Հայկական լեռնաշխարհում հնագույն պետական կազմավորումների մասին հիշատակություններ են տալիս հարևան ժողովուրդների սկղբնակղբոյւրները, մասնավորապես շումերական, աքքադական և խեթական արձանագրությունները, ինչպես նաև Աստվածաշունչը:
Ըստ սկզբնաղբյուրների՝ լեռնաշխարհում պետականության ձևավորման գործընթացը սկսվել է դեռ մ.թ.ա III հազարամյակից և իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. I հազարամյակի սկզբներին:
Արատտա
Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը շումերական բնագրերում հիշատակվող Արատտան է (մ. թ. ա. XXVIII-XXVII դդ.), որը համարվում է Արարատի նախաձևը: Արատտան աստվածապետական (թեոկրատական) կարգերով երկիր էր, որի արքան միաժամանակ գերագույն քուրմն էր: Հովանավոր աստվածը Հայկն էր՝ իմաստնության և տիեզական ջրերի Հայ(ա) աստծու որդին:
Արատտացիները Շումերից ներմուծել են հացահատիկ և երկրագործ, այլ ապրանքներ, արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր, ինչպես նաև շինարարական հումք’ «լեռնային քարեր»: Ըստ շումերական աղբյուրների’ մեկ տարի պաշարելով Արատտայի համանուն պարսպապատ մայրաքաղաքը’ շումերները չեն կարողացել գրավել այն: Կարևոր է Արատտայում սեփական գրի գործածության փաստը, որն ապացուցվում է Հայաստանի
տարածքից հայտնաբերված մ. թ. ա. III հազարամյակի՝ տակավին չվերծանված մեհենագիր հուշարձաններով: Լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանին վերաբերող մշակութային շերտը հնագիտական գրականության մեջ կոչվում է Հայաստանի վաղբրոնզեդարյան մշակույթ:
Մ. թ. ա. III հազարամյակի պետական կազմավորումներից է Արման(ում)-ը, որի մասին վկայում են Միջագետքի Աքքւսդ պետության հիմնադիր Սարգոն Աքքադացին (մ. թ. ա. XXIV-XXIII դդ.) և նրա թոռը’ Նարամսինը (Նարամ-Սուեն, մ. թ. ա. Մոտ 2236-2200): Վերջինս հյուսիսում բախվել է Արմանում (Արմանի) երկրի թագավորին:
Փոքր Ասիայի արևելքում՝ Քանեշ քաղաքից հայտնաբերված սեպագիր արձանագրություններում հիշատակվում են մ. թ. ա. XX դ-ի հայկական շուրջ մեկ տասնյակ իշխանություններ’ Ծուփանա (Ծոփք), Խախ(ում), Թեգարամա (Թորգոմա տուն, Թոգարմա) ևն: Վերջինս հիշատակվում է նաև Աստվածաշնչում: Հին Բաբելոնի թագավորության տիրակալ Համմուրապիի (մ. թ. ա. 1792 -1750) անվան հետ կապված բնագրերում բազմիցս հիշատակվում են Հայկական լեռնաշխարհի պետականությունները, մասնավորապես Սուբուրտուն (Սուբուր – Արմանի), Կուտի(ում)ը ևն:
Հայասա
Խեթական սեպագրերում մ. թ. ա. XV -XIII դդ-ի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա թագավորությունը: Երկրանունը կազմված է «հայ» արմատից, որը հայ ժողովրդի ինքնանվանումն է, և խեթ. «ասա» վերջածանցից: Տարածվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռնաշղթայի և Վանա լճի միջև: Մ. թ. ա. XV դ-ի վերջին և XIV դ-ի սկզբին տարածաշրջանում զբաղեցրել է առաջնային դիրք:
Խեթական Թուդխալիաս III արքան (մ. թ. ա. մոտ 1400-1380) արշավել է Հայասա, որի թագավորը Կարանին էր: Թուդխալիաս III-ի հաջորդ Սուպիլուլիումաս 1-ը (մ. թ. ա. շուրջ 1380-1340), որը պատերազմներ էր մղում նաև Միտաննի թագավորության դեմ, պայմանագիր է կնքել (մ. թ. ա. 1380) Հայասայի Խուկանա (Հուկանա) արքայի հետ և իր քրոջը կնության տվել նրան: Համաձայն դաշնագրի, որը հնագույններից է միջազգային դիվանագիտության պատմության մեջ, Հայասայի թագավորը պարտավորվում էր խեթական թագավորին ռազմական օգնություն տրամադրել, վերադարձնել Խատտիից (խեթերի երկրանունը) փախած անձանց:
Խեթական Մուրսիլիս II թագավորի (մ. թ. ա. մոտ 1340-20) օրոք վերսկսվել են հայ – խեթական. պատերազմները: Խուկանային հաջորդած Անիա արքան (մ. թ. ա. XIV դ-ի 2- րդ կես) ասպատակել է խեթական Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը: Խեթերը պաշարել են Ուրա ամրոցը: Մինչ Մուրսիլիս ll-ն զբաղված էր Ասորեստանով, Հայասայի Անիա արքան գրավել է խեթական Իստիտինա ամրոցը և պաշարել Կաննուվարան: Պատերազմի միայն չորրորդ տարում Մուրսիլիս ll-ին հաջողվել է զսպել Հայասայի հարձակումները:
Մ. թ. ա. XIV դ-ի 2-րդ քառորդից մինչև XIII դ-ի 2-րդ քառորդը Խեթական տերության մեջ են մտել Հայասայի՝ ստորին Արածանիի և Վերին Եփրատի ավազանների գավառները: Խեթական Թուդխալիաս IV թագավորի (մ. թ. ա. XIII դ-ի 2- րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հայասային հաջողվել է Եփրատը կրկին դարձնել սահման, բայց խեթական Արնովանդա III թագավորը (մ. թ. ա. XIII դ-ի վերջին քառորդ) վերանվաճել է այդ գավառները:
Հայասայի պատմության ավարտի մասին (վերջին հիշատակումը’ XIII դարավերջին) կա երկու տեսակետ: Մեկի համաձայն’ պետությունն անկում է ապրել մ. թ. ա. XIII դ-ի վերջին, ըստ մյուսի’ այն շարունակել է իր գոյությունը, պարզապես այլևս չի հիշատակվել «Հայասա» խեթերեն անվամբ, որովհետև Խեթական տերությունը կործանվել էր XII դ-ի սկգբին:
Հայասան ունեցել է արքունիք, բանակ, արքունի դիվան, ինչպես նաև դիցարան: Ռազմադաշտ է դուրս բերել 700 մարտակառքից և 10-հզ-անոց հետևազորից կազմված բանակ: Հայասայի քաղաքային կենտրոններ են եղել Արխիտան (ներկայիս Քղիի մոտ), Ուրան (ըստ հայկ. աղբյուրների’ Ուռեն, ներկայիս Բայբուրդից արմ.), Արիպսան, Դուկկաման (ճորոխի ավազանում), Ինգալավա Թարխիգաման (հետագայում’ Թոր- դան), Հայասան ու Ազգին (այժմ’ Երզնկայի մոտ) ևն: Վերջիններիս անունով Հայասան արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի երկիր», «Ազգի քաղաքի երկիր» անվանումներով:
Նաիրի
Մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի և I հազարամյակի սկզբի պետական միավորումներից էին նաև Նաիրյան երկրները: «Նաիրի» երկրանունն առաջին անգամ հիշատակել է Ասորեստանի Սալմանասար I թագավորը [մ. թ. ա. 1274-1245 (այլ տվյալներով՝ մ. թ. ա. 1280-1261)]:
Ասուրական աղբյուրներում այդ անվանումը տրվել է հիմնականում Վանա լճի («Նաիրի երկրների ծով») ավազանի, Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքների ու նրանց ակունքների շրջաններում տարածված «երկրներին», որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր իշխանությունը և անվանումը [Տումե (Տմորիք), Կադմուխի (Կորդուք), Մուշկի (Մոկս), Ալձին (Աղձնիք), Իշուա (Ծոփք), Դայանի կամ Դայաենի (Տայք) ևն]: Այս «երկրները» դաշնային հիմունքներով միավորված իշխանություններ էին:
Սալմանասար l-ը պահել է հատուկ սահմանային պահակազոր’ տերության շրջանների վրա նաիրյան զորքերի հարձակումները կանխելու նպատակով: Նաիրյան Երկրների 40 առաջնորդներն ասորեստանյան արձանագրություններում անվանվում են «թագավորներ»: Ասորեստանի Թիգլաթպալասար I արքան (մ. թ. ա. 1116-1090) Նաիրին անվանում է «ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր», իսկ Աշուրնածիրպալ ll-ը (մ. թ. ա. 883-859) տեղեկացնում է Նաիրի երկրի դեմ իր 4 մեծ արշավանքների մասին: Հիշատակում է նաև «Նաիրի երկրում 250 քաղաք’ իրենց զորավոր պարիսպներով»: Նաիրին մեկ միասնական երկիր – պետություն է հիշատակվում նաև նրա հաջորդի’ Սալմանասար Ill-ի (մ. թ. ա. 859/858-824) արձանագրություններում:
Մ. թ. ա. IX դարում Վանի թագավորության միապետը կրել է նաև Նաիրի երկրի արքա տիտղոսը (ըստ ասուրական արձանագրության):
Սկզբնաղբյուրները Հայկական լեռնաշխարհում հիշատակում են նաև պետական այլ կազմավորումներ: