Երևանում Չինաստանի դեսպանատանը կայացավ “Արևելքի երկրների մշակույթի կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանի և Խորհրդի անդամ Գայանե Բաբայանի հանդիպումը ՉԺՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Տյան Չանչյունի հետ: Մտերմիկ զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվեցին շարունակել դեսպանատան և Հասարակական կազմակերպության միջև համագործակցությունը, որը սկսվել էր դեռ 2009 թվականի կեսերին, բայց ընդհատվել էր` Հայաստանում ՉԺՀ դեսպանի փոփոխության պատճառով:
Բ.Մովսիսյանը նշեց, որ Հայաստանի հասարակությունը միշտ հետաքրքրված է եղել Չինաստանի հնադարյան մշակույթով, իսկ հայ-չինական բարեկամական հարաբերությունները անցել են երկար պատմական ուղի: Նա տեղեկացրեց դեսպանին, որ Կազմակերպության անդամներից շատերը, և ոչ միայն նրանք ցանկանում են չինարեն լեզու ուսուցանել, ավելի մոտիկից ծանոթանալ այդ երկրի մշակույթի հետ: Բ.Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Չանչունին` դեռևս 2009 թվականի սեպտեմբերին դեսպանատան կողմից Կազմակերպությանը նվիրած Չինաստանի մշակույթի և պատմության վերաբերյալ գրքերի համար:
Գ.Բաբայանը ցանկություն հայտնեց, որ ՉԺՀ դեսպանությունն ավելի ընդլայնի համագործակցությունը Հայաստանի հասարակության հետ, նշելով, որ դեսպանատան կողմից նվիրված գրքերը կնպաստեն դրան:
ՉԺՀ դեսպանը, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց վերականգնել համագործակցությունը “Արևելքի երկրների մշակույթի կենտրոն” հասարակական կազմակերպության հետ, խոստացավ իր առաջկցությունը` Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային կապերի զարգացման շրջանակներում:
Նշենք, որ Հայաստանում ՉԺՀ դեսպան Տյան Չյանչունը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2010 թվականի մարտի 16-ին: