Ավանդույթի համաձայն մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, տեղի ունեցավ «Արտավազդ 2019» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցանակները շնորհվում եմ նախորդ մեկ տարվա ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
Այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրվեց թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին և անցկացվեց Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
«Շամիրխանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որի հիմնադիրն է նա, և որը ես պատիվ եմ ունեցել քսան տարի ղեկավարել, հայ թատրոնին տարիներ շարունակ անվանի դերասաններ է նվիրել` թատրոնում առաջին քայլեր անելու հնարավորություն ընձեռելով: Պատահական չէ, որ այդ հրաշալի թատրոններից մեկը` Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ստեղծվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական բազայի հիման վրա»,-շնորհավորելով ներկաներին մրցանակաբաշխության կապակցությամբ՝ ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի լրանում է նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի /ՊՀԹ/ 90-ամյակն և այդ առիթով ականավոր բեմադրիչ, Հայաստանի թատերական ընկերության երկարամյա ղեկավար, ՊՀԹ-ի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի անունով կկոչվի հենց այդ թատրոնը:
ՀԹԳՄ նախագահության ու վարչության կողմից որոշված Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակին արժանացավ Հակոբ Ղազանչյանը ,,Թակարդ Ստալինի համար,, բեմադրության համար: Մրցանակը հանձնեցին Շամիրխանյանի թոռն ու ծոռը և շնորհակալություն հայտնեցին նման վերաբերմունքի ու գնահատանքի համար:
Թատերարվեստում մատուցած ծառայության համար ՀԹԳՄ ,,Արտավազդ,, պատվոգրերի և Ոսկե մեդալի արժանացան՝ Սոնա Մելոյանը, Կարապետ Շահբազյանը, Կարինե Ջանջուղազյանը: Իսկ դիպլոմներին՝Արսեն Ղազարյանը, Ակսաննա Բաբաջանյանը և Րաֆֆի Գալստյանը: Հաջորդ «Արտավազդ» մրցանակները հանձնվեցին «Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» Յուրի Ոսկանյանին, Ռազմիկ Խոսրոևին, Վլադիմիր Հովհաննիսյանին,Սերգեյ Մաղալյանին և Ռուբեն Հարությունյանին:
Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի համարվեց Տաթև Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:
Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը հանձնվեց Սենիկ Բարսեղյանին «Սև արկղ» և Վիգեն Թադևոսյանին «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:
Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ, լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդը» տրվեցՎիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» բեմադրության համար, լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» և Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում փայլուն դերակատարումների համար, լավագույն մանկական ներկայացում համարվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:
Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացումը:
«Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների և թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին: