Երևանի «Գաֆէսճեան» թանգարանի քանդակների պարտեզում օգոստոսի 24-ին կայացավ ազգային – ավանդական երգի ու պարի ամենամյա «Գութան» փառատոնը:
Մշակութային այս տոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաև հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի ևս երգի-պարի խմբերը ներկայացնում են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-փառատոնի մասին նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Փառատոնին այս տարի մասնակցում էին գրեթե երկու տասնյակ ազգային – ավանդական երգի – պարի խմբեր: Բոլոր երգերն ու պարերը ներկայացվեցին պարտադիր կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվելով ազգային նվագարաններով:
«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: Այն հայտնաբերում է նոր խմբերի, որոնք ևս, ինչպես ավանդաբար մասնակցողներն ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջև նպատակ է դրել երևան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք և հրամցնել ունկնդրին:
Նախաձեռնությունը կրում է հայ ազգագրական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունը: Եվ, ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է հայկական ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին:
Փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես եկել համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ է կազմակերպվել, որին մասնակցել են փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը:
Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում: