Այրիվանքի կամ Գեղարդի վանական համալիրը գտնվում է Գողտն գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Համալիրի հիմնական շինությունները կառուցվել են XIII դարում, երբ այստեղ ի պահ են բերում սուրբ Գեղարդը, որով խաչի վրա խոցել էին Քրիստոսին: Սրբությունից է առաջացել է վանքի ավելի հայտնի անվանումը:
Հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Այս պաշտամունքային համալիրը (եռահարկ Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ միասին) ժողովրդի կողմից կոչվել է նաև Յոթ եկեղեցիների վանք, ունի նաև քառասուն մատուռ և պատարագի համար նախատեսված խորան: Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
Գեղարդի վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է 2000 թվականից: 2018 թ. դեկտեմբերի 7ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստը միաձայն որոշել է Հայաստանի ներկայացրած «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, շնորհել ուժեղացված պաշտպանության կարգավիճակ:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Արդեն IV դարի վերջում հիշատակվում է քարանձավային մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են Գրիգոր Լուսավորչին և Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Այստեղից էլ առաջացել է մենաստանի առաջին՝ Այրիվանք անունը:
IV դ. Այրիվանք է բազմիցս այցելել կաթողիկոս Ներսես I Պարթևը: Այն կացարան է եղել կաթողիկոս Սահակ I Պարթևի համար: 841-ին թողնելով հայրապետական աթոռը, այստեղ հաստատվում է կաթողիկոս Հովհաննես IV Ովայեցին: X դ. կաթողիկոս Հովհաննես V Դրասխանակերտցին, խուսափելով արաբ ոստիկանի հետապնդումից, ապաստանել է Գեղարդավանքում, ապա անցել Սևանի վանք: Արաբ զորավար Նասրը՝ հետախնդելով Հովհաննես V կաթողիկոսին, 926-ին ներխուժել են Գեղարդավանք, գանձերի տեղն իմանալու համար տանջամահ արել միաբաններին, կողոպտել վանքը (ներառյալ ձեռագրերը) և հրդեհել շինությունները: Թեև հետագայում վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով, բայց այստեղ ստեղծված շատ ձեռագրեր այդպես էլ դատապարտվում են անվերադարձ կորստյան։
Սելջուկյան արշավանքներից հետո, XIII դ. կեսից Այրիվանքում կրոնական կյանքը վերակենդանացել է: Վանքի վերածնունդն ու ծաղկումը մեծապես կապված է Զաքարյանների և Պրոշյանների իխանական տոհմերի հետ: 1215 թ.-ից, Բարսեղ վարդապետի վանահայրության օրոք, սկսվեց վանական համալրի վերակառուցումը: Իշխան Իվանե Զաքարյանը Գեղարդավանք է այցելել 1219-ին և նրան նվիրել Բերդաղ գյուղը:
XIII դ. 40-ական թթ. Պռոշ իշխանը վանքը գնել է Իվանե աթաբեկի որդի Ավագից՝ տոհմական տապանատուն դարձնելու նպատակով:
XIII դ. կեսից վանքում է պահվել ս.Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, ինչպես նաև Նոյյան տապանի մասունքը: Վանքը շրջապատվում է ամուր պարիսպով: Մեծանում է նրա հոգևոր նշանակությունը:
XV-XVI դարերում Հայաստանը դառնում է Կարա-Կոյունլուների ու Ակ-Կոյունլուների, ապա՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Իրանի միջև մղվող պատերազմների թատերաբեմ: 1555 թվականից վանական համալիրը Պարսկաստանի տիրապետության տակ էր: Խաղաղ պայմաններում զարթոնք է ապրում վանական համալիրի հոգևոր և մշակութային կյանքը: Այն ավելի է ակտիվանում Ռուսաստանի կայսրության կազմում հայտնվելուց հետո (1828թ): XIX դարում Գեղարդավանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ, Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը:
Այրիվանքին մեծ վնաս են հասցնում 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերը: Ամեն անգամ այն վերակառուցվել ու վերականգնվել է՝ հետագա դարերի ընթացքում ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր)։ Հետսհետե նվազում է և վերանում վանական միաբանությունը: Վերջին վերանորոգումը տեղի է ունեցել Վազգեն I կաթողիկոսի կողմից 1958-1982 թթ:
XV դարից վանական համակիրը պատկանել է Արարատյան (Երևանյան) թեմին, իսկ 1996 թ.-ից՝ Կոտայքի:
Ավանդազրույցներ վանքի մասին
Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է սրբավայրին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։
XIII դարից սկսած վանքը ստանում է նաև «Գեղարդ» անվանումը՝ ի պատիվ այստեղ պահված սուրբ Գեղարդի, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Ըստ ավանդության՝ այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը (Գեղարդասար), Ազատ գետի վերին հոսանքի կիրճը (Գեղարդաձոր):
Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ եկեղեցի կառուցել։ Վայրի ընտրության մեծ պրպտումներից հետո՝ նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։
Երկու ավանդազրույց կապված են միջնասիական զորավար Լենկ Թեմուրի (1336-1405) հետ: Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ նա որոշում է անձամբ փորձել այն։ Զորավարը հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Երբ նրա զինվորները բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես զորքի վրա հարձակվում են գույնզգույն համազգեստներով ձիավորներ: Լենկթեմուրի զորքում խուճապ է ընկնում. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար զորավարը թողություն է խնդրում Սուրբ նշանից և նահանջում:
Ըստ այլ ավանդազրույցի՝ Լենկթեմուրն իմանում է, որ Այրիվանքի քարայրային եկեղեցիներից մեկում մեծ ադամանդ է պահվել: Գանձին մոտենալիս՝ զորավարը փակում է լույսի ճանապարհը սեփական ստվերով, և գանձն «անհետանում էր»։ Այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն՝ ադամանդի տեսք։ 1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Այրիվանքը հայկական ճարտարապետության յուրորինակ և բացառիկ նմուշներից է: Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ամենանշանակալից նվաճումներից են հատկապես սբ. Աստվածածնի եկեղեցին, Ավազանը և Պապաքի դամբարան – ժամատունը: Քառասուն տարի շարունակ կերտվելով ձեռամբ, միակտոր քարից` եկեղեցին ավելի քան հիացմունքի է արժանի. հատկապես ապշեցուցիչ է ճարտարապետի կողմից ընտրված կատարման եղանակը` վերից վար։ Տեխնոլոգիայով հիացնում են նաև վիմափոր մյուս կառույցները: Համալիրը բացառիկ է նաև որմնանկարներով:
Սբ. Աստվածածին եկեղեցի – մատուռ: Այրիվանքի ներկայիս հնագույն պաշտամունքային կառույցը եռահարկ, կիսավիմափոր Ս. Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Զաքարյանների նախաձեռնությամբ 1164 թվականին: Գտնվում է վանքի կենտրոնական մուտքին չհասած՝ արևմտյան կողմում։ Բազմաթիվ արձանագրությունները տեղեկացնում են տարբեր անձանց՝ իրենց մահից հետո հոգեհանգիստ կատարելու խնդրանքով վանքին արած նվիրատվությունների մասին: Հարավային պատի վրա պահպանվել է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի 1181-ի արձանագրությունը՝ վանքին ս. Անդրեասի մասունքները նվիրելու մասին:
1257-1258 թվականներին եկեղեցին նորոգվել է Պռոշյանների կողմից և զարդարվել որմնանկարներով: Խորանի կենտրոնում Աստվածածնի պատկերն է՝ մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին՝ հրեշտակներ, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և նրա ընտանիքի խմբանկարն է: Որմնանկարը, սակայն, վնասվել է մրի և խազերի պատճառով:
Գլխավոր եկեղեցի (Կաթողիկե): Կառուցվել է 1215 թ. Զաքարյանների իշխանության ժամանակ: Կառուցման արձանագրությունը փորագրված է արևմտյան ճակատի մուտքի վերևում: Հատակագծային և ծավալա-տարածական հորինվածքով պատկանում է Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառուցվածքների XII-XIII դդ. բնորոշ տիպին:
Հատակագիծը ձգված ուղղանկյունի է, ներգծված խաչով, որի ուղիղ կենտրոնից վեր է խոյանում քառակուսի հիմքերի վրա խարսխված սլացիկ գմբեթը:
Գմբեթակիր քառակուսուց անցումը թմբուկի կորին իրականացվել է առագաստների միջոցով: Խաչի արևելյան թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք` ծածկված գլանաձև թաղերով: Խաչի թևերի չորս անկյուններում կառուցված են երկհարկանի ավանդատներ` թաղակապ ծածկով, արևելյան կողմում` փոքրիկ խորաններով: Պատերի վրա պահպանված արձանագրություններից երևում է, որ ավանդատներից յուրաքանչյուրը կառուցվել է տարբեր անձանց միջոցներով: Ձախակողմյան երկրորդ հարկի ավանդատունը նվիրված է Թադեոս առաքյալին:
Ներքին հարդարանքը մշակված է XII-XIII դդ. ճարտարապետական արվեստի ոճով: Առանձնապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը:
Արևելյան և հարավային պատերը ակոսված են զույգ հայկական խորշերով, որոնք հակասեյսմիկ նշանակություն ունեն:
Գավիթ (Գլխավոր եկեղեցու ժամատունը): Կառուցվել է 1215-1225 թթ. ժամանակահատվածում: Արևելյան կողմով հպված է գլխավոր եկեղեցու արևմտյան ճակատին, իսկ հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռը: Պատկանում է կենտրոնակազմ, չորս սյուներով գավիթների տիպին: Հատակագիծը ուղղանկյուն է (գրեթե քառակուսի):Հորինվածքի կենտրոնում հավասար հեռավորության վրա ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ, որոնցից մինչև դիմացի պատերի որմնասյուները տարածվող կամարները ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ առավել փոքր հատվածների: Շինության գլխավոր առանցքը կազմում է կենտրոնական հատվածը` ծածկված շթաքարե (ստալակտիտային) նրբաքանդակ թաղով:
Ներսում՝ արևելյան պատի տակ, Տիմոթ և Մխիթար վարպետների 1213 թ-ին կերտած խաչքարն է:
Ավազան: 1230–50-ին Պռոշ իշխանը կառուցել է Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող ժայռափոր առաջին եկեղեցին:
Այն գմբեթակիր խաչաթև կառույց է` անկյուններում ավանդատներով: Հատակագիծը ոչ լրիվ խաչաձև է, հարավային թևը գրեթե բացակայում է: Այն ուղղակի հնարավոր չէր կառուցել, գավթի պատի համար մնացած տեղի սղության պատճառով):
Ծածկված է XIII դ. բնորոշ երկու զույգ խաչաձև կամարների վրա հանգչող նրբագեղ շթաքարե գմբեթով: Գմբեթակիր քառակուսու վրա` նռան քանդակներով զարդարված խաչաձևվող կամարների վերևում, արձանագրված է. «Զվարդպետս Գալձագ յիշեցեք»: Գալձագը համարվում է վանքի ժայռափոր կառույցները կերտող ճարտարապետը:
Եկեղեցու հյուսիսային պատի տակ, ժայռից բխում է ավանդաբար հրաշագործ համարվող աղբյուր, որը պաշտվել է հեթանոսության ժամանակաշրջանից:
Սբ. Աստվածածին եկեղեցի: Գլխավոր եկեղեցուն կից գավթի հյուսիսարևելյան կողմում գտնվում է ժայռակոփ երկրորդ եկեղեցին: Այն բաղկացած է բուն եկեղեցուց և գավթից: Գլխավոր եկեղեցու խորանի հյուսիսային պատի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին և գավիթը կառուցվել են Խաղբակյան Պռոշ իշխանի օրոք, 1283 թ.: Եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի է: եկեղեցին ունի երեք ավանդատներ. երկուսը լայն կիսաշրջան խորանի երկու կողմերում են, իսկ երրորդը` կից է հյուսիսային պատին։ Կենտրոնական սրահի անկյունային կիսասյուները իրենց վրա են կրում կամարները, որոնք էլ իրենց հերթին պահում են թմբուկն ու գմբեթը։ Վերջինս բաժանված է 12 հատվածների` հարդարված խաղողի որթերի, ողկույզների ու նռան քանդակներով, ոճավորված կենաց ծառերով։
Ինչպես եկեղեցու, այնպես էլ գավթի պատերը ծածկված են քանդակներով: Մուտքը երիզող հարթ գոտու վերին անկյուններում Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների պատկերաքանդակներն են` դրախտի բանալին ձեռքներին։
Խորանից դեպի ձախ շատ ինքնատիպ մի խաչ է` վերնամասում հոյակերտ Կենաց ծառի և արևի խորհրդանշանով, իսկ ստորին մասում` Ադամի գլուխն է։ Խաչի եզրերում փորագրված են յուրօրինակ փոքր խաչեր` հայկական ոճով։ Խաչի 2 կողմերում որսի տեսարան է` հավանաբար Պռոշյանների պատկերով։
Խորանի պատերի և առաջամասի խորհրդանշական պատկերաքանդակների թվում տեսնում ենք նաև խորանի աստիճաններին պատկերված այծի քանդակ։ Խորանը եզակի է այն առումով, որ ունի միայն մեկ սանդուղք, իսկ հակառակ կողմում` փորագրազարդ գահ։ Գահին պատկերված առյուծի գլուխը թույլ է տալիս ենթադրել, որ այն նախատեսված է եղել Պռոշյանների համար, որոնց և պատկանում էր այս եկեղեցին։
Գավիթ – դամբարան: Մուտքը եկեղեցի անցնում է գավթի միջով: Վերջինս ոչ մեծ չափերի ուղղանկյուն հատակագծով կառույց է և հավանաբար Պռոշյանների տոհմական տապանատունն է:
Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների ճակատային մասում քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, իսկ ավելի ներքև պատկերված է արծիվ` խոյը ճիրաններում: Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է:
Պապաքի և Ռուզուքանի ժամատուն – դամբարան: Ժայռի վերին մասում գտնվում է ժայռակոփ գտնվում է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն – դամբարանը:
Չորս անջատ սյուներով կենտրոնակազմ հորինվածքի է: Կամարները, այլ գավիթների համամեմատությամբ, ավելի ցածր են` ձեռակերտ լինելու պատճառով։ Դրանք սրահը բաժանում են 9 հավասար մասերի` իսկ վերնամասում ծածկն ավարտվում է գմբեթով։ Այստեղ պահպանվել են միայն Մերիկ և Գրիգոր Պռոշյան իշխանների տապանաքարերը։ Մնացած թաղումների հետքերը չեն պահպանվել։Դամբարանն ունի առանձին թունելանման մուտք, մոտ 10 մ երկարությամբ: Այն կառուցվել է 1288 թ – ին: Մուտքի մի պատը հարդարված է խաչքարերով:
Դահլիճ: Գլխավոր մուտքից հյուսիս արևմուտք ժայռակոփ, գտնվել է մի ժայռափոր դահլիճ: Հետազոտվել է 1932 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարած պեղումների ժամանակ: Պեղումներից որոշ ժամանակ անց, ժայռի փլուզման հետևանքով, գրեթե ամբողջովին ոչնչացվել է:
Խոշոր դահլիճ է (5 մետր բարձրությամբ, 9×15 մետր չափերով), աշխարհիկ նշանակությամբ: Հավանաբար եղել է գրադարան, ժողովասրահ կամ սեղանատուն: Թ. Թորամանյանը գրել է, որ մաքուր հղկված են բոլոր որմնակամարները, խորշերը, որմնասյուները, ամբողջ քարայրը` առաստաղով և հատակով: Կառուցվել է XIII դ. II-րդ կեսին, Պռոշ իշխանի օրոք, որի անունը հիշատակված է արևմտյան պատին փորագրված արձանագրության մեջ:
Վանքի շրջակայքում կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, ժայռերին ագուցված խաչքարեր: Խցերի մեծ մասն ավերվել են երկրաշարժերի հետևանքով, այդ թվում նաև Սուրբ Աստվածածին քարայր – մատուռի շուրջ բացվածները։ Վանքը միավորում էր նաև ճգնավորների, ովքեր, խստակենցաղ կյանք էին վարում, ապրում, աշխատում և աղոթում այդ խցերում։ Նրանցից շատերը վանքում էին մնում ցմահ։
Կաթողիկեից դեպի արևելք, քարե սանդուղքի վերևում մի շարք նման խցեր կան։ Դրանք «Լուսավորչի այրեր» են կոչվում. ավանդույթը պատմում է, թե վանքի հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ապրել է այստեղ և քարոզել։
Խաչքարներից որոշները թվագրվում են վաղ միջնադարով, թեև մեծ մասը ստեղծվել է XI-XIII դարերում, իսկ մի քանիսը ավելի ուշ շրջանի գործեր են։ Մեծ մասը պատված է որդան կարմիր ներկով և պահպանել են կարմիր գույնը։
Վանքի ներկայիս պարիսպները կառուցվել են XVII դարում: Դանիել վարդապետ Պռոշյանը 1708 թվականին կառուցել է վանքի արևմտյան կողմի կամարակապ դարպասը՝ գլխավոր մուտքը դեպի համալիր։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Վանական համալիրը սկսում է բարգավաճել արդեն Սահակ Պարթևի օրոք: Ստեղծվում է հարուստ գրադարան, դպրության և գրչության կենտրոն: Վանքը նաև հոգևոր կարևոր նշանակություն է ձեռք բերում:
VIII դ. 1-ին կեսին վանքի միաբան է դարձել Գրիգոր Գռզիկը, այստեղ ծավալել երաժշտական ստեղծագործական բեղմնավոր գործունեություն, հիմնել Այրիվանքի դպրոցը: Նույն ժամանակ այստեղ ստեղծագործել և դասավանդել է ոմն Սահանդուխտը: Թեև ժամանակի կանոնների համաձայն կանայք պետք է հեռու լինեին վանականներից, բայց նաայնքան հայտնի էր իր ստեղծագործություններով, որ նրան թույլ է տրվել դասավանդել վանքում` թաքնվելով վարագույրի հետևում։
Վանքին մեծ վնաս են հասցնում արաբների, ապա՝ սելջուկների արշավանքները: Թալանվում են վանական մատենադարանն ու գրատունը, ձեռագրերի մեծ մասը չի պահպանվում:
XII դարից Այրիվանքի հոգևոր ու մշակութային կյանքը կրկին վերել է ապրում: Աղվանից Ստեփանոս կաթողիկոսը 1181-ին Այրիվանքին է նվիրում սբ. Անդրեասի մասունքները: Վերականգնվում է նաև գրչության կենտրոնի նշանակությունը: 1190-ին վանքում գրվել է Տոնապատճառ ժողովածուն: Վերաբացվում է նաև դպրոցը, որը 1279-ից գլխավորել է Մխիթար Այրիվանեցին: Նրա և Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է նաև գրչության արվեստը (մեզ են հասել այստեղ գրված բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվում են Երևանի Մատենադարանում, Փարիզի Ազգային գրադարանում ու Բեռլինի Արքայական գրադարանում), ստեղծվել է հարուստ մատենադարան: 1217 թվականին վանքի միաբանների ուժերով (Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող) գրվել է մանրանկարներով հարուստ և մեծադիր Ավետարանը։ XV դ. Այրիվանքի դպրոցի ուսուցչապետ է դարձել Գրիգոր Տաթևացու աշակերտ Սիմեոն վարդապետը, որը կարգավորել է վանքի կանոնադրությունը: Դպրոցը կրկին վերաբացել է վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թթ. ՝ կաթողիկոս Գևորգ IV Կոստանդնուպոլսեցու հրամանով:
Վանքը նաև բազմաթիվ և բազմատեսակ նվերներ է ստացել թե իշխանական տներից և թե համայնքներից: Նրանցից մի մասն ունի մշակութային կարևոր նշանակություն: Վանքի վանահայր Պռոշյան տոհմից Դավիթ վարդապետի օրոք (1635–75թթ.) թիֆլիսցի Սուլե Չիթախյանը 1655-ին նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ: 1258-ին Պռոշ իշխանը ս. Գեղարդի համար դրվագված պահարան է պատրաստել տվել: Պահարանի արձանագրության սկիզբը սրբության մեծարանքի և նրա պաշտամունքի բանաստեղծ. արտահայտությունն է: Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը 1687 թվականին պատրաստել են սուրբ Գեղարդի նոր՝ արծաթե պահարանը, պահպանելով Պռոշ իշխանի արձանագրությունը: 1698 թվականին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է Նոյյան տապանի փայտի պահարանը: 1715 թվականին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոսական մարգարտաշար թագ։ Վանքի տարածքում պահպանվել են նաև նվիրական բազմաթիվ խաչքարեր: Նվերների, համալիրի վերականգնումների մասին են խոսում նաև վիմագրությունները:
Այրիվանքը Հայաստանի ժայռափոր արվեստի բացառիկ օրինակներից է:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ
1. Սբ. Աստվածածին եկեղեցի – մատուռ
2. Կաթողիկե եկեղեցի
3. Մեծ գավիթ
4. Ավազան
5. Սուրբ աղբյուր (ավազան)
6. Սուրբ աղբյուր
7. Փոքր գավիթ – դամբարան
8. Սբ. Աստվածածին եկեղեցի
9. Մուտք վերին դամբարան
10. Պապաքի և Ռուզուկանի դամբարան – ժամատուն
11. Խուցեր
12. Միջնադարյան պարսպապատերը
13. Կենցաղային շինություններ
14. Գլխավոր դարպասներ
15. արևելյան դարպասներ
16. Կենցաղային սենյակների հիմքեր (XVIIդ)
17. XX դ. ավելացած սենյակներ
Հեռավորությունը (կմ)`
Երևանից՝ 39
Մարզկենտրոնից (Հրազդան)՝ 70
Բնակավայրից (գ. Գողթն)՝ 4
Անմիջական տրանպորտ Երևանից չկա
Մոտակա ուղի՝ Երևան – Գողթն
Սպասարկում՝ Հուշանվերների խանութ, սննդի կետ, զուգարան