Նելիդովայի դպրոցում (Մոսկվա), միաժամանակ մասնակցել ՄԴԹ ներկայացումներին, 1909-ին պարել է Թիֆլիսի թատրոնում, 1910-ին՝ Թեհրանում, ուր հիմնել է առաջին դրամատիկական խումբը, 1910-12-ին ջութակահար Դ․ Դավթյանի հետ ելույթներ ունեցել Կ․ Պոլսում, Կահիրեում, ապա մեկնել Արևմտյան Եվրոպա (Լոնդոն, Փարիզ), այնուհետև ԱՄՆ, Կանադա։ Նույն թվականներին Հ. Ռսկանյանի, Գ․ Սյունիի և այլոց օպերետներում նույնպես առանձնակի տեղ են գրավել ասիական և հայկական պարերը։ Հատկապես հիշարժան են Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի պարային տեսարանները։ 1917-ին, Ս․ Ս․ Լիսիցյանը Թիֆլիսում հիմնադրել է «Արտասանության ռիթմի և պլաստիկայի ստուդիա» (1924-ին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի), որը լայն գործունեություն է ծավալել․ համերգներով հանդես է եկել Թիֆլիսում, Բաքվում, ինչպես և Մոսկվայում (1924), ուր արժանացել է Ա․ Լունաչարսկու և Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի բարձր գնահատականին։ Ստուդիայի շրջանավարտներ Ն․ Լիսիցյանը, Թ․ Լիսիցյանը, Թ․ Ադամյանը, Ա․ Դուրինյանը, Հ․ Սիրունյանը, Շ․ Վարոսյանը և ուրիշներ ներդրում ունեն հայ պարարվեստի կատարողական, բեմադրական ու դասավանդման բնագավառներում։