Հայկական և ֆրանսիական արշավախմբերը 2008 թվականից ի վեր Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում շնորհիվ Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցության:
Հնագիտական արշավախումբը ղեկավարում են մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը և Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը:
«Այս պեղումները ոչ միայն Հայաստանի պատմության և հնագիտության, այլև ամբողջ Հին Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրման համար են կարևոր: Պեղումներն ապացուցում են, որ այն, ինչ գիտենք Էրեբունու մասին, պետք է վերարժևորել»,-ասաց Բադալյանը:
Նա ընդգծեց, որ այս տարի բացահայտել են նոր տաճարի հիմքեր, որը մասամբ բացվել էր 2016 թվականին: «Տաճարի առկայությունն ապացուցում է, որ ինչ-որ փուլում, Էրեբունու կրոնական տարածքն ունեցել է երեք տաճար, որոնք գործել են միաժամանակ` Խալդի տաճարը, Իյուբսաի տաճարը և նոր բացահայտված ու հզոր հիմքերով տաճարը: Հետաքրքիր էր նաև Իյուբսաի տաճարի դիմաց գտնված ֆանտաստիկ գեղեցիկ խճաքարերով հատակը: Այն կարող է ուշագրավ լինել ոչ միայն հայաստանցիների, այլև զբոսաշրջիկների համար»,- շեշտեց Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրենը:
Ստեֆան Դեշամի խոսքով` հնավայրում պեղումներ են իրականացվում 1950-60-ական թվականներից: «Որոշ բաներ մասամբ վերականգնվել են 60-ականների վերջին, սակայն մենք որոշեցինք նոր հետազոտություններ անել` գտնելով, որ ամրոցը դեռ նոր բացահայտումների տեղ ունի։ Պեղումները ցույց տվեցին, որ Էրեբունու շնորհիվ կարող ենք վերաիմաստավորել ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ժամանակագրական մի քանի փոփոխություններ»,-շեշտեց նա ու հավելեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հնավայրն ուսումնասիրվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով:
2019 -2022 թթ. հետազոտությունների նոր ծրագիրը նախատեսում է շարունակել պեղումները գլխավոր կառույցի մոտ և դրա շրջակայքում: Արդեն իսկ պեղվել են նոր տաճարի հիմքերը, որի հետ միասին տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր դարձնում այն որակել «պաշտամունքային համալիր»:
Հետազոտություններին զուգահեռ, ծրագիրը դիմում է մշակութային ժառանգության ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաների օգնությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, Aird’Eco Drone մասնագիտացված ընկերությունը սեպտեմբերի 12-ին և 13-ին իրականացրեց LIDAR (Light detection and ranging) տեղանքի գծահանում հնավայրում և հարակից տարածքում:
Դրոնով իրականացվող այս տեխնիկան հնարավորություն է տալիս ստանալ տարածքի բացարձակ ճշգրիտ տեղագրական գծահանումը:
Այնուհետև գծահանման ավելի քան 150 միլիոն կետերը մշակվում են՝ թույլ տալով ստանալ տարածքի 3D թվային մոդելը: Լազերային հետազոտության աշխատանքները կշարունակվեն 2020 թվականին: Այս գործիքները, Էրեբունի թանգարանի համագործակցությամբ, հետագայում հնարավորություն կտան այցելուներին ներկայացնելու հնավայրի 3D մոդելավորումը նրա պատմության տարբեր փուլերում և վերանայելու այս հիանալի մշակութային ժառանգության արժևորումը, որը նշանավորում է Երևան քաղաքի ակունքները: