Արևելահայ գրական լեզուն (արևելահայերեն) աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկն է։ Առաջ է եկել «ում» ճյուղի բարբառների և, հատկապես, Արարատյան բարբառի հիման վրա՝ XVII դ․սկսած, հայ ժողովրդի պատմական կյանքի զարգացմանը զուգընթաց։ Արևելահայ գրական լեզուն աստիճանաբար ասպարեզից դուրս է մղել գրաբարը, ընդարձակել իր գործառնությունները և XIX դ․ կեսերին, հաստատուն դիրքեր նվաճելով գրականության մեջ, դարձել ազգային գրական լեզու։
Մինչև Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացվելը (1828), գրաբարի, իբրև գրավոր լեզվի, տիրապետության շրջանում արևելահայ գրական լեզուն ընթացել է տարերային զարգացման ճանապարհով։ Վաղ արևելահայ աշխարհաբարի գրավոր նմուշների (Զաքարիա Ագուլեցի, «Օրագրություն», 1648-83; «Արամեան լեզուին գանձ», 1711; Կ․Սարաֆյան, «Գիրք՝ որ կոչի բանալի գիտութեան», 1788 և այլն) լեզուն կրում է գրաբարի ու բարբառների որոշակի ազդեցությունը, հատկանշվում թե՛ մեկի, թե՛ մյուսի բազմազան տարրերով։
XVII – XVIII դդ․ արևելահայ աշխարհաբարը դեռևս գրական լեզվի աստիճանի չէր բարձրացել և գրականանալու, կատարելագործվելու միայն առաջին ընձյուղներն էր արձակել՝ գերազանցապես ներկայացնելով ժամանակի կենդանի-խոսակցական լեզուն՝ ավելի շատ բնական վիճակով։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ հայ հասարակական կյանքում տեղի ունեցան զգալի տեղաշարժեր, արևելահայ գրական լեզուն սկսեց հաղթահարել իր ճանապարհին եղած խոչընդոտները՝ փոխարինելով պաշտոնական գրական լեզվին՝ գրաբարին։
Արևելահայ աշխարհաբարի օգտին կրքոտ պայքար է ծավալել հայ մեծ լուսավորիչ-դեմոկրատ Խ․Աբովյանը (1809-48), որը, «արդյան ազգային գրականության» հիմքերը դնելով, հիմնարար դեր է կատարել նաև արևելահայ գրական լեզվի մշակման ու զարգացման գործում։ Խ․Աբովյանի սկսած պայքարը շարունակել են Ս․Նազարյանցը (1814-79) և Մ․Նալբանդյանը (1829-66), որոնք «Հյուսիսափայլ» ամսագրով (1858-64) և իրենց գործերով պաշտպանել են աշխարհաբարի դատը, ապահովել արևելահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը։
XIX դ․ 50-60-ական թթ․ ձևավորվել է արևելահայ գրական լեզուն, ընդարձակվել են նրա գործածության շրջանակները, գրականությունից բացի այն դարձել է նաև դպրոցի, մամուլի, թատրոնի լեզու։ Մ․Նալբանդյանն առաջադրեց լեզվի մշակման իր տեսությունը, գտնելով, որ «նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու, առանց գավառական բարբառների կամ օտար լեզուների ազդեցությանց ստրկանալու» (Երկ․ լիակտ․ժող․, հ․ 3, 1940, էջ 167)։
Լիակատար հաղթանակ տանելով գրաբարի դեմ՝ արևելահայ գրական լեզուն մտել է իր զարգացման բնականոն հունը, հետզհետե թոթափվել ինչպես գրաբարյան, այնպես էլ նեղ բարբառային անհարկի, ոչ ընդհանրական տարրերից ու ձևերից։ Արևելահայ գրական լեզվի զարգացումը առաջ են տարել արևելահայ մշակույթի ներկայացուցիչները և դրանց մեջ, հատկապես, գեղարվեստական խոսքի վարպետները (Րաֆֆի, Ղ․Աղայան, Մուրացան, Հ․Հովհաննիսյան, Հ․Թումանյան, Ա․Շիրվանզադե, Ա․Իսահակյան, Նար-Դոս, Վ․Տերյան և ուրիշներ), որոնցից յուրաքանչյուրը, յուրովի մշակելով նորաստեղծ գրական լեզուն, որոշակի դեր է կատարել նրա ժողովրդականացման ասպարեզում։ Գնալով կայունացել է արևելահայ գրական լեզվի քերականական համակարգը՝ մերժվել են գրաբարյան կամ գրաբարաբնույթ (ասվեցավ, տեսանել, մեք, յուրյանց, նոքա, առաջև, վերա և այլն) և բարբառային կամ բարբառաբնույթ (էս, չի տեսավ, իրանց, էստոնք, հասցրուց, միջումն և այլն) տարրերն ու ձևերը, դուրս մղվել թուրք-պարսկական նորագույն փոխառությունները, կազմվել բազմաթիվ նոր բառեր, նորաբանություններ և այլն։
Անհերքելի է, որ արևելահայ գրական լեզվի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել խորհրդային շրջանում։ Բավականաչափ ընդլայնվել են նրա գործառնությունները, ստեղծվել է գիտատեխնիկական ճոխ տերմինաբանություն, կատարվել են անհրաժեշտ փոխառություններ, բառապաշարը հարստացել է բաղադրյալ բառերով, բարդություններով, մանավանդ՝ հապավումներով։ Արձակագիրների ու բանաստեղծների (Դ․Դեմիրճյան, Ե․Չարենց, Ա․Բակունց, Ս․Զորյան, Ն․Զարյան, Պ․Սևակ, Հ․Շիրազ. Ս.Կապուտիկյան, Ս.Խանզադյան, Հ.Մաթևոսյան. Հ.Սահյան և այլն) գործունեությունը նպաստել է արևելահայ գրական լեզվի մշակմանն ու կատարելագործմանը։ Արևելահայ գրական լեզուն ունի քերականական (ձևաբանական ու շարահյուսական) ճոխ կառուցվածք, բառակազմական բազմազան միջոցներ, հարուստ բառապաշար։ Գործածում է 1940-ի որոշմամբ ընդունված ուղղագրությունը։
Ներկայումս արևելահայերենը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական լեզուն է: Արևելահայերեն են խոսում Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, միջինասիական և մերձբալթկան հանրապետությունների, Իրանի և Հնդկաստանի հայկական համայնքներում: Արևելահայերենով են խոսում նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Արգենտինայի և բազմաշատ այլ համանքներում` պայմանավորված Խորհդրային Միության անկումից հետո ժողովրդագրական տեղաշարժերով, Հայաստանից, Արցախից և հայաշատ այլ շրջաններից արտագաղթով: