Հին հայերենի սկզբնավորման շրջանի՝ V դարի լեզվավիճակում իր գործառական արժեքի առանձնահատկությամբ կարևոր տեղ է գրավում գրական մշակման ենթարկված գրաբար տարբերակը: Սյն աչքի է ընկնում կառուցվածքային միասնականությամբ, բարբառային կամ հասարակական բնույթի նվազագույն շեղումներով։
Գրական տարբերակը բնորոշվում է իր ժամանակի համար գործառույթների ամենալայն շրջանակով: Այն հանդես է գալիս որպես պետական պաշտոնեական հաղորդակցման լեզու, դպրոցական կրթության ու լուսավորության, կրոնա-պաշտամունքային արարողությունների լեզու: Ունեցել է ամենաբազմազան դրսևորումներ. գեղարվեստական արձակ և չափածո ստեղծագործություն, պատմագրություն, գիտություն և դավանաբանություն, նամակագրություն և այլն, որոնց ամբողջությունը ներկայացնում է V դ․ հայ մատենագրության բովանդակությունը։
Գրաբարի բարբառները
Գրաբար գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել նաև բարբառներ, որոնք միմյանցից տարբերվել են հիմնականում հնչյունական համակարգի և բառապաշարի առանձնահատկություններով՝ պահպանելով քերականական կառուցվածքի ընդհանրությունը։
Այս ժամանակաշրջանում լեզվի հասարակական շերտավորումը թույլ է արտահայտված։ Գրաբարը իր հիմքով չի նույնացել որևէ տարածական տարբերակի կամ հասարակական որևէ խմբավորման լեզվի հետ, այլ հանդես է եկել որպես միևնույն համաժողովրդական լեզվի գոյության առանձնահատուկ ձև՝ հակադրվելով լեզվի խոսակցական տարբերակին միայն գրական մշակման ենթարկված լինելու հատկանիշով։
Կառուցվածքային առանձնահատկություննները
Կառուցվածքային տեսակետից գրաբարն աչքի է ընկնում քերականական կարգերի հարստությամբ, քերականական իմաստների առատությամբ և դրանց արտահայտման միջոցների բազմազանությամբ, թեքական ու համադրական կառույցների գերակշռությամբ։
Գրաբարի հնչույթային համակարգը հարուստ է ձայնավոր հնչույթներով, այդ թվում՝ երկբարբառներով ու եռաբարբառներով [ա, ե, ը, ի, ո, ու ձայնավորներ, աւ, այ, եա, է(եյ), ոյ, ուա, ուո, ուե, ուի, ուը, իւ երկբարբառներ, ուայ, եայ, ուէ (ուեյ), ուոյ, եաւ, ուաւ եռաբարբառներ], ինչպես նաև ձայնորդներով [ մ, ն, ր, ռ, լ, ղ, յ, ւ ( ընդ որում, յ և ւ ըստ դիրքի կարող են հանդես գալ որպես ձայնավոր (ի, ու), երկբարբառների և եռաբարբառների ձայնորդ բաղադրիչ (այ, եաւ) և բաղաձայն (յ, վ) ]։
Գրաբարի բաղաձայնական համակարգում առկա է հպականների և հպաշփականների եռանդամ հակադրություն․ ձայնեղներ՝ բ, գ, դ, ձ, ջ, խուլեր՝ պ, կ, տ, ծ, ճ, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ։ Բառասկզբի դիրքի համար ենթադրվում է շնչեղ ձայնեղների առկայություն՝ առանց հնչույթաբանական արժեքի։ Շփականները կազմում են երկանդամ հակադրություն․ ձայնեղներ՝ զ, ժ, և խուլեր՝ ս, շ։ Կան նաև առանձին խուլ շփական հնչույթներ՝ ետնալեզվային խ և կոկորդային հ։
Հնչյունական շղթայում գործում են հնչյունների կապակցելիության և դիրքային սահմանափակության որոշակի օրենքներ։ Բառասկզբի դիրքում բացառվում են բաղաձայնական կապակցությունները։ Բառը կարող է սկսվել միայն ձայնավորով, իջնող (թուլացող) երկբարբառով և մեկ բաղաձայնով (բացի ր-ից)։ Բառավերջի դիրքում հանդիպում են ի, ու ձայնավորները, մյուսները՝ առկա են սակավ դեպքերում։
Գրաբարի բառաշերտը
Հնդեվրոպական բառաշերտը գրաբարի բառապաշարի հիմքն է թե՛ ըստ կարևորության (հիմնական բառաֆոնդ), թե՛ ըստ բառակազմական ակտիվության (բառապաշարի ընդհանուր թվի մոտ 70% ֊ը կազմված է հնդեվրոպական արմատներով)։ Կան նաև զգալի թվով փոխառություններ պարսկերենից, հունարենից, ասորերենից, կովկասյան, փոքրասիական, սեմական լեզուներից: Զգալի է նաև խուռիական ենթաշերտը։
Գրաբար հայերենի բառակազմական կաղապարները հարուստ են և բազմազան, հատկապես բառաբարդման և վերջածանցման մեջ։ Նախածանցների համակարգը զարգացվել ու համալրվել է հունաբան դպրոցի կողմից։ Քերականական կառուցվածքը հիմնականում թեքական է․ կան կցականության տարրեր։
Թեքվող խոսքի մասերն են գոյականը, ածականը, թվականը, ինչպես նաև դերբայները (հոլովում) և բայը (խոնարհում)։ Հոլովման համակարգում անվանական և դերանվանական հոլովումները տարբերվում են։ Դերանվանական հոլովմանը բնորոշ է հոլովաձևերի տարարմատությունն ու տարահիմքությունը։ Անվանական հոլովումը կատարվում է հոլովիչ (թեմատիկ) ձայնավորների և հոլովակազմիչների օգնությամբ։ Հոլովիչ ձայնավորները որոշում են հոլովման տիպը, հոլովակազմիչները՝ հոլովը։ Տարբերակվում են ներքին և արտաքին թեքումներ (հոլովումներ)։
Գրաբար հայերենը ունի 6 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական։ Սեռական և տրական հոլովները մեծ մասամբ ձևով համընկնում են։ Հոլովների կազմավորման մեջ զգալի է նախդիրների դերը։ Խոնարհման համակարգը բնորոշվում է թեմատիկ (լծորդ) ձայնավորներով, որոնք որոշում են խոնարհման տիպերը՝ ա, ե, ի, ու, ներկայի և անցյալ կատարյալի հիմքից կազմված ժամանակային ձևերի հակադրությամբ, դեմքի, թվի, եղանակի, բայական սեռի քերականական կարգերի առկայությամբ։
Բայն ունի երեք եղանակ՝ սահմանական (ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ և ապառնի ժամանակաձևեր), ստորադասական (ապառ նի ժամանակաձև) և հրամայական (ներկա և ապառնի ժամանակաձևեր)։ Զգալի թիվ են կազմում անկանոն, տարարմատ և տարահիմք խոնարհում ունեցող բայերը։
Շարահյուսական կառուցվածքին բնորոշ է նախադասության անդամների ազատ շարադասությունը, որոշչի և որոշյալի համաձայնությունը, ենթակայի արտահայտության բազմազանությունը (ուղղական, սեռական, տրական հոլովներով), ինչպես նաև նրա արտահայտման ոչ պարտադիր բնույթը (անձնական դերանունների դեպքում), բայ-հանգույցի զեղչման հնարավորությունը, համադասական և ստորադասական շաղկապների զարգացած համակարգը, պարզ և բարդ նախադասությունների կառուցվածքային կաղապարների հարստությունը, դերբայական կառույցների առատությունը։
Գրաբարի զարգացման ընթացքը
