Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող անմոռանալի համերգը, որը նվիրված էր քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Միջոցառմանն արտիստի հետ նաև հանդես եկան ՀՀ Պարի պետական անսամբլը, Էլեն Գրգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Milen show-ballet dance school», «Վահագն» դհոլահարների անսամբլը և հատուկ հյուր`Rony Barrak-ը:
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «City of smile բարեգործական հիմնադրամ»-ին, որը աջակցում է կազմակերպել քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։
«Բախտ եմ ունեցել մեր հայրենիքում հանդես գալ մենահամերգներով, հեղինակային երեկոներով: 2001 թվականին հեղինակային համերգ կազմակերպեցինք` նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2002 թվականին Սարդարապատում եմ խոշոր համերգային ծրագրով ներկայացել` նվիրված մայիսյան հաղթանակներին, այնուհետև ելույթներ եմ ունեցել տարբեր կարևորագույն միջոցառումների շրջանակներում: Այս տարի նախաձեռնեցինք իմ կողմից երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք օգտակար լինել այն երեխաներին, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»»,- կարևորում է Արա Գևորգյանը։
Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նոր ստեղծագործություններ: Ի դեպ, տարին նաև հոբելյանական էր. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է:
Երեխաներին նվիրված երեկոյի ընթացքում հնչեց նաև Արա Գևորգյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված երգը, որը կոմպոզիտորը գրել է Ազնավուրի մահվանից հետոԼ Այն կոչվում է «Մեր Շառլ»։ Երգը կատարեց տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Արա Գևորգյանը խոստովանեց, որ այս երգը նա գրել է՝ որպես շնորհակալություն մեծ հայորդուն, այն արդեն հասցրել է թարգմանվել ֆրանսերեն ու անգլերեն, և արդեն կատարում են օտարազգի երգիչներ։ Քանի որ դահլիճում ներկա էր մեծ շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Արա Գևորգյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նրան հոր համար։
Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրեր, իսկ կատարման ավարտին միահամուռ տերունական աղոթքով էլ ներկաները իրենց օգնությունն ու աջակցությունը հաղորդեցին երեխներին:
“City of smile/ Ժպիտների Քաղաք” Հիմնադրամի հիմնական առաքելությունն է օժանդակել քաղցկեղով հիվանդ երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին, ինչպես նաև նպաստել Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը: Կազմակերպության հիմնական նպատակն է բոլորի համատեղ ջանքերով, քաղցկեղով ախտորոշված բոլոր երեխաները Հայաստանում ունենան բուժվելու հավասար հնարավորություններ` անկախ ընտանիքի ֆինանսական դրությունից։