Հայաստանը՝ հին ժամանակներից լինելով քաղաքակրթության բնօրրաններից մեկը, եղել է եվրոպական ու արևելյան քաղաքակրթությունների շփման, փոխհադորդակցության և փոխազդեցության կենտրոնում:
Հայ ժողովուրդը, շփվելով տարբեր քաղաքակրթությունների հետ՝ պահպանել ու զարգացրել է իր ինքնատիպ մշակույթը, ազգային նկարագիրն ու գոյակերպը: Դրա շնորհիվ հայությունը հազարամյակների միջով հասել է մարդկության պատմության արդի փուլին:
Հայոց պատմությունը հայ էթնոսի հինգհազարամյա պատմությունն է: Նրա բովանդակային առանցքը կազմել է նաև հայկական պետականության պատմությունը, որը սերտորեն կապվում է նույն քաղաքակրթական խնդիրների հետ:
Երկրագործական մշակույթի զարգացումը, տոհմացեղային կարգերի անկումը, ռազմական ավագանու դիրքերի ամրապնդումը, քաղաքային կյանքի ձևավորման իրողությունը մ.թ.ա. III հազարամյակում հանգեցնում են Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումների ձևավորմանը: Մ.թ.ա I հազարամյակի սկզբին հանդես է գալիս համահայկական առաջին պետությունը՝ Արարատյան թագավորությունը (Ուրարտու): Հայաստանում ստեղծվում է Հին աշխարհի՝ պետական մակարդակի հասցված քաղաքակրթական հզոր մի հենք, որի վրա հետագայում առաջանում են հին հայկական մյուս թագավորությունները՝ Հայկազուն Երվանդյան, Արտաշեսյան և Արշակունյաց:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը դիմակայել է արտաքին վտանգների ոչ միայն ռազմական ուժով, այլև հոգևոր մշակութային արժեքներով։ Նա աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը պետական կրոն (301 թ.), իսկ 405 թ. ստեղծել սեփական այբուբենը։
Մեծ Հայքի Արշակունյաց հարստության անկումից (428 թ.) հետո պետականության կրողն է մնում հայոց նախարարական համակարգը:
Հայ ժողովուրդը մի բանի դար շարունակ աննկուն պայքար մղեց օտար զավթիչների դեմ: Արդյունքում 885 թ. վերականգնվեց հայկական պետության՝ ի դեմս Բագրատունյաց թագավորության: Սակայն Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների, ինչը նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։
ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Կիլիկիայում (1080-1375թթ):
XI դարից բուն Հայաստանը շարունակաբար ենթարկվեց տարբեր վաչկատուն ցեղերի (սելջուկներ, մոնղոլներ, թուրքմեններ) ներխուժումների և ավերածությունների: Հայ ժողովրդի համար առավել ճակատագրականն էր XVI-XVII դարերում Օսմանյան և Սեֆիդյան կայրությունների միջև կռվախնձոր դառնալը:
Հայ ժողովուրդը XVII դ. կեսերին պատմության նոր դարաշրջան է թևակոխում օտար տիրապետության դեմ ազատագրական պայքարի վերելքով, որի գլուխ կանգնած էր Հայ առաքելական եկեղեցին։ Օտար տիրապետության դեմ պայքարի կենտրոններ են դառնում հայկական պետականության բազմաթիվ հատկանիշներ կրող Սյունիքի ու Արցախի ֆեոդալները: 1720-1740 ական թթ նրանց հաջողվում է կարճ ժամանակով վերականգնել հայոց պետականությունը։
XIX դ. սկզբին Անդրկովկասում իր ծավալապաշտական քաղաքականությունն է սկսում իրագործել Ռուսաստանը: Հայ ժողովուրդը պարսկական և թուրքական տիրապետությունից իր ազատագրության հույսերը կապելով նրա հետ, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում ռուսական զորքերին: Սակայն Արևելյան Հայաստանը գրավելուց հետո ցարական արքունիքը մոռացության է տալիս Հայաստանի ազատագրության ծրագրերը:
Արևելահայությունը ռուսական տիրապետության պայմաններում ստանամ է կյանքի ապահովության որոշ երաշխիքներ։ Միաժամանակ արևմտահայությունն օսմանյան գերիշխանության տակ շարունակում է ենթարկվել ազգային, կրոնական ու սոցիալական ծանր հալածանքների: XIX դ. վերջին քառորդին հայ հասարակական եւ քաղաքական կյանքի գխավոր առանցքն է կազմում 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով ամրագրված հայկական բարեփոխումների խնդիրը. որը միջազգային դիվանագիտության մեջ ստանում է «Հայկական հարց» անվանումը: Հայ հասարակությունը՝ Հայկական հարցն ընկալելով որպես արևմտահայության ազատագրության խնդիր, հետզհետե իր ողջ ներուժը ուղղում է դրա իրագործմանը: Ծավալվում է հայդուկային ազատագրական շարժումը: Հայկական հարցի միջազգայնացումն իր բարերար ազդեցությունն է թողնում XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ մշակույթին։
Սակայն օսմանյան իշխանությունները նախընտրում են Հայկական հարցի լուծման ուրույն տարբերակ՝ ցեղասպանությունը: Հայերին բնաջնջելու համաթուրքական ծրագիրը շարունակաբար սուլթան Համիդ II-ից անցնում է 1908 թ. իշխանության եկած երիտթուրքերին: Վերջիններս էլ Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացնում են հայերի ֆիզիկական բնաջնջման ու հայության հայրենազրկման հրեշավոր քաղաքականությանը:
Այսրկովկասում հայության համար ստեղծված ոագմաքադաքական անբարենպաստ պայմաններում 1918 թ. թուրքական զորքերը ներխուժում են Արևելյան Հայաստան: Հայ ժողովրդի մղած Հայրենական պատերազմի շնորհիվ մայիսի վերջին թշնամին ջախջախվում է և հետ շպրտվում: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի և այլ շրջանների հերոսամարտերի շնորհիվ ոչ միայն ձախողվում է հայության բնաջնջման քաղաքականությունն ավարտին հասցնելու թուրքական ծրագիրը, այլև կռիվների մեջ վերածնվում է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
1920-ի դեկտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի խորհրդայնացումը: Իր գոյության առաջին տարիներին, հատկապես մինչև 1922 թ. Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելը, ՀՍԽՀ-ն պահպանում է իր հարաբերական ինքնիշխանությունը, ազգային պետության որոշ հատկանիշներ: 1936 թ. Անդրդաշնության լուծարումից հետո Հայաստանը դառնում է միութենական հանրապետություն:
Հայ ժողովուրդն իր գործուն մասնակցությունն է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939-1945թթ): Ավելի քան կես միլիոն հայեր տարբեր ռազմաճակատներում մարտնչում են ֆաշիզմի դեմ։
1991-ի սեպտեմբերի 23-ին անկախության հռչակումից հետո հաստատվել է կառավարման նախագահական ձևը: 2018-ին Հայաստանի Հանրապետությունը կրկին անցել է կառավարման խորհրդարանական ձևին:
Ադրբեջանում հայակյացության քաղաքականության պայմաններում 1988 թվականին Արցախում սկսվում է ազգային ազատագրական պայքարը։ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկրորդ հայկական պետությունը, որը չի ճանաչվել համաշխարհային հանրության կողմից, ընտրել է նախագահական կառավարման ձևը։
✅Հայոց թահավորներ եւ իշխանաց իշխաններ
✅Երևանի համառոտ պատմություն
✅ Արցախը հնագույն ժամանակներից մինչև 1918 թվականը