«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվելիք համերգը տեղի կունենա նոյեմբերի 21, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Bryggan» մենակատարների անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Bryggan» շվեդերենից թարգմանաբար նշանակում է «կամուրջ»: Մենակատարների անսամբլի կազմում հանդես են գալիս Ալեսանդրո դե Կարոլիսը և Մոնիկա Գարսիա Սալամերոն՝ բլոկֆլեյտա, Մարիանա Պարաս Պենան՝ բարոկկո ֆագոտ, Նիլս Պֆեֆերը՝ թեորբա և կլավեսին:
Երաժիշտները հանդիպել են Շվեյցարիայի Vadstena Academy-ում մի օպերային ներկայացման ընթացքում և նրանց հանդիպումը վերածվել է մշտական համագործակցության:
Երևանյան համերգի ընթացքում «Bryggan» մենակատարների անսամբլը կներկայացնի Գ. Ֆ. Տելեմանի, Ու. Ուիլյամսի, Հ.Պյորսելի, Ա.Ֆալկոնիերիի, Ռ.Վիզեի, Ֆ.Կուպերենի, Ա. Ֆալկոնիերիի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները:
Հայաստանը ավանդաբար համարվում է կամերային երաժշտության հարուստ ժառանգություն ու ներուժ ունեցող երկիր:
2011 թ.-ից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի դասական և ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսում նոր ստեղծագործությունների ստեղծումը:
ԿԵԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում:
ԿԵԱԿ-ի կազմում գործում են կամերային ժանրի հայաստանյան լավագույն ներկայացուցիչները՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Վահան Մարտիրոսյան Հայաստանի պետական կամերային երգչախումբ ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Ռոբերտ Մլքեյան Հայաստանի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ՝ գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան Երևանի կամերային երգչախումբ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Հարություն Թոփիկյան «Հովեր» պետական կամերային երգչախումբ ՝ գեղ. ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև համագործակցում է այլ խմբերի և կատարողների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր:
ԿԵԱԿ աջակցությամբ Կամերային երաժշտության տանը պարբերաբար կայանում են երգեհոնային երաժշտության անվճար համերգներ:
ostarmenia.com-ը հանդիսանում է ԿԵԱԿ-ի 2018-2019 համերգաշրջանի ինֆորմացիոն գործընկերը: