LՀայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը բոլոր պետությունների, առաջին հերթին’ հարևանների հետ բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է: Այն միտված է Կովկասում անվտանգության տարածաշրջանային համակարգի ստեղծմանը, որը հնարավոր է միայն բանակցությունների արդյունքում ընդունված փոխզիջումների և ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման դեպքում:
1998-ից հանրապետության արտաքին քաղաքական գործունեության կենտրոնում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը:
Մինչև 1991-ի վերջը ՀՀ անկախությունը ճանաչել է շուրջ 30 երկիր (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Կանադա, Ռումինիա ևն), իսկ 1992-ի մարտի 2-ին հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետև անդամագրվել է Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Սևծովյան տնտեսական համագործակցությանը, Միջխորհրդարանական միությանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների:
ՀՀ-ն գործնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Արևմտյան Եվրոպայի երկրների’ Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի հետ: Հետզհետե ամրապնդվում են Հայաստանի տնտեսական և մշակութային կապերը Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Հարավարևելյան Եվրոպայի մյուս երկրների հետ:
2001-ի հունվարի 25-ին ՀՀ-ն անդամակցել է Եվրոպական Խորհրդին, որով սկզբնավորվել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացը: Հայաստանը պարտավորություններ է ստանձնել միանալու եվրոպական համաձայնագրերին ու խարտիաներին, որտեղ ամրագրված սկզբունքները գերակայելու են ՀՀ-ի օրենքների նկատմամբ’ բացառությամբ ՀՀ Սահմանադրության:
Հայաստանի համար ռազմաքաղաքան և անվտանգության ապահովման նշանակություն ուներ հարաբերություններն ԱՊՀ պետությունների և հատկապես Ռուսաստանի հետ (երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի ապրիլի 3-ին):
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունը չի շեղվել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից: Ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը ուղղված է երկու պետությունների անվտանգության, Անդրկովկասում կայունության ապահովմանը: 1995-ի մարտի 16-ին ՀՀ-ն և ՌԴ-և կնքել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիր, որով իրավ, հիմքի վրա է դրվել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում: Պայմանագրով՝ ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ-ի կազմավորումները վերածվել են հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի (ռուսական 102-րդ ռազմական բազա): Շեշտվել է նաև, որ «Ռուսաստանյան ռազմակայանը, ՌԴ շահերը պաշտպանելու պարտականությունից բացի, Հայաստանի ԶՈւ-ի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանում»:
1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի դրույթների իրականացման շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը:
1991-2017-ին Ռուսաստանը և Հայաստանը կնքել են 250-ից ավելի միջպետական միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են ռազմապաշտպանական, տնտեսական և համագործակցության այլ բնագավառներ: 1992-99-ին ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրել է ավելի քան 100 մլն դոլարի վարկ, որի շնորհիվ վերականգնվել ու գործարկվել է նաև Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը:
Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 4 մլրդ ԱՄՆ դոլար:
Տարբերակվող կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական և շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ:
1997-ի օգոստոսի 29-ին Մոսկվայում կնքվել է (ուժի մեջ է մտել 1998-ի նոյեմբերին) «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիրը, ինչպես նաև «Հայ-ռուսական համատեղ հռչակագիրը»: Պայմանագիրը հնարավորություն է տվել, որ Հայաստանն ու Ռուսաստանն է’լ ավելի ակտիվացնեն ռազմական համագործակցությունը: Հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր են խաղում միջխորհրդարանական կապերը, 1995-ի ապրիլին Ռուսաստանի Պետական դուման ընդունել է 1915-ի հայոց Մեծ եղեռնը դատապարտող հայտարարություն: ՀՀ-ի շրջափակման հետևանքով երկաթուղային կապի բացակայությունը մեծապես խոչընդոտում է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը:
Հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության միջպետական հարաբերություններին բնորոշ է երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը ամենաբարձր և բարձր մակարդակներով: Տարին երկու անգամ հերթականությամբ Հայաստանում և Ռուսաստանում անցկացվում են Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր: Ակտիվ են շփումները կառավարական, գերատեսչական և տարածաշրջանային մակարդակներով:
2015 թվականից Երևանում գործում է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանում և Հայաստանում գործող ռուսական բուհերի 7 մասնաճյուղերում ուսանում է շուրջ 3.5 հազ. ուսանող:
Ռուսաստանում բնակվում է ամենամեծ հայկական համայնքը: Ռուսաստանում 2010թ. անցկացված մարդահամարի համաձայն, ՌԴ տարածքում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազ հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայկական համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2.5 մլն մարդ: Հիմնադրվել և գործում են մի շարք համայնքային կառույցներ, որոնցից ամենախոշորն է «Ռուսաստանի հայերի միությունը»:
Բարեկամական հարաբերություններ են հաստատվել նաև Ուկրաինայի հետ. ստորագրվել են ֆինանսատնտեսական պայմանագրեր, հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ուկրաինական առևտրատևտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը: Սերտացել են քաղաքական, տնտեսական հարաբերությունները Բելառուսի և Մոլդովայի հետ: Միջին Ասիայում Հայաստանի գլխավոր գործընկերը Թուրքմենստանն էր (վերջինիս հետ 1993-ին ստորագրվել է բարեկամության պայմանագիր). երկրի տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված էր թուրքմենական գազի առաքումից: Հայաստանն առևտրատնտեսական, մշակութային. համաձայնագրեր է կնքել Ուզբեկստան ու Տաջիկստան հետ: Վերջիններիս և Ղրղըզստանի հետ կապերը մասամբ պահպանվում Են ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի պայմանագրերի հիման վրա: 1993-ին Ղազախստանի հետ ստորագրվել է բարեկամության պայմանագիր:
Կենսական նշանակություն ուներ դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդումը Վրաստանի հետ, որի տարածքով ծանր շրջափակման պայմաններում շարունակվել է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Երկու երկրները կնքել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանագրեր: Ավանդական է դարձել մշակույթի օրերի փոխադարձ անցկացումը:
Հայաստանի ու Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձևավորվել է միջխորհրդարան. հանձնաժողով, որը նախագահում են 2 պետությունների խորհրդարանների փոխնախագահները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով’ 2 երկրների վարչապետների գլխավորությամբ:
Գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:
Բարի դրացիական հարաբերություններ են հաստատվել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ, որը Վրաստանի հետ զգալիորեն նպաստել է Հայաստանի շրջափակման մեղմացմանը: 1992-ին ստորագրվել է երկու երկրների միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիր, որով կողմերը հավաստել են բարեկամական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: Հայ – իրանական հարաբերությունները պայմանավորված են երկկողմանի տնտեսական շահերով, կովկասյան տարածաշրջանում ԻԻՀ-ի խաղացած դերով, միջազգային ասպարեզում, հատկապես Մերձավոր Արևելքում, նրա ունեցած կշռով, իսլամական աշխարհում, մասնավորապես արաբական երկրներում, նրա ազդեցության հետագա ուժեղացումով: Արաքսի վրա կառուցված կամուրջը աշխույժ տնտեսական. գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռնել: 2008թ-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Արաքս գետի ՀԷԿ-ի կառուցման բնագավառում համագործակցության և տեխնիկական հարցերի կարգավորման մասին փոխըմբռնման հուշագիրը, որի հիման վրա Արաքսի վրա սկսել է համատեղ կառուցվել Մեղրիի հէկ-ը:
1998-ի հոկտեմբերին համաձայնագիր է ստորագրվել երկու պետությունների տրանսպորտային համակարգերի համագործակցության զարգացման վերաբերյալ, որով հատկապես կարևորվել է Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհների կառուցումը: Ընդ որում, դրանցով Իրանը հնարավորություն է ստացել ընդլայնել իր ապրանքաշրջանառությունը դեպի ՌԴ, Սև ծով, Եվրոպա: 2004-ին Իրանի և Հայաստանի միջև ստորագրվել է գազատարի կառուցման, իսկ 2012-ին՝ նավթամթերատարի պայմանագրերը: 2006-ին ստորագրվել է քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագիրը, 2007-ին՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոընկերության միջև լրատվամիջոցների համագործակցության գործնական ծրագիրը:
ԻԻՀ-ի հետ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև տեղի հայկական համայնքը:
Այլ են հարաբերությունները մյուս հարևանի’ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հետ: Թեև վերջինս 1991-ի դեկտեմբերի. 1-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն, առաջ քաշելով Արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների լուծման իր տարբերակը, մինչև այժմ հրաժարվում է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Ավելին, օգնում է Ադրբեջանին’ Հայաստանը շրջափակելու և ուժի դիրքերից Արցախյան հիմնահարցը լուծելու համար: Անկարան նախապայմաններ է ներկայացրել հայկական իշխանություններին’ չհիշատակել Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, ճնշում գործադրել ԼՂՀ-ի վրա’ ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը: Պահանջել է, որ Հայաստանը զերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից և ամեն կերպ չեզոքացնի սփյուռքահայության հակաթուրական գործունեությունը: Հայաստանի ղեկավարությունը մերժել է մի զազգային պրակտիկային անհարիր այս նախապայմաններն ու պահանջները:
1993-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայմաններից հիմնականներն են ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձնելն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից հարաբերությունների կարգավորման բազում փորձերն ավարտվել են անհաջողությամբ’ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: 2008-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել է հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երկու պետությունների ԱԳ նախարարները 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կտրուկ փոխել է իր դիրքորոշումը և հրաժարվել առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորել ու ձեռքբերված համաձայնությունից և արձանագրությունների վավերացումը պայմանավորել է ԼՂՀհիմնահարցիկարգավորմամբ: 2010 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ։ Հայտարարվեց, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: 2010-ի ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ՀՀ նախագահը արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին հրամանագիր է ստորագրել:
2018-ի մարտի 1-ին Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու հարցով հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը: Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Չնայած ուղղակի քաղաքական հարաբերությունների գրեթե բացակայությանը’ վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների ոլորտում աշխուժացում է նկատվում:
Խիստ բարդ են հարաբերությունները հարևան Ադրբեջանի հետ՝ պայմանավորված ցայսօր չհանգուցալուծված Արցախյան հիմնախնդրով: 1991-ին, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի բնակչության ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանական ագրեսիան ուղեկցվեց էթնիկ զտումներով՝ երկու կողմերից բերելով հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների։ Ռազմական գործողություններն ընթացան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին: 1994-ին ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հանձնարարականով և Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց եռակողմ (Ադրբեջան, Արցախ, Հայաստան) զինադադար։
ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկի’ Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը խարսխված է հետևյալ սկզբունքների վրա.
ա. կարգավորման հիմք պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,
բ. ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ պետք է ունենա անխափան ցամաքային կապ’ հայկական կողմի իրավազորության տակ,
գ. ԼՂՀ-ի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի միջազգայնորեն:
Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որով նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշում՝ Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքների հիման վրա։
Ադրբեջանը մերժում և կոպտորեն խախտում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, պետական մակարդակով իրականացնում է այլատյացության և հակահայկական քարոզչություն, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած բանաձևերի դրույթները՝ սպառազինությունների մրցավազք և շփման գծում պարբերական սադրանքներ կազմակերպելով, հրաժարվում է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը ԼՂ տարածքներից՝ դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը։
Ավելին, 2016-ի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվեց Քառօրյա պատերազմը: Ապրիլի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: Հայաստանը սպառնաց, որ ռազմական գործողությունների շարունակության դեպքում պատրաստ է ճանաճել Արցախի Հանրապետության անկախությունը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ռազմական աջակցություն ցուցաբերել արցախահայությանը: Ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը Մոսկվայում պայմանավորվել են նոր հրադադարի մասին:
Ապրիլյան պատերազմից հետո Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունները շարունակվեցին:
Գործնական բնույթ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք պայմանավորված են տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրություններով և երկրի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ: Հարաբերությունները երկու երկրների միջև ուղղված են քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնմանը: 1990- 2000-ին ԱՍՆ-ը Հայաստանին հատկացրել է շուրջ 650 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, ակտիվորեն մասնակցում է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգվում է «Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» տարեկան 1 անգամ գումարվող նիստերում:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2006-2011-ին Հայաստանին հատկացվել է 235,65 միլիոն դոլար’ գյուղական, ճանապարհների վերականգնման, ոռոգման ենթակաոուցվածքներում ռազմավար. ներդրումների, ֆերմերներին ու ագրոբիզնեսին աջակցելու համար:
Ամրապնդվել են Հայաստանի կապերը Մերձավոր և Միջին Արևելքի երկրների’ Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի, Ալժիրի, Մարոկկոյի, Օմանի, Պարսից ծոցի արաբական, երկրների հետ: Արաբական աշխարհի հետ բարեկամ, կապերի ամրապնդումը նպաստել է նաև այդ երկրների հայ համայնքների գործունեության աշխուժացմանը: Հարաբերություններ են հաստատվել Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի հետ, որոնք վավերացվել են մի շարք առևտրատնտեսական. պայմանագրերով ու համաձայնագրերով:
(Ավելին տես ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում)