Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։
Արարողությանը մասնակցեցին նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։
Սրբադասումը Հայ-առաքելական եկեղեցին վերականգնում է 400 տարվա ընդմիջումից հետո։
Հայ Եկեղեցին Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի եւ հայրենիքի: Եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքականություն է ընդունում` առանց առանձնացնելու նրանց հոգեւոր սխրանքը, ովքեր մեկ ընդհանրական եւ հավաքական անունով մարտիրոսվեցին:
Արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից ավելի վաղ առանձնացվեցին եւ պատարագին բերվեցին 14 սրբություններ՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի, Ս. Հռիփսիմե կույսի, Ս. Անանիա առաքյալի, Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի, Ս. Սարգիս Զորավարի, Ս. Գեւորգ Զորավարի մասունքները, Զեյթունի Ավետարանը։
Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են՝ նահապետներ, մարգարեներ, առաքյալներ։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:
Հայ Եկեղեցու սրբեր են համարվում`
ա) հավատքի համար նահատակվածները,
բ) անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ,
գ) հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության եւ Աստծու խոսքի բացառիկ քարոզիչները,
դ) սրբակենցաղ անձինք:
Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաեւ համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի եւ հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) եւ այլք: Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել:
Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989 թվականին` Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Այս ընթացքում երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչեւ 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար:
Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թեւակոխեց միայն 2005 թ., իսկ 2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը եւ այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում
ա. հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը եւ շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ…ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի…), վկայաբանությունը եւ սրբապատկերի նախօրինակը,
բ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում,
գ. Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:
Այսպիսով` երկարատեւ ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը: