Հայաստանի Հանրապետության արևելքում գտնվում է տարածքով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, որի 1/4-ն զբաղեցնում է Սևանա լիճը: Այն զբաղեցնում է ՀՀ տարածքի 18%-ը, իր մեջ ընդգրկում Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Գավառ քաղաքը:
Տարածքը 5348 քառ. կմ է (ներառյալ Սևանա լիճը’ 1270 ք. կմ)
Բնակչությունը` 228,3. հազար (2019-ի դրությամբ)
Գեղարքունիքի մարզը կազմավորվել է 1995 թվականի ապրիլի 12-ին: Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո’ Երևանի և Ելիզավետպոլի նահանգների մասը:
1918 – 1920 թթ Հայաստանի Հանրապետության Նոր Բայազետի նահանգն էր, ՀՍԽՀ՝ Կամոյի անվան, Սևանի, Վարդենիսի, Կրասնոսելսի և Մարտունու շրջանները:
Մարզը ներառված է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի կազմում, առաջնորդանիստը Գավառի Սբ Աստվածածին եկեղեցին (1848) է:
Սահմանակից է ՀՀ Տավուշի (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում) և Արցախի Հանրապետությանը (հարավ – արևելքում):
Աշխարհագրություն
Գեղարքունիկի մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս արևմուտքից հարավ-արևելք 115 կմ է, արևմուտքից արևելք’ 85 կմ: Տարածքը միջլեռնային եռանկյունաձև տեկտոնական իջվածք է’ 1900-3000 մ բարձրությունների վրա, առավելագույնը’ 3597 մ (Աժդահակ լեռ), որի հատակն զբաղեցնում է Սևանա լիճը:
Եզրավորված է Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթաներով, Գեղամա լեռնավահանով: Բարձր են նաև Սպիտակասարը (3555 մ), Վարդենիսը (3522 մ), Գեղասարը (3446 մ) ևն: Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է’ 1325 մ (Ձորավանք գյուղ):
Լանդշաֆտը լեռնա- տափաստանային, լեռնամարգագետնային է, Արեգունու և Սևանի լեռնաշղթաներում’ տեղ-տեղ լեռնաանտառային: Անտառածածկ է մարզի տարածքի 24 հսզար հա-ն: Բացառիկ նշանակություն ունեն Դարանակի կաղնուտները և Ծափաթաղի գիհուտները:
Սևանա լճի ջրերից ազատված տարածքը (16 ք.կմ) անտառապատ է, Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին’ կաղնուտներ: Անտառածածկ է Արտանիշի թերակղզին:
Ափամերձ գոտում լճի էկոհամակարգի պահպանության նպատակով 1898-3597 մ բարձրներում 1978-ին հիմնադրվել է «Սևան» ազգային պարկը (տարածքը’ 4850 ք.կմ), ստեղծվել են Արտանիշի, Նորատուսի, Լիճքի և Կարճաղբյուրի արգելավայրերը: Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:
Մարզում կան շինանյութերի, քրոմի (Շորժա), ոսկու (Սոթք), տորֆի (Մասրիկի դաշտ), հանք. (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ: Տարածքում են Արփա-Սևան ջրային համալիրի հյուսիսահին մասը, Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վերին հոսանքը, Ձկնագետ, Գավառագետ (47 կմ), Արգիճի (ամենաերկար գետն է’ 51 կմ), Ծակքար, Վարդենիս, Կարճաղբյուր, Դրախտիկ, Մասրիկ (45 կմ) և այլ գետեր, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները, Սևանա լիճը, Աժդահակի և Աղմաղանի խառնարանային լճերը: Ավազանի ընդհանուր մակերեսը շուրջ 5 հզ. ք.կմ է, լճի հայելու մակերեսը’ 1,2 հզ ք.կմ, ծավալը’ 35,8 միլիարդ խ.մ):
Սևանա լիճն աշխարհի խոշորագույն քաղցրահամ լճերից է, գտնվում է ծովի մակերևույթից 1898,155 մ բարձր, վրա: Լիճը սնվում է 28 գետի, երկու խոշոր աղբյուրների հոսքով և 1981-ին շահագործման հանձնված Արփա-Սևան ջրատեխմիկական կառույցով տեղափոխվող ջրերով (տարեկան’ 270 մլն խոր.մ գումարային ծավալով):
Բնակչություն
Գեղարքունիքի մարզը իրենից ներկայացնում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերից մեկը, բնակչության խտությունը կազմում է 56.07 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է մոտ 228,300 մարդ /01.01.2019թ./, որոնց մեծ մասը` 162,6 հազար մարդ կամ 70,2%-ը գյուղական, իսկ 69,2 հազար մարդ կամ 29,8%-ը քաղաքային բնակավայրերում: Բնակչության թվաքանակում տղամարդիկ կազմում են 116,5 հազար մարդ, որը ընդհանուր բնակչության նկատմամբ` 50.2%, իսկ կանայք` 115,2 հազար մարդ, որը ընդհանուր բնակչության նկատմամբ` կազմում է 49.8%-ը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության մեծամասնությունը կուտակված է Սևանի, Մարտունու և Գավառի տարածաշրջանում՝ հասցնելով բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա 75-109 մարդ, այստեղ են բնակվում մարզի բնակչության շուրջ 72.7% և մակերեսով կազմում է մարզի՝ 41.7 %, իսկ ամենացածր խտությունը՝ Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանում է՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմել է 19-33 մարդ, որտեղ բնակվում են մարզի 27,3 % բնակիչները, իսկ տարածքը կազմում է՝ 58.3 %:
Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների` հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև` ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը: Ներկայում բնակչության 99 %-ը հայեր են, ապրում են նաև ռուսներ – 0,14 %, քրդեր – 0,04 %, եզդիներ – 0,02 %, ուկրաինացիներ – 0,02 %, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ – ընդհանուրը մոտ 0,01 %:
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք / Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս/
Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր
Գեղարքունիքի տեսարժան վայրեր
Մարզը հարուստ է ազգագրական և հնագիտական հուշարձաններով (հաշվառված է 5270 հուշարձան)։ Պատմամշակութային կենտրոնները գտնվում են Գավառի, Սևանի, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում:
Լճաշենում, Գավառում, Ծովակում, Ծովինարում պահպանվել են կիկլոպյան, ուրարտական ամրոցներ, ուրարտական սեպագիր արձանագրություններ, Արտաշեսյան սահմանաքարեր և այլն։
Քանագեղ (Կարմիր գյուղ) հնավայրի դամբարանից հայտնաբերվել է մ.թ.ա. XVI դարի Միտաննի թագավորության կնիք։ Հայտնի են Լճաշենի դամբարանադաշտերը (մ. թ. ա. IV-I հազարամյակներ, Նորատուսի հարավային գերեգմանատան խաչքարերը (XII-XVIII դարեր)։
Բնության հուշարձաններից են Սևանի և Արտանիշի թերակղզիները, Աղմաղանի, Աժդահակի և Վարդենիսի լեռնագագաթներում փոքր լճերը, բազմաթիվ կիրճեր, ժայռախմբեր։
Մարզի նշանավոր պատմամշակութային կենտրոններ
Գանձակի եկեղեցի (IV դ.)
Հացառատի եկեղեցի (VII դ.)
Սոթքի Սբ Աստվածածին եկեղեցի (VII դ.)
Նորատուսի եկեղեցի (IX դ.)
Սևանի վանք (IV-IX դդ.)
Մաքենյաց վանքի համալիր (IX-X դդ.)
Իլկավանք (X-XI դդ.)
Հայրավանք (IX-XIII դդ.)
Շողագավանք (V-IX դդ.),
Կոթավանք (IX դ.),
Մասրուց անապատ (IX դ., Ձորագյուղ)
Սելիմի քարվանսարա
ԼՃաշենի դամբարանադաշտ
Մարզի տնտեսությունը և հասարակական կյանքը
Գեղարքունիքի մարզը գյուղատնտեսական – արդյունաբերական շրջան է: Բազմաճյուղ գյուղատնտեսության մեշ առաջատար են անասնապահությունը (այդ թվում’ մեղվաբուծությունը), կերային և հացահատիկային բույսերի մշակությունը, կարտոֆիլագործությունը:
Զբաղվում են նաև պտղաբուծությամբ: Կան ձկնարդյունաբերական, հանքահումքային, սննդի, թեթև (գորգագործություն), գունավոր մետաղաձողական. և այլ ձեռնարկություններ:
Մարզի արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքային արդյունաբերությունն է. գործում է Սոթքի ոսկու հանքավայրը:
Զարգացած է նաև զբոսաշրջությունը: Գրավիչ է հատկապես Սևանի թերակղզին՝ իր արհեստական անտառով: Կան առողջարաններ, հանգստյան տներ: Լճի ջրերում ամառը զարգանում են ջրային մարզաձևերը, մասնավորևապես նավագնացությունը, սյորֆինգը:
2017թ. մարզի տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 56,8 %-ը: Աղքատության մակարդակը մարզի բնակչության 32% է: Գործազրկության խնդիրը ավելի խիստ է քաղաքային համայնքներում:
Մարզում գործում են 39 առողջապահական ընկերություններ, որոնցից` 2 բժշկական կենտրոն, 2 առողջության կենտրոն, 1 ծննդատուն, 2 պոլիկլինիկա և գյուղական ամբուլատորիաներ:
Մարզում գործում են 126 հանրակրթական, 17 գեղարվեստի, երաժշտական մարզական դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, պետական և ոչ պետական բուհ, 8 քոլեջ, նախադպրոցական 41 հաստատություն, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և կրթամշակութային այլ հաստատություններ:
Գեղարքունիքի մարզում գործում են 171 մշակույթային օջախներ, որից 5-ը հանրապետական ենթակայության են, 2-ը’ մարզային, 164֊ը համայնքային: Այստեղ գործում է մեկ դրամատիկական թատրոն: Մարզի 92 համայնքներից 11-ում գործում են 9 երաժշտական, 6 արվեստի և 3 գեղարվեստի դպրոցներ:
Տրանսպորտ և կապ
Մարզի տարածքով է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական նշանակության մայրուղին, Սոթք տանող երկաթգիծը, որի Ծաղկունք-Սոթք վազքուղու երկարությունը կազմում է 141կմ:
Սևան-Շորժա-Վարդենիս ուղղությամբ ներկայումս գործում է երկու գնացք՝ որոնցով հիմնականում իրականացվում են բեռնափոխադրումներ, իսկ ամառվա ընթացքում նաև ուղևորափոխադրումներ:
Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից: Մատուցում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հայաստանի Հանրապետության փոստային կապի “Հայփոստ-թրաստ” ԲԲԸ Գեղարքունիքի մարզի հինգ փոստային մասնաճյուղերը սպասարկում են մարզի 92 համայնքներին:
Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Այստեղ հեռարձակվում են 7 համապետական և 3 մարզային հեռուստատեսւթյունների շրագրերը: Մարզի բնակավայրերը գրեթե ամբողջությամբ ապահովված են ինտերնետ ծածկույթով և կաբելային հեռուստատեսությամբ:
Մարզում առկա է Գավառի օդանավակայանը, որը չի գործում: Գավառի օդանավակայանում կան շենքային պայմաններ, սակայն թռիչքուղին գրունտային է:
Հեռախոսային կոդեր՝
Սևան – 261
Մարտունի 262
Գավառ – 264
Սարուխան – 264
Վարդենիս – 269
Ճամբարակ – 265
Փոստային ինդեքսներ — 1201-1626
Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7,
էլ հասցե՝ gegharkunik.mtad.am
էլ փոստ՝ gegharkunik@mta.gov.am
Հեռ.` +374 264 2-10-45, +374 264 2-34-31, +374 264 2- 25-12