Արաբական խալիֆայության դեմ համաժողովրրդական ապստամբության հետևանքով Հայաստանը վերականգնում է իր պետականությունն ու անկախությունը՝ Բագրատունիների իշխանության ներքո: Թեև Բագրատուներիները չկարողացան վերականգնել Հայաստանի երբեմնի ամբողջականությունը, կրկին դարձնում են երկիրը տարածաշրջանային կարևորագույն դերակատարներից մեկը:
Հայաստանում և Այսրկովկասում իր ազդեցությունը պահպանելու մտահոգությամբ 862-ին Արաբական խալիֆությունը Աշոտ Բագրատունուն (885-890-ին’ Հայոց թագավոր Աշոտ Ա Մեծ) ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխան’ նրան վերապահելով նաև հարկերի գանձման իրավունքը: Աշոտ Բագրատունին վերակազմել է հայկ. բանակը, թվաքանակը հասցրել 40 հազարի, սպարապետությունը հանձնել է կրտսեր եղբորը’ Աբասին:
860-ական թթ-ին կարգավորել է կառավարման մարմինները, իր գերագահության ներքո համախմբել Հայաստանի (Արծրունիներ, Սյունիներ և ուր.) և Այսրկովկասի ազդեցիկ իշխան, տոհմերին, վարել ներքին ու արտաքին խելամիտ քաղաքականություն: 869-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը Աշոտին հռչակել է թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: 875- 876-ին Աշոտ Բագրատունին բացահայտել է իր և հայ մեծամեծ իշխանների դեմ խալիֆության նախապատրաստած դավադրությունը, զինաթափել է արաբ, զորքերին և արտաքսել երկրից: Բյուզանդիայի Վասիլ (Բարսեղ) I կայսրը (867-886) խալիֆության դեմ պայքարում փորձել է շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը: Սակայն վերջինս, բարեկամ. հարաբերություններ հաստատելով Վասիլ l-ի հետ, խոհեմաբար չեզոքություն է պահպանել հակամարտող կողմերի միջև: Մութավաքիլ խալիֆն իր հերթին հայ- բյուզ. մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով 884-ին նրան ճանաչել է «թագավոր Հայոց և Վրաց»: Հայոց արքայի գահը ճանաչել է նաև Վասիլ I կայսրը: Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը 885-ի օգոստ. 26- ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում (թագավորության առաջին մայրաքաղաքը) Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստացի անկախությունը, հիմնադրվել են Բագրատունյաց արքայատունն ու թագավորությունը:
Նորաստեղծ թագավորությունը տարածվել է Հայաստանի մեծագույն մասի վրա’ բացառությամբ Բյուզանդիային միացված արևմտյան «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆության ՋԵզիրե կուսակալությանը կցված հարավային որոշ գավառների: Հայ և արաբ պատմիչների հավաստմամբ’ Աշոտ Ա-ի օրոք Հայոց թագավորության սահմանները հարավում ընդգրկել են Կորճայք և Աղձնիք «աշխարհների» մեծ մասը, հարավ- արևելքում հասել մինչև Ատրպատական, արևելքում՝ մինչև Պարտավ, արևմուտքում՝ Ծոփք և Բարձր Հայք «աշխարհներ», հյուսիս – արևմուտքում՝ մինչև Եգերաց աշխարհ և Ալանաց դուռ: Աշոտ Ա-ի գերիշխանությանն են Ենթարկվել Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից Կողմանց (Արցախ, Ուտիք, Կամբեճան) թագավոր Համամ Արևելցին: Հայոց և Վրաց թագավորությունների հյուսիսային սահմաններն ամրապնդելու նպատակով Աշոտ Ա Մեծը 887- ին արշավել է մինչև Կովկասյան Մեծ լեռնաշղթա, հպատակեցրել տեղի անհնազանդ ցեղերին, իսկ Եգերաց թագավորին հարկադրել է ընդունել իր գերիշխանությունը: Այնուհետև կառուցապատել է Բագարանը, բարելավել երկրի պաշտպան. համակարգն ու հզորացրել բանակը և իր որդի Սմբատին թողել կայուն ու զարգացող թագավորություն:
Սմբատ Ա Բագրատունին (890-914) նոր թագավորանիստ Շիրակավան (Երազգավորս) քաղաքում իր կառուցած Սբ. Փրկիչ եկեղեցում Գևորգ Բ Գառնեցու ձեռամբ օծվել է Հայոց թագավոր: Նրա՝ Արաբական խալիֆության ձևական գերիշխանությունը թոթափելու և արաբա – բյուզանդական մրցակից տերությունների միջև իր չեզոքությունն ապահովելու ձգտումը հարուցել է Աբբասյանների դժգոհությունը, որոնք 890-900-ական թթ-ին քանիցս փորձել են Հայաստանում վերականգնել խալիֆության տիրապետությունը: Սակայն Սմբատ Ա-ն դիվանագիտ. քայլերով և ռազմական հաղթանակներով խափանել է խալիֆության միջամտություններն ու հարձակումները: Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն կարգել է Վրաստանի թագավոր, զսպել Եգերաց Կոստանդին թագավորի ոտնձգությունները Վրաստանի դեմ և ապահովել Բագրատունիների տերության հյուսիսային սահմանները: 893-ին բարեկամության և առևտրի նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: 908-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և դարձել առանձին թագավորություն, առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը:
909-ին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուֆին, որը դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սակայն հայ ժողովուրդը Սմբատ Ա-ի որդիների’ Աշոտ Բ Երկաթ թագավորի (914-929) և Աբաս սպարապետի գլխավորությամբ շարունակել է պայքարը զավթիչների դեմ: Հայոց արքան ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը և, ըստ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, գրավել է Տփղիսն ու ջախջախել արաբական կայազորը:
915-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբ, զորքերի նոր հարձակման և կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Բ-ն մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Այնուհետև շուրջ 8 տարի (914- 922) պայքարել է արտաքին թշնամիների և ներքին կենտրոնախույս ուժերի դեմ: 925-ի ամռանը Սևանի ճակատամարտում Աշոտ Բ-ն փոքրաթիվ ուժերով պարտության է մատնել Բեշիրի գլխավորած արաբ, զորքերին: Այնտեղից Դվին փախչող Բեշիրին Գեղաձորի Գեղի ամրոցի մոտ (Խոսրովի անտառում) նոր հարված է հասցրել Աշոտ Բ-ի զորավարներից Գևորգ իշխանը (ըստ Միքայել Չամչյանի’ Մարզպետունյաց տոհմից): Աշոտ Բ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Նրա արքայական լրիվ տիտղոսն էր’ Շահնշահ Հայոց, Վրաց և Աղվանից: Պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի վկայությամբ’ Աշոտ Բ-ն «Երկաթ» մականունն ստացել է պատերազմներում ցուցաբերած քաջության և տոկունության համար:
Անզավակ Աշոտ Բ Երկաթին հաջորդել է եղբայրը’ Կարսի կառավարիչ Աբաս Բագրատունին (929-953): Նա Կարսը հռչակել է մայրաքաղաք, այնտեղ կառուցել է Uբ. Առաքելոց եկեղեցին: Բարելավել է հարաբերություններն Արծրունիների հետ, կաթողիկոսական աթոռը Աղթամար կղզուց փոխադրել է Շիրակ գավառի Արգինա ավան: Աբաս Բագրատունու որդու’ Աշոտ Գ Ողորմածի (953-977) գահակալումը նշանավորվել է Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութ. վերելքով: Արքան կաւոարելագործել է երկրի վարչ. կառավարման համակարգը, ձևավորել հայկական ավատատիրական թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ: 953-ին որդուն’ Սմբատին (Սմբատ Բ) կարգել է գահակից: Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, կառուցապատել այն և 961-ին հռչակել մայրաքաղաք: 963-964-ին կառուցել է քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը: Հաջողությամբ հետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրի հարձակումները: 973-ին 80-հազարանոց բանակով Տարոնով դուրս է եկել դեպի Միջագեւոք արշավող բյուզ. զորքերի դեմ’ չեզոքացնելով Հայաստանին սպառնա- ցող վտանգը: Հովհաննես I Չմշկիկ կայսեր առաջարկով’ Հայաստանը և Բյուզանդիան հաշտություն են կնքել: Աշոտ Գ-ի կինը’ Խոսրովանույշ թագուհին, 966-ին կառուցել է Սանահինի, իսկ 976-ին’ Հաղպատի վանքերը, որոնք շուտով դարձել են գիտաուս. կենտրոններ: Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի՝ Աշոտ Գ-ին անվանել են Ողորմած’ նրա կատարած բարեգործությունների համար: Երկրի գլխավոր քաղաքներում նա բացել է դպրոցներ, հիվանդանոցներ ու անկելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, որը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար:
Աշոտ Գ-ին հաջորդել է որդին’ Սմբատ Բ Տիեզերակալը (977-989), որը հատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսության զարգացմանը: 989-ին կառուցել է Անիի 2-րդ պարիսպը’ Սմբատաշենը, որը, անցնելով Ծաղկոցաձորի, Իգաձորի եզերքով, միանում է Գայլաձորին, ապա անցնում Ախուրյան գետի կիրճի եզերքով: Նույն թվականին հիմնադրել է Անիի Կաթողիկե Սբ Աստվածածին եկեղեցին (Մայր տաճար) և կաթողիկոսարանն Արգինայից տեղափոխել Անի: Հակահարված է հասցրել Ատրպատականի ամիրությունների ոտնձգություններին, Աբխազաց թագավոր հռչակել Բագարատ Գ Բագրատունուն, ամրապնդել տերության սահմանները և կենտրոնական իշխանության հեղինակությունը:
Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի կրտսեր եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989-1020): Նա հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Ռազմական դաշինք է կնքել Տայքի Գավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: 998-ին Ատրպատականի ամիր Մամլանը Խորասանի ամիրի հետ արշավել է Հայաստան: Գագիկ Ա-ն դաշնակից բանակների օգնությամբ Ապահունիք գավառի Շումբ գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտության է մատնել թշնամուն: Զորավարներից հատկապես աչքի է ընկել սպարապետ Վահրամ Պահլավունին: 1000-ին՝ Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել’ «փոքրություն համարեց իր գնալը»: 1001-ին Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ. վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է «Անհողին» մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է վերադարձրել:
