Հեքիաթները բանահյուսական ժանրում գերազանցապես արձակ, բանավոր պատմվածքներ են՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։
Իր հերթին առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար դրսևորվում է վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։
Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները, առակներն ու զվարճապատումները հայ բանահյուսության հնագույն և բազմաքանակ տեսակներից են․ որոշ սյուժեներ գրառվել են միջնադարում, իսկ հիմնականում՝ XIX դ․ երկրորդ կեսից։
Հեքիաթները բնույթով բաժանվում են երկու մեծ խմբի՝ հրաշապատում և իրապատում։ Կան նաև արկածային-նովելատիպ և շղթայաձև հեքիաթների ենթախմբեր։ Հրաշապատում հեքիաթները սերել են վաղնջական առասպելներից և մեծ մասի սյուժեները հեքիաթների փոխարկված հնագույն առասպելներ են։ Իրենց ֆանտաստիկ բովանդակությամբ, միջավայրով ու կերպարներով՝ դրանք սերտորեն կապված են Հայաստանի կոնկրետ աշխարհագրական միջավայրի, ժամանակաշրջանի սոցիալ- պատմական կյանքի երևույթների հետ։
Իրապատում հեքիաթները ձևավորվել են իրական պատմական հիմքի վրա, արտացոլում են ժամանակաշրջանի տնտեսական, սոցիալական, իրավական և կենցաղային կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։ Մեծ մասամբ հագեցած են աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ, գործող անձինք միմյանցից տարբերվում են աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աշխատանքը նրանց փոխհարաբերությունների հիմնական շարժիչ ուժն է։ Իրապատում հեքիաթներում ևս դրսևորվում են հրաշապատում մոտիվներ ու միջադեպեր, որոնք, սակայն, էապես չեն ազդում պատումի ընթացքի վրա և ենթակա են նրա ընդհանուր տրամաբանությանը։
Հայկական հեքիաթների մեծագույն մասը, ունենալով իր միջազգազգային զուգահեռներն ու տարբերակները, միաժամանակ հատկանշվում է տեղական ազգային երանգով ու յուրահատկություններով։
Առակներ
Առակները՝ կենդանիների, մասամբ նաև բույսերի մասին իրապատում զրույցներ են, գրառվել ու գրական մշակման են ենթարկվել միջնադարում, հատկապես XII դ․ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու կողմից։ Դրանցում ուղղակի կամ խրատական այլաբանության ձևով արտացոլվել է միջնադարյան Հայաստանի սոցիալ – կենցաղային կյանքի, բարքերի պատկերը՝ իր տարբեր կողմերով ու հարաբերություններով։
Անեկդոտ-զվարճապատումներ
Սոցիալ-կենցաղային բովանդակությամբ զրույցներին են հարում անեկդոտներն ու երգիծական զանազան զվարճապատումները։ Դրանք, հաճախ ծագելով իրական դիպվածներից, բանավոր ավանդության սկզբունքներով մշակվում են ու ընդհանրացվում կամ, լինելով ավանդական սյուժեներ, նորոգվում են ու փոխակերպվում, հարմարեցվում կյանքի նոր պայմաններին և ձեռք բերում գեղարվեստական ընդհանրացման նոր արժեք։ Այդպիսի զրույցները հաճախ խմբվում են կոնկրետ պատմական անձնավորությունների, միջազգային, ազգային կամ տեղական սրամիտ զվարճախոսների, որոշակի տեղավայրերի կամ ազգագրական շրջանների անունների շուրջը՝ առաջ բերելով անեկդոտների, զվարճապատումների տեղական անվանական շարքեր։
Հայ բանավոր ավանդության մեջ հայտնի են Մոլլա Նասրեդդինի (հարևան մահմեդական ժողովուրդներից փոխառված), Պոլոզ Մուկուչի, Պըլը Պուղու, Վարդանիկի, ինչպես նաև գյումրեցիների, ապարանցիների, արցախցիների, լոռեցիների, քյավառցիների, վանեցիների և այլոց անեկդոտային շարքերը՝ տեղական բարբառով ու արտահայտչամիջոցներով։