Բրազիլիայում «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում մարտի 3-ին տեղի ունեցած կառնավալին ելույթ է ունեցել «Կեցցե Հայաստան» ծրագրով:
Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից՝ դրախտ, հայ հերոսներ, քրիստոնեություն, Հայաստանի մշակույթ եւ հրապարակ:
Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրել է հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը:
Անդրե Մաշադոն խոստովանում է, որ մանկարկիտ ուսումնասիրելովհայկական մշակույթը, մասնավորապես՝ տարազի բոլոր առանձնահատկությունները, փորձել է հաղորդել դրանք առավելագույն ճշտությամբ: Նա նաև անդրադարձել է Հայերի ցեղասպանությանը՝ յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Անիվների վրա շարժվող տաղավարներով շոուին հայկական մշակույթը ներկայացվել է տարբեր կողմերից` Հայաստանում քրիստոնեության ընդունում, Կոմիտասի «Կռունկը», հայկական տառեր և այլն: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչում էր այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր «Կեցցե Հայաստան»:
Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոցներից «Globo» ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանում էին բեմականացումը` հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը:
Ըստ շոուի կազմակերպիչների՝ այն շնորհակալական ուղերձ էր հայերին ընդունած Բրազիլիային և խորհրդանշում է հայ-բրազիլական բարեկամությունը:
Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցել է կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն: