Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 14-ին հատուկ արարողակարգով նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Մայր աթոռի Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ, որը եզրափակվեց Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությամբ։
Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվել է խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծել է այն։ Արարողությունը կատարվել է Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը։
Տաճարի հին խաչը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, և հետայսու իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Տոնի առիթով կատարվել է նաև Սուրբ Էջմիածնի մաղթանք: Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։
Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն է ուղղել ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվել է Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվել և տեղադրվել է տաճարի գմբեթին։
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր տարիների մասնակի վերանորոգվել է, սակայն ամբողջական հիմնանորոգում չի կատարվել։ 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները: Շինարարները Մայր Տաճարի գլխավոր գմբեթի խաչը հանել էին 2017 թվականի հուլիսին։