Գագիկ Ա-ի օրոք զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են Անի մայրաքաղաքը, Դվին և Կարս քաղաքները: Գագիկ Ա-ի կինը’ Կատրանիդե թագուհին, 1001- ին ավարտել է Անիի Մայր տաճարի շին-ը (ճարտարապետ՝ Տրդատ): Անին համալրվել է նոր կառույցներով: Քաղաքի պեղումների ժամանակ (1905-06) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը’ 2,26 մ բարձրությամբ: Պատմագիր Արիստակես Լաստիվերցին (1002-1080) Գագիկ Ա-ին բնութագրել է որպես հզոր և պատերազմներում հաղթող այր, որը խաղաղության մեջ պահեց Հայոց աշխարհը:
Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների’ Հովհաննես-Սմբատի ու Աշոտի միջև, կայսրության միջամտությամբ, գահակալական վեճ է սկսվել, որը լուծվել է Պահլավունի և Բագրատունի իշխանների ու Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի միջնորդությամբ: Հովհաննես – Սմբատն ավագության իրավունքով գահակալել է երկրի կենտրոնական, իսկ Աշոտ Դ-ն’ եզերական տիրույթներում: Հովհաննես-Սմբատի մահից հետո Աշոտին էին անցնելու նրա տիրույթները, և նա էր լինելու Անի-Շիրա կի թագավորը: Սակայն Հովհաննես – Սմբատը Բյուզանդիայի ճնշմամբ Անի – Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: 1022-ի հունվարին Տրապիզոնում բյուզանդամետ Պետրոս Ա Գետադարձը Վասիլ II կայսրին է հանձնել թագավորի «կտակը», ըստ որի’ Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին և երկիրն անցնելու էին Բյուզանդական կայսրությանը:
1040-ին’ Աշոտ Դ-ի, և 1041-ին Հովհաննես-Սմբատի մահից (թերևս բյուզանդական արքունիքի կազմակերպած դավով) հետո բյուզանդական մեծաքանակ զորքերը ներխուժել են Շիրակ և պաշարել Անին: Սակայն քաղաքի բնակչությունը և հայկական զորքերը սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ զավթիչներին դուրս են շպրտել երկրից և նրա նախաձեռնությամբ 1042-ին Հայոց թագավոր են հռչակել Աշոտ Դ-ի 18-ամյա որդուն’ Գագիկ Բ- ին, 1044-ին ևս 2 անգամ հաղթել Անին պաշարած բյուզանդական զորաբանակներին և պահպանել թագավորության անկախությունը: Սակայն Կոստանդին IX Մոնոմախ կայսրը, հաշտության պայմանագիր կնքելու կեղծ խոստումներով ու երդումներով, 1045-ին Գագիկ Բ-ին հրավիրել է Կոստանդնուպոլիս և բանտարկել, իսկ բյուզանդական զորքերը և Դվինի մահմեդական ամիրության ուժերը համառ կռիվներով զավթել են Անին և Բագրատունյաց թագավորության կենտրոնական տիրույթները:
Շուտով Գագիկ Բ-ն ազատվել է բանտարկությունից, ստացել տիրույթներ՝ Կապադովկիայի ու Լեռնային Կիլիկիայի սահմանագլխի Պիզու և Կալոն Պեղատ բերդերով, որտեղ իշխել է մինչև 1079-ը:
1045-ից հետո Հայաստանի մեծագույն մասն անցել է Բյուզանդական կայսրությանը: Իր կարճատև տիրապետության տարիներին կայսերական արքունիքը վարել է հայերի զանգվածային արտագաղթի, նրանց քաղաքական և ռազմական զորության թուլացման, տնտեսական ճնշման և քաղկեդոնականություն պարտադրելու քաղաքականություն:
Հայաստանում, Վասպուրականի թագավորությունից զատ, ստեղծվել են այլ թագավորություններ և իշխանություններ, որոնք ճանաչել են Շիրակի Բագրատունիների գերագահությունը:
Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը (908-1021) ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյան և Պարսպատունիք գավառների) և Մոկք նահանգները, առժամանակ’ նաև Այրարատ նահանգի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն, Աղձնիքի՝ Սասուն, և Կորճայքի՝ Ճահուկ ու Փոքր Աղբակ գավառները, Դվինը’ իր մերձակայքով: XI դ-ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրությունները: Թագավորանիստ քաղաքներն էին Վանը և Աղթամարը:
Վասպուրականի թագավորությունն առավել հզորության է հասել Գագիկ Արծրունու օրոք (908-943), որն իրեն հռչակել է Հայոց թագավոր և փորձել է (930-ական թթ.) ապահովել իր գերազանցությունը Աբաս Բագրատունի արքայի նկատմամբ: Սակայն հետագայում ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը: Հաճախադեպ պատերազմների և արտաքին սպառնալիքի պայմաններում պահել է մարտունակ բանակ:
Վասպուրականով է անցել միջազգային առևտրական տարանցիկ մայրուղու հվ. ճյուղավորումը, որտեղ առաջացել են վաճառաշահ քաղաքներ Վանը, Բերկրին, Արճեշը, Մանազկերտը ևն: Զարգացել են գիտությունն ու մշակույթը: Այստեղ են ստեղծագործել Խոսրով Անձևացին, Անանիա Նարեկացին, Գրիգոր Նարեկացին, Ատոմ Վարագնեցին, իր հայրենիքից տարագրված արաբ գիտնական Կոստան և ուր.: Բարձր զարգացման են հասել ճարտարապետությունը (Ոստան, Աղթամար, Վարագավանք ևն), քանդակագործությունն ու որմնանկարչությունը (Աղթամար), մանրանկարչությունը:
960-970-ական թթ-ին Բյուզանդական կայսրության դեպի արևելք առաջխաղացումը վտանգի տակ է դրել Վասպուրականի թագավորության անկախությունը: Իսկ 1016-ից, երբ սելջուկ թուրքերն ասպատակել են Վանի թագավորությունը, Սենեքերիմ – Հովհաննես (990-1021) թագավորն ստիպված ընդունել է Բյուզանդիայի առաջարկը’ իր տիրույթները հանձնել կայսրությանը և փոխարենը Սեբաստիայի կուսակալությունում ստանալ հողեր: 1021-ին Վանի թագավորության ազատանու զգալի մասը Սենեքերիմ – Հովհաննես թագավորի առաջնորդությամբ հեռացել է հայրենիքից, հաստատվել Սեբաստիայում և դրան հարող շրջաններում: Վանի թագավորության տարածքը (ավելի քան 4 հզ. գյուղ, 72 բերդ, 10 քաղաք, բազմաթիվ ավաններ), բացառությամբ վանքերի (115), ընդգրկվել է Վասպուրականի բյուզանդական կատապանության մեջ:
Վանանդի կամ Կարսի թագավորությունը (963-1065), հայ Բագրատունիների ճյուղերից մեկի գլխավորությամբ և Անիի Բագրատունիների գերագահությամբ) հիմնադրել է Մուշեղ Ա Բագրատունին՝ Կարս կենտրոնով: 1045-ից, երբ վերացել է Բագրատունիների կենտրոնական թագավորությունը, Գագիկ Աբասյան Կարսեցին դարձել է տոհմի ավագ’ ազգապետ և շահնշահ: Թագավորությունը տնտեսական և մշակութային վերելք է ապրել, զարգացել են քաղաքները (Կարս, Կաղզվան ևն): XI դ-ի 2-րդ կեսին, սելջուկ թուրքերի ասպատակությունների պայմաններում, Գագիկ Աբասյանը 1065-ին իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային’ փոխարենն ստանալով Ծամնդավ, Կեսարիա և Խավատանք քաղաք-ամրոցները:
Սյունիքի (Կապանի կամ Բաղաց) թագավորության (987-1170) կենտրոնն սկզբում Սյունի ավանն էր (այժմ’ Միսիան), ապա’ Կապան բերդաքաղաքը: Հիմնել է գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը’ ճանաչելով Անիի Բագրատունիների գերիշխանությունը: XI դ-ում’ Գրիգոր Ա Աշոտյանի օրոք (1044-84), սելջուկ թուրքերի զավթած սահմանային որոշ գավառներ վերադարձվել են Սենեքերիմ թագավորի կառավարման ժամանակ (1084-94): XII դ-ում վերսկսվել են սելջուկ թուրքերի ավերիչ արշավանքները, որոնք հայ-վրացական միացյալ ուժերով կանխելու փորձերը հաջողություն չեն ունեցել: Հասան Գեռաքարեցի թագավորի Արցախ հեռանալուց հետո Սյունիքի թագավորությունը վերացել է:
Կյուրիկյանների (Տաշիր-Ձորագետի կամ Լոռու) թագավորության (972-1113, ընդգրկել է Գուգարք նահանգի արևելյան գավառները) կենտրոնն սկզբում Սամշուլդե բերդավանն էր, 1065-ից’ Լոռե (Լոռի) ամրոցը (ավերակները Ստեփանավան ք-ի մոտ են): Հիմնադրել է Աշոտ Գ Ողորմածի կրտսեր որդի Գուրգենը (Կյուրիկե՝ տեղի բարբառով)՝ սկզբնավորելով Կյուրիկյան հարստությունը, որն առավելագույն հզորության է հասել Գավիթ Անհողինի օրոք (989-1048): Բագրատունիների կենտրոնական և
Կարսի (Վանանդ) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը’ միակը Բագրատունյաց իշխանություններից, սելջուկ սուլթանների գերիշխանությունը ճանաչելու (1064) գնով պահպանել է գոյությունը: XII դ-ի սկզբին սելջուկների զավթումների հետևանքով թագավորությունը պարփակվել է Տաշիր գավառում, որի կորստից հետո հիմնվել են Տավուշի և Մածնաբերդի փոքրիկ իշխանությունները:
Տարոնի Բագրատունիների իշխանությունը (826-967) հիմնադիր Հայոց իշխան Բագարատ Բագրատունու օրոք (826- 851) ներառել է Տարոնը, Սասունը, Խութը, Հաշայանքը, Խորձյանը, Մանանաղին, Արշամունիքի հարավային հատվածը, Բզնունիքը: Գրիգոր Բագրատունին կամ Գրիգորիկ Տարոնացին (898-936) առժամանակ խուսանավել է խալիֆության և Բյուզանդական կայսրության միջև, սակայն ի վերջո հարկադրված հնազանդվել է Բյուզանդիային’ փոխարենն ստանալով մագիստրոսի և Տարոնի ստրատեգոսի (զորավար) աստիճան: Նրա մահից հետո Տարոնի իշխանությունը իշխանությունը մասնատվել է: 967-ին Բյուզ. կայսրությունը գրավել է Տարոնը և վերածել բանակաթեմի: Կիսանկախ վիճակը պահպանել է միայն Սասունը:
Արցախի Առանշահիկ իշխանական տոհմի երկու ճյուղերը IX դ-ի վերջին Բագրատունյաց թագավորության ենթակայությամբ ստեղծել են Դիզակի թագավորությունը և Խաչենի իշխանությունը: X դ-ի սկզբին Աշոտ Բ Երկաթի աները’ Սահակ Սևադան, իր ժառանգական տիրույթին’ Փառնես գավառին, միացնելով Ուտիք նահանգի Գարդման և Ձորագետ գավառները, հիմնել է Փառիսոսի իշխանությունը: X դ-ի կեսին Սահակ Սևադայի որդի Հովհաննես – Սենեքերիմև իրեն հռչակել է թագավոր: Փառիսոսի թագավորությունը (Փառիսոս կենտրոնով) պահպանվել է մինչև 1044-ը, որից հետո անցել է Խաչենի իշխանությանը:
Տայքի կյուրապաղատությունը (Տայք – Կղարջքի իշխանապետություն) X դ-ում հիմնադրել են VIII դ-ի վերջին քառորդում Տայք նահանգում և Գուգարք նահանգի Կղարջք գավառում հաստատված Բագրատունիները, որոնք Բյուզանդիայի գերակայության պայմաններում ընդունել են քաղկեդոնականություն: Նրանց շնորհվել է կայսեր, բարձր տիտղոսներ (կյուրապաղատ և մագիստրոս): Համագործակցելով Բագրատունիների մյուս ճյուղերի հետ’ Տայք – Կղարջքի Բագրատունի ները շրջակա ամիրությունների տիրապետությունից ազատագրել են հայկական որոշ հողեր: Տայքի կյուրապաղատությունը զորեղացել և ընդարձակվել է Դավիթ Կյուրապաղատ Բագրատունու օրոք (966-1000): Իշխանապետության հզորացումից անհանգստանալով’ բյուզանդական արքունիքը դավադրաբար սպանել է տվել նրան և նվաճել երկրամասը: