Դժվար է ասել, թե երբ է հիմնադրվել Նոր Բայազետից /ներկայումս՝ Գավառ/ դեպի հարավ – արևելք գտնվող Ղուլալի անվանված /ներկայումս՝ Կարմիրգյուղ/ այս տարածքը, սակայն ավերակների, գերեզմանաքարերի, խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ այն հնագույն բնակավայր է եղել։ Ostarmenia.com-ը ներկայացնում է Գեղարքունիքի մարզի այդ գեղատեսիլ անկյունի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ճարտարապետական առանձնահատկությունները:
Պատմական ուղին
Կարմիրգյուղը XV դարից եղել է Գեղարքունիքի մելիքներից Փիրհամզայի տոհմի նստավայրը։ Անշուշտ, անմտություն կլինի կարծել, թե գյուղը, որպես բնակավայր գոյություն է ունեցել հենց այս շրջանից։ Նոր Բայազետի վրա գերիշխող բլրի վրա,այսօր էլ պահպանվում են ուրարտական Խալդի աստծուն նվիրված ամրոցի մնացորդները, որը կառուցվել է Ռուսա I-ի օրոք։
Գյուղի հայկական հին անունը մոռացվել է։ Եղած նյութերով վերականգնել չենք կարող։ Ըստ մի ձեռագրի՝ 1664թ․-ին գյուղը կոչվել է Ղուլալի, ինչի մասին վկայում է «գրեցաւ․․․ ի յերկիրս Գեղամա,ի գիւղս որ կոչի Ղուլալի» արձանագրությունը:
Տաթևի վանքի ձեռագրերում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Գեղարքունիքի մելիքներն ու տանուտերերը 1513թ․-ին եկել են Տաթև, քանի որ Գեղարքունիքը գտնվել է վանքի թեմի կազմում։ Վավերագրերում հիշատակվող մելիք Փիրհամզայի նստավայրը՝ ըստ արձանագրությունների և խաչքարերի գրությունների, եղել է Ղուլալիում։ Այստեղ է եղել նաև Փիրհամզայի գերդաստանի գերեզմանատունը։
Մշակութային ժառանգությունը. Խոնարհուկ ժամ
Սուրբ Գրիգոր եկեղեցին տեղացիներն անվանում են «Խոնարհուկ ժամ» կամ «Խաչեր»: Այն թվագրվում է XV դարով։ Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում։ Միանավ, բազիլիկ տիպի շինություն է, արևելյան կողմում՝ խորանով։
Մինչև վերջերս կատարած վերականգնման աշխատանքները՝ծածկը բացակայել է։ Եկեղեցու մուտքը հարավից է, ունի զանգվածեղ ճակատակալ քար, ի սկզբանե կառուցված է եղել տեղական ճեղքած բազալտից՝ կրաշաղախով։ Անկյունաքարերը կոփածո են։ Եկեղեցու չափերն են` 12.50-8.20մ․։
Մյուս սրբատեղի Ս․Աստվածածին եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ։Կառույցի հնագույն հատվածը՝արևելյան,10-րդ դարի շինություն է։ Ներկա կառույցը վերաշինվել է 17-րդ դարում։Մ․ Սմբատյանցի և Ե․Լալայանի վկայությամբ՝բեմի ստորին մասում եղել է մի արձանագրություն, որի վրա ընթերցվել է 1674թ․։
Եկեղեցին հիշատակվում է նաև 1664-1665թթ․-ին, արված մի ձեռագիր Ավետարանի հիշատակարանում, որտեղ սխալմամբ եկեղեցին անվանվում է սբ․Գրիգոր։ Եկեղեցին եռանավ-բազիլիկ տիպի կառույց է, արևելյան կողմում բարձր բեմ ունեցող խորանով։ Ուղանկյուն-աղոթասրահը չորս զույգ սյուներով/մեկ զույգը քարե,երեքը՝փայտե/բաժանվում է«3 նավի»,որոնցից միջինը լայն է կողային «նավերից»։ Խորանի հյուսիսային և հարավային կողմերում թաղածածկ ավանդատներն են։ Ներքուստ թաղածածկ է նաև աղոթասրահը։Հյուսիսային և հարավային պատերին կիս պահպանվել են մեկական որմնասյուներ, որոնց ստորին մասում ագուցված են խաչքարեր։
Եկեղեցու մոտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։Հարավից եկեղեցուն կից է զահգակատունը՝ երկթև տանիքով։ Շարված է սրբատաշ տուֆով,չորս մույթի վրա։ Զանգակատունը կառուցվել է 1900թ․-ին։
Շինանյութը՝ տուֆի և տեղական բազալտի անմշակ, մասամբ նաև մշակված բեկորներ են։ Որպես շինաքար, ցավոք օգտագործվել են նաև շրջակայքում եղած տապանաքարերն ու խաչքարերի բեկորները։
Մատուռներն ու խաչքարերը
Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային պատին հենած էին երեք մեծ գեղաքանդակ՝ խիստ ջարդոտված խաչքարեր, որոնց նախնական տեղն անհայտ է։ 2001թ․-ին,վերանորոգման ժամանակ դրանք տեղ են գտել պարսպի արևելյան ցանկապատի մոտ։
Գյուղի հարավային եզրին գտնվող գերեզմատան արևելյան հատվածում է գտնվում Սբ․Վահան մատուռը,որը տեղացիներն անվանում են սբ․Խաչ։Մատուռը կառուցված է հասարակ քարերով,մատուռի մեջ կա մի խաչքար,ենթադրվում է,որ այն կանգնեցրել է Վահան Գողթնացին։
Լեռնաշղթայի վերջում՝ Մարտունու շրջանի Երանոս գյուղի սահմանում է գտնվում հինավուրց մի գյուղի ավերակները։Կարմիրգյուղից ութ կմ դեպի արևելք, Սևանա լճի ափին է գտնվում մի մեծ գյուղատեղի, որը տեղացիներն անվանում են Դոլակներ կամ Մանուչարի գյուղ։ Այստեղ կան բազմաթիվ ձիթհանների,եկեղեցու և մատուռի մնացորդներ։Եկեղեցին կոչվում է Սբ․ Գևորգ, իսկ մատուռը՝ Սբ․Խաչ։Ինչպես սբ․Գևորգ եկեղեցու,այնպես էլ սբ․Խաչ մատուռի շրջակայքում կան շատ խաչքարեր և տապանաքարեր։ Միայն սբ․ Խաչ մատուռի գավթում 2001թ․-ի վերականգնումից հետո, կա 40 խաչքար, որոնց մի մասի վրա կան արձանագրություններ։
Մոռեխ գերեզմանատունը
Թուխ Մանուկ մատուռի շրջակայքի գերեզմանատունն ունի ընդարձակ տարածություն։Այս տարածն անվանում են Դարի գլուխ, Մոռեխ կամ Թուխ Մանուկ։
Այս գերեզմանատան վերաբերյալ կա հետևյալ ավանդությունը․գյուղի բնակիչ Ջանոյ Արզումանը մահվանից առաջ հարազատներին խնդրում է իր աճյունն ամփոփել Թուխ Մանուկ մատուռի կողքին, որպեսզի այդ բարձունքից տեսնի իր երկու տղաների բանակից վերադառնալը/տղաներն այդպես էլ չվերադարձան/։ Հաշվի չառնելով գյուղի ղեկավարների անհամաձայնությունը, նրա պատվիրանը կատարվեց։ Դա 1958թ․ նոյեմբերի 8-ն էր։
Գյուղում գտնվել է Արտաշես Առաջինի սահմաքար՝ արամեերեն արձանագրությամբ։ Արամեերեն արձանագրությամբ սահմանաքարերից մինչև այժմ գտնված վեցից հինգը հայտնաբերվել են Գեղարքունիքում։
Գյուղացիներից մեկը, որի անունը հայտնի չէ, գտել է մի քար, որի վրա անծանոթ գրեր են եղել և ոչ ոք չի կարողացել կարդալ։ Գյուղացին այդ քարը շարել է հացատան պատի մեջ։ Այդ մասին նա հայտնել է գյուղի տիրացուին։ Սա նրան զգուշացրել է,թե այդ քարը նրան վնաս կտա․ «Հանե՛ք, դեն գցե՛ք»։ Այդպես էլ անում է։ Այդ ժամանակ ազգագրագետ Ե․ Լալայանը գյուղի դամբարանադաշտում պեղումներ կատարելիս է լինում։ Գյուղացին մոտենում և պատմում է նրան դրա մասին։ Հնագետը հետաքրքրվում է այդ քարով, ինքն էլ չի կարողանում կարդալ։ Այդ քարը սայլով տեղափոխւմ է Նոր Բայազետ, ապա հայոց հնագիտական-ազգագրական թանգարան։ Հայաստանի հնագետները չեն կարողանում կարդալ և բացատրել գրվածքի իմաստը։ Արձանագրությունը կարդալու համար հնագետները դիմում են արամեագետ Կակովցևին։ Սա հայտնում է, որ տառերն արամեերեն են, իսկ լեզուն՝ ոչ։
XV-XVI դդ․ գյուղի բոլոր գերեզմանատներում կանգնեցված խաչքարերը ուղղված են դեպի արևմուտք։Ճակատային կողմը լրիվ քանդակազարդ է,իսկ հակառակ կողմը հարթ է կամ պատած արձանագրությամբ։Քանդակազարդված երեսին հորինվածքի կենտրոնում գտնվում է խաչը։Հարթության մնացած մասերն ամբողջությամբ ծածկված են բուսական կամ երկրաչափական բարդ ու նուրբ հյուսվածքավոր զարդաքանդակներով,որոշ խաչքարերի վերնամասում տեղավորված են թեմատիկ պատկերաքանդակներ՝ Ամենակալը գահի վրա, Աստվածածինը, հրեշտակներ և սրբեր/գյուղի խաչքարագործ վարպետներ են եղել Մելիքսեթն ու Քիրամը/։