«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահամանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այդ մասին հունիսի 28-ին ասւոլիսի ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրանի» միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը
Ֆրանսիա
Ներկայացնելով ֆրանսիական օրակարգը՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը նշեց, որ առանձնակի կարևորություն է ունենալու Talent Lab ծրագիրը, որի շրջանակում 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը:
«Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»: Ընդհանուր հաշվով՝ ներկայացվելու է 110 ֆիլմ, որից 23 ֆրանսիական են կամ՝ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության:
«Մեզ համար «Ոսկե ծիրանը» կարևորագույն փառատոններից է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ՝ աշխարհում», -նշեց դեսպանը:
Գերմանիա
Փոխդեսպան Քաուլա Վենդերբերգերը կարևորեց, որ գերմանական ծրագրերի և մշակութային խճանկարի շրջանակում ներկայացվող ֆիլմերի շարքում կներկայացվի Վիմ Վենդերսի՝ Ֆրանցիսկոս Պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:
«Վիմ Վենդերսի «Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. Մարդ, որն իր խոսքի տերն է» ֆիլմը ստեղծվել է Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ: Այն հանդիսատեսին պատմելու է Ֆրանցիսկոս պապի կատարած առաքելությունների մասին, որտեղ վեր են հանվում հավատքին, աշխարհում տիրող սոցիալական ու համամարդկային խնդիրներին վերաբերող հարցեր,-նշեց նա:
Իտալիա
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն հայտնեց, որ իտալական կինոյի ցուցադրության շրջանակլներում հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը:
Բացի այդ լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը, իսկ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում՝ կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսան:
-«Ոսկե ծիրանը» որակյալ կինոփառատոն է: Դրանով է պայմանավորված մեր կողմից այսպիսի արվեստագետների ներգրավումը: Փառատոնը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:Այս փառատոնի նպատակն է վերականգնել մարդկանց միջև շփումը: Եվ դա շնորհիվ իր տնօրեն Հարություն Խաչատրյանի, այժմ արդեն՝ նոր ղեկավար կազմի,-ընդգծեց դեսպանը:
Մեծ Բրիտանիա
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում հուլիսի 8-ին տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Բացի այդ հուլիսի 9-ին էլ Սերգեյ Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի հատուկ մրցանակ:
ԱՄՆ
Փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնն հայտնեց, որ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին: Նա նաը տեղեկացրեց, որ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբը:
Լեհաստան
Ինչպես տեղեկացրեց դեսպան Պավել Չեպլակը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և դեսպանատան հետ համատեղ կիրականացնի «Հայացք. Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակում կանցկացվեն միջոցառումներ՝ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար:
Ծրագիրը կընդգրկի 8 ֆիլմի ցուցադրություն, որոնցից 4-ը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշտներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում:
Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին՝ «Առողջարան. Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը:
Ռուսաստան
«Ռուսաստանի դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ կիրականացվի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Գյումրի քաղաքում: Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը, -ասաց դեսպանատան ներկայացուցիչ Սերգեյ Ռիբինսկին:
Նրա խոսքով՝ «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը, ինչպես նաև կներկայացվեն ԱՊՀ-ի վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:
«Ոսկե ծիրանն» 16-րդ կինոթառատոնը տեղի կուեննա հուլիսի 7-ից 14-ը: