.…Հնչում է սքանչելի երաժշտությունը: Իսկ բեմում հայ մանուկներն են: Նրանք կրողն են հրով մկրտված նաիրյան ոգու, որը ժառանգել են մեր պապերից: Մեր իմաստուն նախնիները, որ հազարամյակներ շարունակ ապրել են տիեզերքն ուսումնասիրելով և Հայոց լեռնաշխարհի բնությանը ներդաշնակ, իրենց գիտելիքները սերունդներին փոխանցել են նաև պարի միջոցով: Ծնունդ է առել հայկական պարը՝ բացառիկ երևույթ համաշխարհային հոգևոր մշակույթի գանձարանում: Պարը ազգային ավանդույթները սերունդներին փոխանցելու մի մեծ արժեհամակարգ է, որը եղել է հոգևոր ամուր վահան ՝ դարերի հոլովույթներում Հայ ինքնությունը պահպանելու համար: Հետո աշխարհը հայկական պարի միջոցով պետք է բացահայտեր մեր հզոր քաղաքակրթության ակունքները ՝ շնորհիվ պարարվեստի այնպիսի մեծ գիտակների ու գործիչների, ինչպիսիք են Սրբուհի Լիսիցյանը, Վահրամ Արիստակեսյանը, Ազատ Ղարիբյանը, Սուրեն Չանչուրյանը, Վանուշ Խանամիրյանը, Նորայր Մեհրաբյանը և բազում նվիրյալներ:
Հայկական պարն իր ազգապահպան մեծ դերը կատարեց նաև այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության հետևանքով մեր ազգի զավակները հանգրվանեցին օտար ափերում…Հայ Գրին և Լեզվին զուգահեռ՝ հայկական պարը սերունդներին կառչած պահեց իրենց ազգային ինքնությանն ու արմատներին: Այսպես է լինելու նաև ապագայում, քանի որ գլոբալիզացիայի մարտահրավերներով լի մեր դարում վտանգված է դարավոր մշակութային ավանդույթներ ունեցող ժողովուրդների ինքնությունը: Սա քաջ գիտակցում են Սփյուռքի շատ հայ արվեստագետներ:
Տարիներ առաջ հեռավոր Հունաստանում հայ ամուսինները՝ Կարեն Հակոբյանն ու Շուշանիկ Սեմերջյանը ստեղծեցին «Ավետիս» պարային խումբը՝ իրենց շուրջ համախմբելով բազում հայ մանուկների: Նրանք իրենց կարճատև գործունեության ընթացքում ապացուցել են, որ ուր էլ լինի Հայը, նա Գեղեցիկի ու Բարու սերմեր է ցանելու աշխարհով մեկ…Թշնամին չկարողացավ տարանջատել մեզ, մեր մեջ ոչնչացնել վեհ արժեքները: Եվ այսօր հայ արվեստագետը՝ իր թիկունքին զգալով մեր պատմամշակութային ժառանգությունը և աշխարհի առաջ հպարտ կանգնած , ասում է.
-Ինչպես Հայրը, Որդին եւ Սուրբ հոգին կազմում են Սուրբ Երրորդություն, այնպես էլ ինձ համար Հայաստան,Արցախ եւ Սփյուռք կազմում են մեկ Հայրենիք, մեկ ժողովուրդ, մեկ ամբողջություն, -սա Կարեն Հակոբյանի և Շուշանիկ Սեմերջյանի հավատամքն է, որը նրանք փոխանցում են իրենց սաներին:
«Ավետիս» պարախմբի գեղ. ղեկավար, պարուսույց-մանկավարժ՝ Շուշանիկ Ավետիսի Սեմերջյանը Ostarmenia.com կայքի լրագրողի հետ ունեցած զրույցում պատմել է խմբի անցած ճանապարհի, Սփյուռքում հայապահպանության խնդիրների և ապագա ծրագրերի մասին :
-Հարգելի՛ Շուշանիկ, ինչպես գիտենք, Սփյուռքում հայ երեխաներին մեր մշակույթին հաղորդակից դարձնելն այսօր մեծ դժվարություն է իրենից ներկայացնում: Եվ Դուք Ձեզ նվիրել եք հայապահպանությանը: Կպատմե՞ք , թե ինչպես ստեղծվեց «Ավետիս» պարային խումբը:
-Իմ խորին համոզմաբ հայապահպանությունը նախ եւ առաջ սկսվում է ընտանիքից, ուր հաղորդակցության լեզուն բացառապես հայերենն է: Բոլորս գիտենք, որ լեզվի անկումը բերում է ձուլման, իսկ հայ ժողովուրդը դրա իրավունքը բարոյապես չունի՝ անկախ գտնվելու վայրից:
Ստեղծելով «ԱՎԵՏԻՍ» պարախումբը, այո՛, ես ինձ իրավունք եմ վերապահել մասնակիցը դառնալ մեր հայ մանուկներին Հայ կրթելու՝ հայապահպանության գործին:Սա ինձ համար աշխատանք եւ կենսակերպ է, կենսական պահանջ՝ որոնել, փնտրել, իմանալ ավելին ու փոխանցել մատաղ սերնդին:Կարեւորում եմ նաեւ փոխանցման միջոցը. առաջին հայացքից թվում է, թե դա մի սովորական միջոց է՝ շարժում, երաժշտություն, ռիթմ եւ այլն: Սակայն, հավատացե՛ք, դա մի ամբողջական գործընթացների շղթայական համակարգ է, ուր փոխանցվող նյութը նախ եւ առաջ մատուցվում է մեր ոսկեղենիկ մայրենիով, ներկայացվում նյութի արմատական կապը մեր ավանդույթների, ծեսերի ու սովորույթների հետ (ազգագրություն,պատմություն եւ այլն), ապա նոր միայն կատարվում է անցում դեպի գործնական-կատարողական բաժին՝ պարի ուսուցում: Հետեւաբար ,այստեղ պարարվեստը դառնում է հոգեւոր մշակույթ:
«ԱՎԵՏԻՍ» անվանումն արդեն իսկ խոսում է Բարի Լուրի եւ Ավետումի մասին (ի դեպ, նաեւ հայրանունս է):Եւ ուրեմն հենց այս նպատակով էլ ստեղծեցինք պարախումբը՝ Սփյուռքի հայ մանուկներին մղելու հոգեւոր, բարոյական ու ֆիզիկական դաստիարակության՝ մշակույթի միջոցով:Չմոռանանք, որ պարն ինքը համարվում է շարժական լեզու:
–Այս տարի լրացավ խմբի 5-ամյա տարեդարձը: Ի՞նչ հաջողությունների են հասել այս ընթացքում Ձեր սաները:
-Այո, մայիսին «Ավետիս» պարախումբը բոլորեց իր 5 -ամյակը, ինչի առթիվ մեր տնօրեն Կարեն Հակոբյանը ՝ամուսինս, կազմակերպել էր հոբելյանական երեկո, որը ձոնված էր Հայաստանին՝ մայիսյան մեր փառապանծ հերոսամարտերին:
Ինչ վերաբերում է պարախմբի ձեռքբերումներին, անկեղծորեն պետք է ասեմ, որ հատուկ հաջողությունների ու նվաճումների չենք ձգտել:Ինքս տեսակով համեստ մարդ եմ եւ փառքի ու բարձունքների ջատագով չեմ եղել երբեք:Սակայն, փաստն այն է, որ Բարձրյալն իր օրհնությունը տվել է մեր գործին, եւ հինգ տարում հասցրել ենք Աթենքում ու հարակից քաղաքներում քիչ թե շատ ճանաչում ձեռք բերել, սիրվել ու գնահատվել հանդիսատեսի կողմից: Անցնող հինգ տարիների ընթացքում մասնակցել ենք բազմաթիվ միջազգային փառատոնների, հունական մշակութային միությունների ու քաղաքապետարանների կողմից կազմակերպված ամենատարբեր միջոցառում-համերգների: Բնականաբար, միշտ շտկվել ենք մեր սխալների վրա ու առաջ շարժվել:Փառատոնների շրջանակներում բազմիցս ներկայացրել ենք հայոց ավանդույթը. օրինակ, կինն ու ավանդույթը, պարն ու մանուկը (Կոմիտաս), հայ գեղջուկ պարը (Կոմիտաս), Սրբուհի Լիսիցյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը եւ այլն: Վերջինս ներկայացվել է նաեւ UNESCO -ի միջազգային խորհրդի գիտաժողովի ժամանակ, ինչպես նաեւ հայոց մուտքը Հունաստան: Անմասն չենք մնացել հայ համայնքի միջոցառումներից: Միշտ պատրաստակամ ենք նախ եւ առաջ մեր համայնքի համար:
Շատ հուզական էր <<Ավետիսի>> ելույթը Հայկական ծերանոցում: Որքա՜ն հուզմունք, թախիծ… Չէի կարծում, որ 1915- ից դար անց հայկական ծերանոց կամ որբանոց կունենայինք Սփյուռքում, ավա՜ղ…. չեմ ուզում հիշել:
–«Ավետիս» պարային խումբն առաջնորդվում է «Քո սիրուց ենք ծնվել Հայրենիք» կարգախոսով: Որպես ղեկավարներ և մանկավարժներ՝ ինչպե՞ս եք կարողանում այս երեխաների սրտում վառ պահել սերն առ Հայրենիք, որոնցից շատերը նույնիսկ չեն էլ եղել Հայաստանում:
-Իրոք, Հայրենիքի սիրուց է ծնվել «Ավետիսը»: Հասկանում եք չէ՞, ինչ պարտավորեցնող ու պատասխանատու արտահայտություն է: Որպես պարուսույց-մանկավարժ, ես այդ սերն իմ սաների մեջ սերմանում եմ նախ եւ առաջ իմ սիրով, իմ տեսակով, իմ նվիրումով, խոր համբերությամբ, հայեցի մոտեցմամբ. լավ մանկավարժի համար նույնիսկ ժեստերն ու միմիկաները պետք է հայեցի լինեն, էլ չեմ ասում՝ հայացքն ու տեսակետը: Ուրեմն, նրանց համար առաջին օրինակը հանդիսանում եմ ես, իմ անձը… հետեւաբար ,ինքս միշտ զգոն եմ, փնտրում եմ ավելի վեհը, խորը, իմաաստունը…Երեւի նաեւ սա էր պատճառը, որ մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից արժանացանք «Մայրենիի պաշտպան» կոչմանը: Ոգեւորող էր անշուշտ, բայց չմոռանանք՝ լավագույն կոչումը ՄԱՐԴ լինելն է:
–«Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»,-այս խոսքերը պատկանում են Կոմիտաս Վարդապետին: Ինչպե՞ս եք գնահատում մեր ազգային պարերի վիճակը Սփյուռքում: Կա՞ն այն բոլոր հնարավորությունները, որ հայ երեխաները կարողանան հաղորդակցվել իրենց ազգային արմատներին:
-Կոմիտաս Վարդապետի այս խոսքերն ունեն շարունակություն. «քանզի մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումները մատնում են ներքինը… »:Սփյուռքում մեր ներքի՛նն է խնդիր առաջացնում, երբեմն նաև՝ պառակտում ու տարանջատում… սա խոցելի թեմա է:
Բնականաբար, Սփյուռքում տեխնիկական հնարավորությունները առավել նվազ են (սրահ, հանդերձարան, հայելի եւ այլն), սակայն պետք է միշտ ունեցածից գոհ լինել:
Հաշվի առնելով, որ սփյուռքյան խմբերը շատ ժամանակ մասնագետի պակաս ունեն, բնականաբար, վիճակը չի կարելի որոշակի սանդղակով չափել:Հաճախ համացանցն է ուսուցման միջոց դառնում, քանի որ չունեն ներքին պաշար, տեսական ու գործնական փորձ, էլ ուր մնաց բեմադրություն: Չէի ցանկանա քննադատել…
-Շուշանի՛կ, գիտենք, որ Ազգային պարարվեստը ներկայացնող խմբերի համար կարևոր խնդիր է նաև տարազների ճիշտ ընտրությունը: Ինչպե՞ս եք կարողանում լուծել հագուստների խնդիրը:
-Այո, հատկապես Սփյուռքի նորաստեղծ պարախմբերը, ինչպես եւ մենք ունենք տարազի խնդիր: Դա առավել զգալի էր հատկապես առաջին երկու տարում, քանի որ մենք չենք հետապնդել բիզնես ու շահադիտական նկատառումներ:Երբեմն ամուսինս ինքն է հոգացել, երբեմն՝ սաներիս ծնողները: Հիմա արդեն ունենք Հայաստանում պատվիրված ազգային տարազներ ՝մասնագետների օգնությամբ:
Հուսանք ՝ ժամանակի ընթացքում այս հարցը լուծում կստանա:
-Սփյուռքում սերդին հայ պահելու համար կարևոր է նաև, թե ի՞նչ են մատուցում հայրենի հեռուստաալիքները: Ի՞նչ կասեք հայկական հեռուստատեսությունների աշխատանքի մասին: Ի՞նչ է ուզում տեսնել Սփյուռքը ՝ միացնելով որևէ հայկական ալիք:
-Հեռուստատեսությու՜ն….լռե՞մ, թե՞ պատասխանեմ: Ինքս զավակ ունեմ, մայր եմ: Այնքան սակավաթիվ են նորմալ հաղորդումներն ու տեսաշարերը,երաժշտությունն ու ֆիլմերը, որ հայկական TV ասելուց անմիջապես պատկերացնում ենք հնդկական սերիալ, արեւելյան ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, տասնյակ ծամածռված դեմքեր (իբրեւ թե հումոր են մատուցում), որ չգիտես ՝լա՞ս, թե՞ խնդաս:
Երեկոյան ժամերին առավելապես անհրաժեշտ է ցուցադրել ինտելեկտուլ խաղեր, թեկուզ ժամանցային, ուսուցողական մուլտեր: Կարող են ներկայացնել նաև կարճամերտաժ հումոր՝ իհարկե չափավոր ու տանելի, սափրված դեմքով ու հարդարված մազերով: Պետք է վերանայեն առավոտյան թողարկումները. հաղորդավարների մի մասը չունի խոսքի կուլտուրա (արտաքինը բավարար չի), բառապաշար ու հարցաշար: Այս գործում, եթե հաշվի նստեն ավագ սերնդի հետ, կատարյալ արդյունք կունենանք: Մեր երկիրն այս առումով մասնագետի պակաս չունի, քանզի շատ շնորհալի երիտասարդներ կան, հղկել է պետք:
-Հայկական ժողովրդական պարերի անվանի պարուսույց, բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանն ասել է. «Ազգային պարարվեստը պիտի լինի այն ակունքը, որից պիտի սնվի ամեն մի հայ մանուկ ՝ արժանապատիվ մարդ ու հայրենասեր լինելու համար»: Այսօր ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի Սփյուռքի բոլոր համայնքներում, որ ամեն հայ մանուկ կարողանա սնվել այդ ազգային ակունքից և կարողանա պահպանել իր ազգային դիմագիծը:
-Գիտեք, կա դասական Սփյուռք, որ շատ ծրագրեր է կազմակերպում, հարուստ անցյալ ունի, մեծ դերակատար է եւ հարուրամյա առաքելություն ունի (դպրոց, պարտեզ, մշակութային տներ, եկեղեցի եւ այլն): Սակայն ազգային դիմագիծը պահելու եւ ակունքներին կպած մնալու համար միասնականություն է պետք ոչ խոսքով, այլ՝ գործով, ոչ միայն տվյալ ծրագրի կամ տոնի շրջանակներում, այլ՝ երիցս, մի՛շտ, հավիտեան: Հայը հայ է ՝ անկախ ծննդավայրից ու ապրելավայրից:
Ընդհարնապես մենք ունենք հրաշալի պարախմբեր, անսամբլներ, մասնագետներ, որոնք խոնարհումի են արժանի, բայց ուզում եմ մեջբերել Սեւակի խոսքը՝ ես չեմ ընդունում, երբ հայուհին բեմում կրծքով պատ է քանդում…հասկանալի է՝ միտքը փոխաբերական իմաստով է արտահայտված, սակայն, իրոք կան խմբեր, որտեղ հասուն տարիքի աղջիկները մի էնպես են հայ-հույ գոռում, թափ առնում, գլուխները կախ հետ ու առաջ անում, որ ակամայից մտածում ես՝ սա հայ կնոջ կերպար չէ….քա՜վ լիցի, հիշեք,Կոմիտասն ասել է՝ մենք մեղկ, մոլի, կատաղի շարժումներ չունենք: Եկեք չշփոթենք ռազմական,արիական ու հերոսական ոգին կատաղության հետ:
–Ազգային ո՞ր պարերն են ներառված Ձեր ծրագրում: Եվ հատկապես որո՞նք են սիրում խմբի երեխաները:
-Մեզ մոտ ներառված են ազգագրական, ժողովրդական, բեմադրական պարեր, ըստ տարիքային խմբերի: Սաներիս կողմից զանազանում չեմ նկատել, բայց ինքս միշտ սկսում եմ ազգագրականից՝ ոգին էստեղից է փոխանցվում:
-Կխոսե՞ք Ձեր առաջիկա ծրագրերի մասին:
-Ազգային պարարվեստը հանդիսատեսի առաջ բացում է մարդկային զգացմունքների խորհրդավոր ու առեղծվածային աշխարհը: Եվ մեր ծրագրերն ամբողջությամբ նվիրված են մեր Հայրենիքին՝ միասնության կոչով՝ ինչպես Հայրը, Որդին եւ Սուրբ հոգին կազմում են Սուրբ Երրորդություն, այնպես էլ ինձ համար Հայաստան,Արցախ եւ Սփյուռք կազմում են մեկ Հայրենիք, մեկ ժողովուրդ, մեկ ամբողջություն:
-Որպես հայ արվեստագետ՝ ի՞նչ կմաղթեք նոր սերնդին՝ անկախ նրանից Հայաստանու՞մ են ապրում, թե՞ Սփյուռքում:
-Արվեստագե՜տ….շնորհակալ եմ գնահատանքի համար.
Առաջին հերթին եղե՛ք լավ մասնագետներ, կրթվեք միշտ և անդադար, հարցրեք, սովորեք, փնտրեք, կարդացեք, ամոթ բան չէ. հիշե՛ք՝ լավ պարուսույց-մանկավարժը տիրապետում է հոգեբանական ու մանկավարժական հիմունքներին, խոսքի կուլտուրային: Դուք դաստիրակ եք, ուրեմն պարտավոր եք լինել արդարացի, բաց ու անձնատուր ձեր աշխատանքի մեջ: Եւ հատկապես Սփյուռքում, որ ամենակարեւորն է՝ միշտ եղեք ազատ, անկախ: Հիշե՛ք՝ Մշակույթը քաղաքականություն չէ. ձեր կախվածությունը որեւէ միությունից կամ կուսակցությունից բազմաթիվ երեխաների «կորստի» կմատնի: Հավասար բոլորի համար, բոլորի հանդեպ անաչառ ու ազնիվ: Չկա հայաստանցի, սիրիահայ, հունահայ, կանադահայ կամ այլն , կա Սփյուռքում ապրող ՀԱՅ ժողովուրդ:
Սիրում եմ քեզ, իմ ժողովուրդ: Շնորհակալություն հայ մշակույթը պահպանող ու տարածող մեր բոլոր գործընկերներին, այդ թվում նաև Ostarmenia.com- ի անձնակազմին:
Հայ մշակույթի խոնարհ ծառա՝
Ավետիս պարախմբի գեղ. ղեկավար, պարուսույց-մանկավարժ՝ Շուշանիկ Ավետիսի Սեմերջյան
–Հարգելի՛ Շուշանիկ, մենք էլ մեր հերթին մաղթում ենք, որ «Ավետիս» պարային խումբը, որը հայկական մշակույթի փոքրիկ կանթեղ է, հետագայում բոլորիս ավետի իր մեծ նվաճումների մասին…Շնորհակալություն…
Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը