Ազգային էպոս ՝ էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։
Էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ էթնոսի ծագման և զարգացման պատմությունը կամ պատմության մի մասը կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Հին հայկական վեպեր
Հայ վիպական ավանդությունը հատկանշվում է ժողովրդական չորս վեպերի /էպոս/ առկայությամբ, որոնցից հնագույնը «Վիպասանքն» է: Այն առասպելաբանական վեպ է՝ բաղկացած տարբեր վիպական երգերից ու պատումներից, հյուսված Մեծն Տիգրանի, Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Սաթենիկի, Արտավազդի անունների և արարքների շուրջը։ Բաղկացած է երկու վիպական հիմնական միավորից՝ Տիգրանի և Արտաշեսի վեպերից, որոնց կապակցող հիմքը առասպելաբանական է։ Հին առասպելականը կամ փոխակերպվել է պատմականի, կամ էլ նույնությամբ պահպանվել ու հարակցվել պատմական դեմքերին ու դեպքերին (Երվանդի և Երվազի գերբնական ծնունդը, մանուկ Արտավազդի հափշտակումը վիշապազունների կողմից, Արտավազդի փակվելը Ավագ Մասիսում)։
«Պարսից պատերազմ» հերոսավեպն է՝ հորինված մ․թ․ Ill—IV դդ․ Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմական իրադարձությունների հիմքի վրա։ Հիմնական բովանդակությունը Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև մղված դարավոր կռիվներն են, ինչպես նաև հայ Արշակունի արքայատոհմի և նախարարական տների միջև ծագած հակասություններն ու դրամատիկ իրադարձությունները։ Վեպում հանդես եկող հայ և պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները իրական պատմական նախատիպերի վրա ձևավորված, վիպական, գեղարվեստական կերպարներ են, վիպասանների ու գուսանների կողմից ենթարկված գաղափարականացման, հերոսացման (Վասակ, Մուշեղ, Մանվել Մամիկոնյաններ) ։
«Տարոնի պատերազմ» վեպը որոշ խմբագրումներով ու վերամշակումով պահպանվել է Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի պատմագրական երկերում։ Բաղկացած է ժողովրդական բազմաթիվ զրույցներից, ավանդություններից, մասամբ և վիպական երգերից, հյուսված է Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Դայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ կերպարներում և նրանց արարքներում տեսանելի են V դ․ պատմական նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոնյանները, պարսիկների դեմ նրանց մղած ապստամբական կռիվների արձագանքները։ Վիպական բաղադրությամբ և հիմնական բովանդակությամբ առնչվում է «Պարսից պատերազմին»։
«Սասնա ծռեր» ազգային էպոս
«Սասնա ծռեր» հերոսավեպը /էպոս/ դարերի ըթնացքում պահպանվել է բանավոր ավանդությամբ և գրառվել XIX դ․ վերջին քառորդից տարբեր բանահավաքների կողմից՝ 160-ի հասնող տարբերակներով։ Բաղկացած է վիպական չորս հիմնական սերնդի մասին պատմող ճյուղերից, հերոսների ժառանգական հաջորդությամբ՝ պապից ծոռ (Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Դավիթ, Փոքր Մհեր)։ Սկսվում է այդ տոհմի ծագումից ու Սասնա տան հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ՝ անմահ ու անժառանգ Փոքր Մհերի ժայռում փակվելով։ Բաղկացած է վիպական տարբեր շարքերից, բայց և նույն թեմաներից ու համանման սյուժեներից, դրանց մեջ միավորված բազմաթիվ ու բազմազան մոտիվներից։
Առաջնային ու միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում՝ օտար և հայրենի երկրների հակադրությունն է։ Հաջորդ թեման՝ հերոսական ամուսնությունն է։ Այս թեմաների վիպականացման մեջ մեծ տեղ է գրավում մարտերի նկարագրությունը՝ միշտ յուրային հերոսի հաղթանակով ավարտվող։ Վերոհիշյալ թեմաներին են հարում հերոսների շինարարության և տոհմային զորեղ ժառանգ ունենալու ենթաթեմաները։
Հնագույնն ու ելակետայինը հրաշածնունդ երկվորյակներ Սանասարի ու Բաղդասարի առասպելն է՝ հարակցված ու մշակված մ․ թ․ ա․ VII դ-ից սերող Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիների փախուստի և Արարատյան երկիրը ապաստանելու պատմական ավանդության հետ։ Այն, տեղայնանալով, երկրորդ անգամ է պատմականացել՝ ենթարկվելով միջնադարյան Բաղդադի արաբական խալիֆայության, մասամբ և Մսրա (Եգիպտոսի) Էյուբյան մելիքների տիրապետության ժամանակների (VII — XIII դդ․) իրադարձությունների ազդեցությանը։
Մեծ Մհերի, Դավթի և Փոքր Մհերի վիպական ճյուղերի նախահիմքում ընկած են խեթախուռիական ակունքներից սերող հնդեվրոպական ամպրոպային աստծո և հին հայոց երկնային լույսի ու արեգակնային աստված Միհրի առասպելները՝ հարակցված առաջին ճյուղի երկվորյակ եղբայրների վաղնջական առասպելին, վաղ միջնադարի և հատկապես VIII — XIII դդ․ պատմական կոնկրետ անցուդարձերի՝ արաբական տարբեր բռնապետությունների դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունների (749 և 851թթ), ըմբոստ ելույթների ազդեցությամբ խիստ փոխակերպված։
Չափածո վիպասանություն
Վիպական բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններն են վիպական երգերը, որոնք հորինված են առասպելական, կրոնական և պատմական անձանց ու իրադարձությունների շուրջ։
Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա («Վահագնի երգը») ։ Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։ Դրանց մի մասը (ծննդյան ավետիսներ) ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողություններին։ Ամենատարածվածը պատմական վիպերգերն են․ հորինված են իրական դեպքերի և պատմական անձանց անունների շուրջը, ունեն հակիրճ սյուժե։ Մեզ ամբողջությամբ հասած ամենավաղ պատմական վիպերգը «Լևոնի երգն է»՝ (XIII դ):
Դասական պատմական վիպերգի նմուշ է «Մոկաց Միրզան»։ Համեմատաբար շատ են պահպանվել XIX— XX դդ․ ռուս-պարսկական և ռուս -թուրքական պատերազմների հայազգի հերոսների և հայ ազատագրական կռիվների հերոսների վերաբերյալ երգերը՝ պատմահերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Դուլաբեցի Արշակի երգը»)։ Այս հիմնական խմբերից բացի, կան նաև ընդհանուր բնույթի ծավալուն վիպերգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա-առասպելաբանական, պատմական ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ») ։