Հին հայերենի պատմական զարգացման ընթացքը բաժանվում է երեք ենթաշրջանի․ վաղ հին հայերենի կամ դասական գրաբարի (V դ․), հետդասական գրաբարի (VI—VII դդ․) և նախամիջին հայերենի (VIII—XI դդ․)։
Վաղ հին հայերենի կամ դասական գրաբարի ենթաշրջանում լեզվի գրավոր և բանավոր տարբերակները հինականում համընկել են։ Գրաբար գրական լեզուն ենթարկվել է գիտակցական և նպատակադրված մշակման։ Միաժամանակ գոյություն է ունեցել գրական լեզվի մշակման երկու դպրոց, երկու ուղղություն՝ հունաբան և, այսպես կոչված, հայկաբան։
Հունաբան դպրոցի ներկայացուցիչները նշանակալից դեր են խաղացել գիտական տերմինաբանության ստեղծման ու զարգացման, բառակազմական կաղապարների, հատկապես նախածանցների հարստացման գործում, թեև հայոց լեզվի մեջ ներմուծել են որոշ արհեստական ձևեր։ Լեզվի մշակման բուն հայկաբան ուղղությունը հենվել է խոսակցական հիմքի վրա։
Ըստ այդմ մշակվել են գրական լեզվի երկու գործառական- ոճական տարբերակ, որոնց միջև գոյություն է ունեցել կիրառման ոլորտների բաշխում․ հունաբան գրաբարով գրվել են գիտական և կրոնափիլիսոփայական աշխատություններ իսկ «մաքուր» հայերենով՝ պատմագրական և գեղարվեստական ստեղծագործություններ, եկեղեցական գրականություն, վարվել է պաշտոնական և մասնավոր գրագրություն։
Հետդասական գրաբարի ենթաշրջանում մի կողմից լեզվի գրավոր-գրական և խոսակցական տարբերակները հեռացել են միմյանցից, մյուս կողմից՝ ձևավորվել են առանձին բարբառային միավորներ։ Գրական լեզվի ոլորտում շարունակել են գործել նրա մշակման երկու դպրոցները։ Նորակազմություններով, գրական ճանապարհով անցած փոխառություններով, գրքային արտահայտություններով ու ոճերով գրական լեզվի հարստացումը ավելի է հեռացրել նրան խոսակցական լեզվից, սակայն, նկատելի է նաև խոսակցական ու բարբառային տարրերի ներթափանցումը գրական լեզվի մեջ։ Այդ ներթափանցման հիման վրա գրական լեզուն նույնպես կրել է որոշ փոփոխություններ։
Նախամիջին գրաբար հայերենի ենթաշրջանում գրական և խոսակցական տարբերակներում կան լեզվական կառուցվածքի զգալի տարբերություններ։ Գրական լեզուն ժամանակի խոսակցական լեզվի ազդեցությամբ կրել է որոշակի փոփոխություններ, հնչյունական համակարգում նկատելի են՝ բառավերջի յ-ի անկում ա-ից և ո-ից հետո, ձայնորդ լ-ի ղ տարբերակի վերածում ղ շփականի, յ>հ անցման սկիզբը, հ >խ հնչյունափոխություն, բառասկզբում հ-ի հավելում, ավելի ուշ՝ աւ >օ հնչյունափոխություն։
Քերականական կառուցվածքի մեջ նույնպես կատարվել են մի շարք կայուն փոփոխություններ․ զգալի փոփոխություններ է կրել բառապաշարը, կատարվել են նոր փոխառություններ արաբերենից, պարսկերենից, հունարենից (գրական ճանապարհով), ստեղծվել են նորակազմություններ, հատկապես գիտական տերմինաբանության բնագավառում։
Որոշ փոփոխություններ է կրել նախադասության կառուցվածքը՝ մոտենալով խոսակցական լեզվին։ Այս բոլոր փոփոխությունները հանգեցրել են լեզվական կառուցվածքի վերակազմավորմանը, պայմանավորել միջին հայերենի լեզվավիճակի առաջացումը։