Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս – արևելքում։ Սահմանակից է Ադրբեջանին արևելքում, Հայաստանի Հանրապետությանը՝ արևմուտում և Իրանին՝ հարավում: Հիմնականում ունի լեռնային մակերևույթ, և ծովի մակարդակից ընդհանուր բարձրությունը 1100 մետր է: Ռելիեֆով են պայմանավորված կլիմայական պայմանները, ինչպես նաև՝ ջրային ցանցը:
Հանրապետությւան մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։ Արցախի ամենաբարձր լեռն է Գոմշասարը (3724մ): Համեմատաբար ցածրադիր են ԱՀ հարավային և արևելյան մասերը:
Աևցախի գրեթե բոլոր գետերը, բացի Արաքսից, հոսում են արևմտյան և հարավ – արևմտյան լեռներից դեպի Արցախի հովիտ` լեռնային երկրի ռելիեֆը փոխակերպելով խորը կիրճերի և գեղատեսիլ վայրերի:
Հանրապետության տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում:
Կլիմա
Արցախի կլիման մեղմ է և բարեխառն. մոտ է չոր մերձարևադարձային կլիմային: Տարեկան միջին ջերմաստիճանը +10.5 ◦C աստիճան է: Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսը, այդ ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։ Դաշտային Ղարաբաղի տարածքը առանձնանում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40◦C , իսկ բարձրադիր վայրերում` +32 ◦C -ից մինչև +37 ◦C:
Ցուրտ ժամանակահատվածում` հունվար և փետրվար ամիսներին միջին ջերմաստիճանն Արցախում տատանվում է -0.2 մինչև -0.9 ◦C սահմաններում: Հանրապետության տարածքում ցուրտ և տաք եղանակները երկարաժամկետ չեն: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը չի իջնում 0-2 ◦C -ից ցածր, նախալեռնային շրջաններում այն իջնում է մինչև -10 ◦C, իսկ լեռնային վայրերում` -10-20 ◦C:
Լեռնահովտային քամիները գերիշխող են տարածքում: Մթնոլորտային տեղումների քանակը ըստ գոտիների տարեկան միջին հաշվով տատանվում է 480-700 մմ սահմաններում՝ ` բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։
Անձրևների մեծ մասը բաժին է ընկնում մայիս – հունիս և սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին: Հորդառատ անձրևներն ու կարկուտները նույնպես այս ժամանակահատվածներում սովորական երևույթ են: Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100- 125 օրը մառախլապատ է։
Բնական պաշարներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կան մետաղական և ոչ-մետաղական մի շարք հանքատեսակներ, սակայն, երկրաբանական-հետազոտական առումով երկրի տարածքը համեմատաբար քիչ է հետազոտված: Հնագույն ժամանակներից ի վեր Ղարաբաղում հայտնաբերված են եղել քարածխի հանքեր, նաև բազմաթիվ մետաղներ, մասնավորապես` ցինկ, կապար, պղինձ, ոսկի, ծծմբային կոլչեդան և երկաթ: Մարտակերտի (Մեհմանա, Դրմբոն, Գյուլաթաղ, Կուսապատ, Վանք, Մաղավուզ), Մարտունիի (Ձարդանաշեն), Հադրութի (Ցոր), Շուշիի (ճաղատսար) շրջաններում, (Խաչեն և Թարթառ գետերի միջակայքում) ինչպես նաև Մռավ լեռան լանջին կան բազմամետաղների, հատկապես ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, վոլֆրամի հանքավայրեր ու երևակումներ։ 2002 թվականից սկսած Դրմբոնի հանքում (Մարտակերտի շրջան) արդյունահանում են ոսկի:
Արցախը հարուստ է նաև ոչ մետաղներով: Մասնավորապես, շատ են մարմարի ու բազմերանգ մարմարեցված կրաքարի հանքավայրերը: Հանրապետության տարածքում կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաև բարձր որակի ցեմենտ, գրաֆիտ, վիմագրական քար, գիպս, ավազ և կավ արտադրելու հումք:
Քարածխի երևակումներ հայտնաբերվել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Նարեշտար և Քոլատակ գյուղերի մերձակայքում։ Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների շրջակայքում և Ասկերանի (Քարագլուխ, (սրամորթ), Մարտունիի (Նորաշեն, ճարտար) շրջաններում կան մարմարի և բազմերանգ մարմարացված կրաքարի հանքավայրեր:
ԼՂՀ –ն հարուստ է հանքային ջրերի աղբյուներով (Թյուջուր, Շրլան, Հաթերք, Քոլատակ և այլն): Դրանցից մի քանիսը հայտնի են հին ժամանակներից: Հանքային ջրերի աղբյուները, որոնք գտնվում են Շուշիից 16 – 18կմ հեռավորության վրա, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի մոտ, ունեն հատուկ գործնական նշանակություն: Դրանք հարուստ են երկաթով և բարձր են գնահատվում իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ:
Ջրային պաշարներ
Գետային ցանցը խիտ է. հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է: Սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ պաշարն է երկրում: Խոշոր գետերն են Թարթառը, Խաչենը, Կարկառը, որոնք պատկանում են Կուր գետի ավազանին, նաև Հագարին, Վարանդան, Իշխանագետը և մի քանի փոքր գետեր (Արաքսի ավազան): Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել են Սարսանգի ջրամբարը (ամենամեծը՝ Ղարաբաղում) և ջրաէլեկտրակայանը:
Լճերն Արցախում փոքր են և սակավաթիվ: Խոշորագույն լճերն են` Մեծ Ալ, ֆոքր Ալ, Սև Լիճ:
Արցախի Հանրապետություն. Ռելիեֆ
Արցախի Հանրապետություն. Ջրային պաշարներ
Արցախի Հանրապետություն ՀԱՅԱՍՏԱՆ