Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1100 մետր է: Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը:
Հանրապետության մակերևույթը կտրտված բազմաթիվ լեռնաշղթաներով Հյուսիսային կողմում է ձգվում Մռավի լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնայինգագաթներն են Գոմշասարը (3724մ) և Մռովը (3343մ),հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։
Ղարաբաղյան լեռնաշղթան բաղկացած է հետևյալ լեռնագագաթներից` Ասկերանի շրջանում գտնվող «Քառասուն աղջիկներ» (2828մ), Մեծ Քիրս (2725մ) և Դիզափայտ (2480մ): Մեծ Քիրսը գտնվում է Շուշիի և Հադրութի շրջանների միացման տեղում, իսկ Դիզափայտը` Հադրութի շրջանում: Ղարաբաղյան բարձրավանդակի արևելյան հատվածն ու արևմուտքից թեքությամբ իջնում դեպի արևելք` ձուլվելով Քուռ-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին:
ԼՂՀ տարածքը գտնվում է Վիրահայոց – Ղարաբաղի տեկտոնական զոնայի հարավ արևելյան մասում։ Առավի ու Ղարաբաղի լեռնաշղթաները համապատասխանում են համանուն կամարածալքերին և կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթուքներով։ Ռելիեֆի ձևաբանական կառուցվածքի կարևոր գործոններ են ժամանակակից տեկտոնական շարժումները։ Կենտրոնական ու արևելյան մասերում գտնվող Ստեփանակերտի, Խաչենի, Հաթերքի և այլ միջլեռնային տեկտոնաէրոզային գոգավորություններ հարաբերական իջեցման տեղամասեր են և ունեն գոգածալքային կառուցվածքներ։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ ստվածքներով։
Գտնվելով Եվրասիական և Աֆրիկաարաբական ցամաքային սալերի միջև՝ Արցախի տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։ Տարածքի հյուսիսային մասը 7-բալլանոց ակտիվ երկրաշարժամետ գոտում է, հարավային մասը՝ 8։
Մակերևույթի այսպիսի թեքության պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը արևմտյան և հարավ – արևմտյան լեռներից հոսում են դեպի արևելք ու հարավ-արևելք, Արցախյան դաշտավայրը: Լեռնային այդ արագահոս գետերը հարյուրավոր դարերի ընթացքում Արցախի մակերևույթը վեր են ածել անդնդախոր ձորերի ու գեղատեսիլ հովիտների: Դրանցից հատկապես նշանավոր են Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Ինջա, Խաչեն, Կավարտ, Թարթառ գետերի հովիտները: Սրանցից ամենաընդարձակը Թարթառ գետի հովիտն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանում:
Արցախի Հանրապետություն ՀԱՅԱՍՏԱՆ