ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կկայանա «ԳՈՒԹԱՆ» ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը։ Միջոցառմանը կմասնակցեն ազգային երգ ու պար ներկայացնող լավագույն խմբերը՝ Ակունք, Սասնա ծռեր, Վան, Մասունք, Տարոնցիներ, Մարաթուկ, Նուբար, Գորանի, Տնջրե(Արցախ), Վերադարձ, Վարք Հայոց, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Ոստան, Արեգ, Մարաթուկցիներ, Սեբաստացիներ, Բազմաբերդի Գորանի։
«ԳՈՒԹԱՆ» փառատոնը մի յուրահատուկ հարթակ է, որտեղ ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների:
Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը փառատոնն իրականացնում է 2014 թվականից, ով այս կարճ ժամանակաշրջանում հասցրել է փառատոնը դարձնել սիրելի ու սպասելի:
«Գութան»-ի նպատակն է պահպանել և տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին», – ասում է Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ փառատոնն ունի իր հստակ սկզբունքները՝ ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ՝ օգտագործելով մեր ազգային նվագարանները դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:
«ԳՈՒԹԱՆ» ավանդական երգի–պարի ամենամյա փառատոնում հնարավոր է տեսնել ողջ Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները (Կիլիկիան Հայաստանից մինչև Արցախ) ներկայացնող ավանդական երգերն ու պարերը իրենց բոլոր ճյուղերով: Ամեն տարի արխիվացվում է ամենաքիչը 50-60 ավանդական երգեր և պարեր, որոնք տեսաձայնագրվում են ամենաբարձր որակով:
«Փառատոնի միջոցով, որը տեղի է ունենում բացօթյա` Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), նպատակ ենք հետապնդում այն էլ ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Ինչպես հայ հանդիսատեսը, այնպես էլ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենոււմ ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգերն ու պարերը, որն էլ իր հերթին մի հիմնաքար է հանդիսանում ազգային մշակույթի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման գործում»-եզրափակում է Արսեն Գրիգորյանն ու բոլորին հրավիրում միասին այս օրը դարձնել ավանդական տոնախմբություն: